Բաքվում պահվող հայ գերիների հարցով հսկայածավալ աշխատանք է արվել. Անդրեասյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ դիտարկմանը, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ խոշտանգումների բազմաթիվ ահազանգեր կան:
Պատասխանելով հարցին, թե ինչ է արվում այդ ուղղությամբ՝ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչև ինձ էլ իմ նախորդները, իմ գործընկերները հսկայածավալ աշխատանք են արել, ներկայացրել են միջազգային ատյաններում բոլոր բողոքները, դիմումները, ես նույնիսկ ավելացնելու բան չեմ ունեցել, որովհետև այնպիսի որակյալ աշխատանք է կատարված եղել մինչև իմ՝ այս պաշտոնում հայտնվելը, որ ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների, օրինակ՝ միջազգային դատական ատյանների որոշումներին:
Նաև պետք է սպասենք արդեն խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ այսօր կատարում են մեր մի շարք կառույցներ, Արտաքին գործերի նախարարությունը, մի շարք հատուկ ծառայություններ և այլն։
Թույլ տվեք այս հարցով որևէ այլ բան չմեկնաբանեմ, որովհետև մնացած ընթացիկ բանակցությունները իրենց տիրույթում են։ Իմ տիրույթում է միայն հետևել, որ մեր միջազգային վեճերը, որոնցով մենք բարձրացրել ենք գերիների այդ ցավոտ հարցը և անհետ կորածների հարցը, ի վերջո ստանա դատական ճիշտ արձագանք՛՛: