«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ազգային և կրոնական ընդհանրության գործոնը տարածաշրջանային զարգացումներում. ք․գ․դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան

17/05/2022

2020 թ. 44 օրյա պատերազմից հետո, երբ ականատես դարձանք  մեր հարևան բարեկամ/դաշնակից պետությունների իներտ և չեզոք վերաբերմունքին, կարիք ունենք մեկ անգամ ևս հասկանալ մեր տարածաշրջանը

Հարավային Կովկասի և հարևան երկրների ազգերի կրոնական և էթնիկական ընդհանրությունները բավականին յուրօրինակ ազդեցություն ունեն տարածաշրջանային քաղաքական գործընթացների վրա: Կրոնական և էթնիկական ընդհանրության ընկալումները հաճախ օգտագործվում են միջպետական հարաբերություններում, էթնոքաղաքական հակամարտությունների ընթացքում, տարածաշրջանային քաղաքական գործընթացներում, արտաքին հարաբերություններում  և տեղեկատվական պատերազմներում: Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը տեղափոխվում է նաև միջպետական հարաբերությունների հարթություն: Օրինակ` Թուրքիայում ապրող հրեաների, հույների, հայերի և ալևիների էթնոկրոնական համայնքների իրավունքների սահմանափակումները և  խտրականությունը հաճախ արծարծվում են Հունաստանի, Իսրայելի, Հայաստանի և Սիրիայի հետ կապված գործընթացներում: Հարավային Կովկասի միջազգայնորոն ճանաչված երեք պետությունների տիտղոսակիր ազգերը` հայերը, վրացիները և ադրբեջանցիները, չճանաչված և մասնակի ճանաչված պետությունների` Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի, ինչպես նաև պետական կազմավորումներ չունեցող առավել փոքր էթնիկական հանրույթների հարաբերությունները   բավական բարդ և բազմաշերտ բնույթ են կրում: Միջէթնիկ ընկալումները, թշնամի/բարեկամ ատանդարտ որակումները հարևան պետությունների ազգերի մասին, դրանց այս կամ այն ոճի դրսևորումները ունակ են, մի կողմից, նպաստելու միջպետական և միջհասարակական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից, սակայն, կարող են առաջացնել սպառնալիքներ։ Տվյալ երկրում էթնիկ և կրոնական ընկալումները կարևորում են նաև գերտերությունները, երբ նպատակ են դնում  իրենց համար բարենպաստ,  ձևով դիրքորոշումները փոփոխել, իսկ մրցակիցների նկատմամբ՝ վատթարացնել:  Այս հանգամանքը վերաբերվում է նաև կրոնական պատկանելիության ընկալումներին:   Դեռ ավելին, ներկա հետազոտողների մեծ մասը   էթնիկ/կրոնական հանդուրժողականությունն ու անհանդուրժողականությունը դիտարկում են  արդեն հիբրիդային պատերազմների կարևոր բաղադրիչներից մեկը և թշնամի/մրցակից պետությունները ներսից ապակայունացնելու և պատերազմների ու պարտությունների հորձանուտը նետելու մեծ պետությունների հատուկ ծառայությունների կարևոր գործիքներից մեկը: 
Իհարկե ոչ միայն մեր, այլև հարևան տարածաշրջանների և աշխարհագրորեն ավելի հեռու ուժային կենտրոնների պետականակերտ ազգերի հանդեպ կրոնական և էթնիկական ընկալումները հաճախ դառնում են փոխհարաբերությունների բնույթի վրա ազդող դրական կամ բացասական գործոններ: Այդպիսի հակասություններով լի է տարածաշրջանում քիստոնյա, սուննի, շիա, հրեա, եվրոպացի, ամերիկացի,  իրանցի, թուրք կրոնա-էթնիկական ընդհանրությունների  նույնականացումը: Աշխարհաքաղաքական կողմնորոշումներում վրացիների տեսլականը իրենց քրիստոնյա եվրոպացիների ընդհանրության մեջ տեսնելն է, իսկ ադրբեջանցիներինը` մահմեդական կամ թուրքախոս աշխարհի: Հայերի գործը բարդանում է, որովհետև անվտանգային տեսանկյունից քրիստոնյա եվրոպական ընդհանրության մաս կազմելու ձգտումը ստիպված են համատեղել ռուսական եվրասիական ընդհանության տեսլականին, որտեղ կրոնաէթնիկական պատկերը բավականին խայտաբղետ է: Էթնոկրոնական գործոնը անընդհատ հայտնվում է նաև ներպետական խնդիրների լուծման օրակարգում: Ի դեպ, այն կարող է ի հայտ գալ նույնիսկ համագործակցային ու ոչ կոնֆլիկտային միջպետական հարաբերություններում: Օրինակ` վրաց-ադրբեջանական հարաբերությունները, որոնք ռազմավարական համագործակցության բնույթ ունեն, երբեմն խամրում են Վրաստանի ներսում ադրբեջանցիների հետ կապված խնդիրների ծագման կամ, ասենք, Աջարիայում օր օրի ուժեղացող թուրքական ներթափանցման պատճառով: Վրացական ներկա և նախկին իշխանությունների թողտվության պատճառով Թուրքիան աստիճանաբար կլանում է Աջարիան: Թուրքական ներթափանցումը մշտապես ուղեկցվում է աջարների ու թուրքերի կրոնական և էթնիկական ընդհանրության նուրբ և քողարկված քարոզչությամբ, որն ի վերջո վնասելու է տնտեսական և էներգետիկ բնագավառներում վրաց-թուրքական բավականին խորացած համագործակցությունը: Հետազոտական կենտրոններում հրատարակված ուսումնասիրություններում հաճախակի են հանդիպում կարծիքներ այն մասին, որ <<աջարական հարցը>> բացառված չէ  մոտ ապագայում դառնա վրաց-թուրքական հակամարտության աղբյուր: 
Նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ կոնֆլիկտների հրահրման տեխնոլոգիաներում միջէթնիկ և միջկրոնական ընկալումներն առաջնային գործիք են արտաքին քաղաքական դերակատարների համար:  Որոշակիորեն իրավիճակը հասկանալու համար որպես ուսումնասիրության առարկա  նպատակահարմար է ընտրել  երկկողմ կամ բազմակողմ փոխհարաբերությունների ձևաչափերը: 
Մեր խորին համոզմամաբ անվտանգային առումով   մեզ համար գերկարևոր է Ադրբեջան-Իրան-Թուրքիա եռանկյունին: Հակամարտությունը Ադրբեջանի հետ և  հայ-թուրքական ոչ բարեկամական հարաբերությունները առավել կարևորում են մեզ համար այս եռանկյունու ուսումնասիրությունը, որտեղ առկա են  և´ ձգող, և´ վանող իրողություններ: Ադրբեջանում իրանցիների, ռուսների,  հրեաների, լեզգիների, քրդերի նկատմամբ նկատվում է բարդ, խճճված և հակասական վերաբերմունք: Իրավիճակը այնպիսին է, որ կրոնական ընդհանրության ընկալումը մերձեցնում է շիա դավանող ադրբեջանցիներին իրանցիների հետ, միաժամանակ Իրանի հյուսիսային նահանգներում ադրբեջանական անջատողականությունը  էթնիկական հակակրանքի ծավալման պատճառ է դառնում` մասամբ նպաստելով Իրանի հայամետ դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտ հարաբերություններում: Շիա և սունի կրոնական ուղղությունների միջև  հակասությունները ցցուն  երևում են և´ մերձավորարևելյան, և´  հարևան հարավկովկասյան տարածաշրջաններում, նույնիսկ սառեցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմությունը: Այս դեպքում ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների, թուրքերը շիա ադրբեջանցիների համար «այլ էթնոս» են դառնում: Յուրահատուկ է Ադրբեջանի  քաղաքական էլիտայի դիրքորոշումը, որն առավել աշխարհիկ դիմագիծ ունի, սակայն կրոնական գործոնը չի անտեսում: Թուրք-ադրբեջանական միասնականության ճանապարհին կրոնական խոչնդոտը վերացնելու համար պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ` երկրում շիաներին մեկուսացնելու և նրանց թվաքանակը կրճատելու համար:  Այս գործելակերպը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքից խիստ և սպառնալից քննադատություն է ենթարկվում, հաճախ սառեցնելով Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Հաճախ նշվում է քրիստոնեական Հայաստանի օրինակը, երբ Երևանի Կապույտ մզկիթում շիա հավատացյալներն ազատորեն կատարում են իրենց բոլոր ծիսակարգերը: 
Կրոնական պատկանելության տրամաբանությունը թելադրում է, որ Բաքուն պետք է մերձենա Թեհրանի հետ, սակայն Ալիևի վարչակարգը բավականին հաստատակամ ձգտում է ոնչացնել հարավից եկող շիական արմատականությունը և երկրում արևմտյան տիպի քաղաքական համակարգ ստեղծելու միջոցով մերձենալ Թուրքիայի, Ղազախստանի և նոյնիսկ տարածաշրջանում Իրանի թիվ մեկ հակառակորդ Իսրայելի հետ: Հենց իրենց քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` Ադրբեջանի տիրապետող քաղաքական էլիտայի համար <<առավել կարևոր է թյուրքական ազգայնականությունը, քան շիիթական Իրանի հետ համերաշխությունը>>: Միաժամանակ գիտակցելով, որ արտաքին քաղաքական վեկտորի ամրության համար էթնո-լեզվականից բացի խիստ կարևոր է կրոնական ընդհանրության գործոնը, իշխանությունները կիրառում են բոլոր հնարավոր միջոցները երկրում սունիների թիվն ավելացնելու համար: Երբեմն բարձրաձայնում են,  իբր շիաների կողմից սունիների շահերի ոտնհարման փաստեր, կամ էլ կազմակերպվում են ոստիկանական հետապնդումներ:
Էթնիկ ընդհանրության հենքով միջպետական հարաբերությունների կառուցումը բնորոշ է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռանկյունում, որտեղ մենք ունենք հակառակորդներ և եվրասիական կառույցների դաշնակից: Էթնիկական ընդհանրության, մեկ ազգ երկու պետություն հայեցակարգի, ընդհանուր շահերի և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հիմքերի մասին շատ է խոսվել և այս իրողությունը բավականաչափ լուսաբանված է: Սրան հակառակ` բավականին լուրջ հետազոտության կարիք ունի Ադրբեջան-Ղազախստան փոխհարաբերություններում մերձեցնող ու վանող գործոնների հետազոտությունը, մանավանդ որ Ղազախստանը դե-յուրե Հայաստանի դաշնակիցն ու գործընկերն է եվրասիական տնտեսական և անվտանգային կառույցներում: 2016-17 թթ. ընթացքում Նազարբաևի և Ալիևի հանդիպումներում և բանակցություններում միշտ շեշտվել են Ղազախստանի ու Ադրբեջանի մերձեցմանը նպաստող աշխարհաքաղաքական, տնտեսական գործոնները և երկկողմանի օբյեկտիվ շահերի ընդհանրությունը: Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ երկկողմանի բարեկամական հարաբերությունների հիմքում ընկած են նաև ընդհանուր թյուրքական ծագման էթնոմշակութային արմատները: Երկու երկրներն էլ անդամակցում են պանթյուրքական միջազգային կառույցներին, որոնք են Թյուրքական խորհուրդը, Թյուրքախոս երկրների Խորհրդարանական վեհաժողովը (ռուս. ТюркПА) և Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը (Թյուրքսոյ): Այս կազմակերպությունների առանցքը, իհարկե, Թուրքիան է, մշտական անդամ է նաև Ղրղըզստանը, իսկ Ոուզբեկստանը և Թուրքմենստանը անդամակցում են միայն Թյուրքսոյին: ԽՍՀՄ փլուզումից հետո պանթյուրքական թեմատիկան միշտ էլ եղել է Ադրբեջանի և Ղազախստանի ներքին ու արտաքին քաղաքականության անբաժան բաղադրիչը: Պանթյուրքական հռետորաբանությունը համարվում է նաև ազգային ինքնիշխանության ամրապնդման և Միջին Ասիայի թյուրքախոս հանրապետությունների վրա ազդեցության հաստատման  միջոց: Ակնհայտ է թյուրքական <<համերաշխության>>  Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքային եռյակի կարևորությունը, որը Հայաստանի համար անվտանգային առումով որոշակի մարտահրավեր է: 2005 թ. մայիսին կնքված ղազախա-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը պարտավորեցնում է ռազմական ագրեսիայի օգտագործման նպատակով թույլ չտալ իր տարածքի, հաղորդակցության ուղիների և այլ ենթակառուցվածքների օգտագործումը երրորդ պետության կողմից: Ուշադրության է արժանի պայմանագրի այն կետը, որը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում երկկողմանի համագործակցության հիմք է համարում տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը: Իհարկե այստեղ երևում է Ալիևի ձգտումը թյուրքական եղբայրությունը օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ցանկալի արդյունքի հասնելու համար` մերթ ընդ մերթ շրջանառության մեջ դնելով Անկարայի և Աստանայի <<խաղաղարար>>  միջնորդության անհրաժեշտության գաղափարը: Միջազգային հարթակներում հիշյալ եռյակը օգտագործում է նաև թուրքական սփյուռքի դերը, <<Թուրքական խորհրդի>> անդամ պետությունները 2013 թ. Բաքվում հիմնեցին <<Սփյուռքի գործերի պատասխանատուների կոնտակտային խումբ>>: 
Եզրակացությունները թողնում եմ ընթրցողներին, բայց պետք է նշեմ ՀՀ արտաքին քաղաքականության նոր, իրատեսական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը, որը կունենա գիտելիքահեն ռազմավարություն: 

Հեղինակ՝ քաղքական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Գարիկ Քեռյան                                                                                               

Generalnews.am