«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը վրդովված է ԼՂ-ի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունից. Nordic Monitor

04/09/2024

Թեև Բաքուն պաշտոնապես առարկում է, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան ներգրավված է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, որն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով, գրում է Nordic Monitor կայքը։

Մասնավորապես, կայքը նշում է. ՛՛Էրդողանի շարունակական արտահայտությունները մեծ աղմուկ են բարձրացրել. բանն այն է, որ Բաքուն ավելի վաղ փորձել է ընդգծել հակամարտության ընթացքում իր անկախ ռազմական հնարավորությունները: Թեև պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը լայնորեն հայտնի է, Անկարայի դերի շարունակական շեշտադրումը երկու մերձավոր դաշնակիցների միջև լուրջ լարվածություն է առաջացրել՛՛:

Նշվում է, որ դեռ օգոստոսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական ​​արարողության ժամանակ նախագահ Էրդողանը վերստին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով. ՛՛Ադրբեջանական Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին լիովին ջախջախել ենք հակառակորդի ուժերին՛՛։ Էրդողանի հայտարարությունը հնչել է ադրբեջանական պաշտոնական թերթի նախկին նմանատիպ հայտարարություններին արձագանքելուց անմիջապես հետո:

Կայքը գրում է, որ օգոստոսի 1-ին հրապարակված ադրբեջանական թերթի խմբագրականում նշվում էր. ՛՛Մեր ժողովուրդը, բանակը և հրամանատարությունը հիասթափությամբ և խոր վշտով հետևում են մեր հաղթանակը յուրացնելու փորձերին, որն իրավամբ մերն է։ Ադրբեջանի հաղթանակը ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ՛՛։

Խմբագրական հոդվածում քննադատության է ենթարկվել Թուրքիայում արված վերջին հայտարարությունները՝ Անկարային մեղադրելով 44-օրյա պատերազմի փաստերը խեղաթյուրելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախազգուշացրել են, որ նման հայտարարությունները ձեռնտու են Հայաստանին:

՛՛Մեր նախնիները մեզ սովորեցրել են, որ ձախ ձեռքը չպետք է իմանա՝ ինչ է անում աջ ձեռքը, և որ եղբայրները չեն պարծենում միմյանց օգնելով: Եթե ​​նույնիսկ ենթադրենք, որ Թուրքիան մեր Հայրենական պատերազմի ընթացքում ցուցաբերել է բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական և բարոյական, ինչո՞ւ պետք է Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ պետություններ ու տերություններ դա մանիպուլյացիաների համար հիմք օգտագործեն՛՛,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին մեջբերել է Nordic Monitor-ը:
https://infoport.am/