«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանն ընդհանրապես գլուխ չեն հանում մեր վարած քաղաքականությունից. Սուրեն Սարգսյան

18/06/2021

Հուսամ շատ շուտով մենք կունենանք ռեալպոլիտիկից բխող պրագմատիկ արտաքին քաղաքականություն: Դրա այլընտրանքը վերջնական կործանումն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ: Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են: Հայաստանը ինքնաիզոլացվել է միջազգային հանրությունից և միջազգային քաղաքականությունից, պրոֆեսիոնալիզմի բացակայության և անադեկվատ որոշումների կայացման պատճառով:
Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հարաբերություններին: Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Միակ օրակարգային հարցը ամերիկյան օգնության տրամադրման հարցն է: Հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են երկկողմ հարաբերությունների էտալոն, վերջին երեք տարիների ընթացքում ստացել են անադեկվատ բնույթ: Եվրպական Միության ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, չի ձևավորվում ադեկվատ օրակարգ:
Ամբողջ օրակարգը պտտվում է բացառապես ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության շուրջ: Լուրջ համագործակցություն չկա ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնց մենք անդամակցում ենք կամ համագործակցում ենք երկկողմ անհատական ծրագրերով: Մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը: Հրատապ գործել է պետք՝ դառնալու համար կանխատեսելի, ադեկվատ, վստահելի գործընկեր: Մեր պրագմատիկ՝ այլ ոչ թե չհաշվարկված որոշումները աշխարհի կողմից ընկալելի են լինելու: