«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արա Խզմալյանը՝ երևանյան երկու թատրոնների միավորման մասին

22/12/2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ գործել են իրավասությունների շրջանակում:

 դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանն ասաց, որ քանի դեռ պատիվ ունի կատարելու ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պարտականությունները, կասի, որ մամուլի ասուլիսներով,  նամակներով, աղմուկով, բողոքի ակցիաներով հնարավոր չի լինելու կանխել լիազոր մարմնի  գործառույթների տրամաբանությունն ու լիազոր մարմնին վերապահված որոշումների կայացումը:

«Սա անթույլատրելի բան եմ համարում: Եթե մենք կառավարման իրավասություն չունենք, և եթե մենք հաշվի ենք նստելու յուրաքանչյուր արտիստի, յուրաքանչյուր ռեժիսորի, թատերասերի տեսակետի հետ, եկեք չկոչվենք լիազոր մարմին և դառնանք պարզապես պետական միջոցները բաշխող կառույց: Համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակում: Այսօր ամեն ինչ անում ենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը, ընդհանրապես կոլեկտիվը աշխատանք գտնի մեր տարբեր կառույցներում, և այս օրինակը  համարում եմ օպտիմալացում կոչվածի լավագույն օրինակ»,-ընդգծեց Խզմալյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի լավագույն թատրոններից մեկը՝ Համազգայինը, նոր շենք տեղափոխվելու դեպքում չունի սպասարկման որևէ ռեսուրս: Այժմ ռեսուրս են տրամադրում այդ թատրոնն ուժեղացնելու համար: «Բոլոր թատրոնների ներկայացուցիչների հետ փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուրն ինչ պակաս ունի, և ինչպես կարող ենք միավորման արդյունքում լրացնել այդ պակասները: Շուրջ տասը կոլեկտիվ, որոնց մեջ գերազանցապես երաժշտական կոլեկտիվներն են, այսօր փողոցում են և անթույլատրելի էր, որ լավագույն կոլեկտիվներից մեկը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը միջազգային համագործակցության լավագույն արդյունքներն ունի, մնա դրսում: Որպես լիազոր մարմին միանգամայն ճիշտ ենք վարվել՝ միավորելով երկու կառույցները և տարածքը հատկացնելով մեկ այլ կառույցի: Սա պետք է լինի բնական բան, և հանրությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այն, ինչ ստեղծվել է, հավերժ չէ, և պետությունն  իրավունք ունի վերակազմակերպելու, վերամիավորելու կառույցներն ըստ իր քաղաքական առաջնահերթությունների»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած նախագծով Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Թատրոնի շենքը տրամադրվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվը, դեմ լինելով նախագծին, փորձում էր մտահոգությունները բարձրաձայնել մամուլի ասուլիսի, բողոքի ակցիաների և այլ միջոցներով: