«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանք չունեն ոստիկանական գործառույթների մանդատ․Կռիլովը մեկնաբանել է՝ ինչու ՌԴ խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը

21/03/2023

Ադրբեջանը 100 օր է՝ փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը։

 Միջազգային հանրության կոչերը, դատապարտող հայտարարությունները, ընդունած բանաձևերը և Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, որևէ արդյունք չեն տվել, ընդհակառակը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել և սրել իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմանի երկայնքով։

Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի Պրիմակովի անվան գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլով հետ։ Քաղաքագետի հետ զրուցել ենք  հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների գործունեության, Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։

Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ, թեև միջազգային հանրությունը բարոյապես դատապարտում է Լաչինի միջանցքը փակումը, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներ կարող են օգտագործվել այն բացելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնելու մանդատ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ, ինչից տուժում է խաղաղ բնակչությունը։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ ներկա փուլում արտաքին խաղացողները կարող են իրենց պայմանները թելադրել հակամարտող կողմերին, մասնավորապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք հանդես են գալիս միասնական ճակատով։ Դրա հետևանքով կայուն լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի և այն մերթընդմերթ կարող է սրվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմանների երկայնքով, սակայն այն չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի։

Կռիլովի կարծիքով՝ Ադրբեջանը հաջողությամբ կիրառում է «սալյամիի մարտավարությունը»։  Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտ դա ստացվում է, իսկ Հայաստանը դեռ կարող է դրան հակադրել միայն այդ ռազմավարության դեմ արդյունավետ հակադարձմամբ, բայց շեշտում է, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան զինված ուժեր։ 

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի դերի մասին՝ զրուցակիցն ընդգծել է, որ պետք չէ Ռուսաստանի հնարավորությունները գերագնահատել` ընդգծելով, որ ռուսական դիվանագիտությունն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Քաղաքագետը հույս է հայտնել, որ ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան երկրների կողմից ճնշումները, ինչպես նաև Հայաստանի կողմից ավելի ակտիվ դիվանագիտությունը կարող են խաղաղ գործընթացում առաջընթացի հանգեցնել։