«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱԼԻՁՈՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

11/04/2021

3.    ՀԱԼԻՁՈՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հայոց պատմության ընթացքում դավաճանության և անմիաբանության հետևանքով ճաշակած պարտությունների մասին դրվագների մատուցումով, մենք ամենևին նպատակ չունենք այն տպավորությունն ստեղծելու, որ գլխավորապես դրանք են եղել մեր  դարեր շարունակ  դժգույն ապրելու որոշիչը, այլ՝ պարզապես  ցույց տալ, որ օրհասական պահերին շատ զորահրամանատարների և քաղաքական դեմքերի անմիաբանությունն ու նյութապաշտությունը ճակատագրական են դարձել մեր պետականությունների կամ  փոքրիկ քաղաքական միավորների գոյության համար: Հարկավ, դա չի նշանակում, որ հերոսական պայքարն ու հաղթանակը բնորոշ չեն եղել մեր ժողովրդին, բայց դյուրահավատությունը, իշխանատենչությունը, դրամասիրությունը և նախանձը բազմիցս ավելի գերդասելի են համարվել: Ինչքան էլ փորձենք անմիաբանությունը բացատրել ազգի փրկության համար երաշխիքներ գտնելու ցանկությամբ, միևնույն է ոչ մի փաստարկ համոզիչ չի հնչի, որովհետև մեկ – երկու նման շարժառիթով գործոնեության քաղաքական և ազգային – անվտանգության տեսանկյունից սակավաբերությունը պետք է արմատավորեր տիրասիրությունը, անկախությունը պահելու կամքը և ոչ թե օտարի հովանավորության տակ անհոգ ապրելը, ինչ որ պաշտոնի կրումով, որը բերում էր համակերպության, սեփական հնարավորությունների թերագնահատության և այն համոզմունքի ընդհանրության,  որ մենակ անկարող ենք, պետք է մեկի թևի տակը մտնենք, որպեսզի կարողանանք ապրել: Այժմ էլ այսպես է. շատերն այսպես են մտածում՝ ռուսի թևի տակ պետք է մնանք, որ ապահով ապրենք կամ Արևմուտքի թևի թակ, քանի որ ռուսը դավադիր է: Անտեսվում է մի շատ պարզ հարցադրում՝ իսկ ռուսն ուզու՞մ է, որ իր թևի տակ ապրես, Արևմուտքն ուզու՞մ է, քո նման ցանկության իրականացման որոշումը ո՞վ է տալիս, դու՞, թե նրանք: Այս մասին շատ ենք գրել: Բայց, որ իրոք այդպես ենք ապրել և շարունակում ենք ապրել, ապացուցվում է նաև Հալիձորի՝ մեծն Դավիթ Բեկի բերդի հետ կատարվածով, որն, ավա˜ղ, դարձյալ դաս չի լինում: Դավիթ բեկը, որը 1722թ. սկսված անողոք և անխնա պայքարում ստեղծեց Սյունիքի անկախ իշխանությունն՝ Արցախի իշխանության ստեղծմանը զուգընթաց, ակամա հայտնվեց ռուսների և թուրքերի թակարդում: Երբ Սյունիքն ազատելու գործընթացի ընթացքում անընդհատ նամակներ էին գնում Ռուսաստան օգնության հույսով, Պետրոս Ա – ն, նախ, Պարսկաստանի (1723թ. սեպտեմբերի 12), ապա՝ Թուրքիայի հետ (1724թ. հունիսի 12) հաշտության պայմանագրեր էր կնքում: Այս պայմանագրերով Ռուսաստանն այլևս կանգ էր առնում, քանի որ ձախողվել էր Պետրոս Ա-ի կասպիական արշավանքը, իսկ թուրքերը հասկացրել էին, որ չեն հանդուրժի ռուսական առաջխաղացումը դեպի Անդրկովկաս: Ռուս – թուրքական պայմանագրով Թուրքիան ճանաչում էր Ռուսաստանի տիրապետությունը Դերբենդից մինչև Մազանդարան, իսկ դրան, բնականաբար, հաջորդեց թուրքական արշավանքը դեպի Անդրկովկաս, հերոսական ինքնապաշտպանությունից հետո ընկավ Երևանը, թուրքերը ներխուժեցին Սյունիք և Արցախ: Այսպես էլ պետք է լիներ, որովհետև  Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Անդրկովկասի վրա: Բայց հայերը հաղթական ավարտով պսակվող դիմադրություններ էին ցույց տալիս: Չնայած, ի վերջո, գրեթե 3 – ամյա կռիվների ընթացքում թուրքերը խորացան Սյունիքում, բայց չէին կարողանում լիարժեքորեն ամրապնդել իրենց դիրքերը: 1727թ.  փետրվարի 26 – ին նրանք շրջապատեցին Հալիձորը՝ Դավիթ Բեկի բերդը: 6 – օրյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո, յոթերորդ օրը Դավիթ Բեկը դիմեց խելացի մարտավարության՝ Մխիթար սպարապետի և Տեր - Ավետիսի հետ դուրս գալով բերդից և թիկունքից հարձակվելով թուրքերի վրա ջախջախելով նրանց, և ապա՝ կրնկակոխ հետևելով թշնամուն, երկրորդ ջարդը տալով Մեղրիում: Ազատագրվեց ամբողջ Սյունիքը: Դավիթ Բեկի խիզախ խոյանքն այն բանի ապացույցն էր, որ կռվի ժամանակ հաղթում է խելքը և ոչ թե մեծաքանակ բանակը: Ցավոք հետագա դեպքերը չընթացան հօգուտ հայոց: 1728թ. կեսերին վախճանվեց Դավիթ Բեկը: Գահերեց իշխան դարձավ ոչ պակաս հզոր մի անհատականություն՝ Մխիթար սպարապետը: Պառակտումն ու անմիբանությունը, ապավինելու ցեցը կամ նախանձը կրկին գլուխ բարձրացրեցին: Սկսվեց թուրքական նոր արշավանքը և նորից պաշարվեց Հալիձորը(1729): Մխիթարը մնաց փոքրաթիվ համակիրրների հետ, քանի որ թուրքերին ապավինելու ուղի ընտրեց Տեր Ավետիսը: Մխիթարը փոքրաթիվ ուժերով հեռացավ Հալիձորից, իսկ Տեր Ավետիսը թուրքերի առաջ բացեց Հալիձորի դարպասներն ՝ իբր բնակչության համար երաշխիքներ ստանալու դիմաց: Մտնելով Հալիձոր՝ թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին քշեցին գերության:  Ահա ապավինելու արդյունքը: Խոսուն են Լեոյի հետևյալ խոսքերը Տեր - Ավետիսի մասին. «Մի անպարտելի հերոս, նա անշուշտ, իրեն ոչնչով պակաս չէր համարում Մխիթարից և ոչ էլ պակաս արժանի՝ Դավիթ Բեկի ժառանգությունն ամբողջովին ստանալու, մանավանդ որ Հալիձորն իր աներոջն էր պատկանում, իսկ Դավիթ Բեկը, ավանդությունների վկայությամբ, նույն աներոջ տոհմից էր, մինչդեռ Մխիթարը, ինչպես իմանում ենք նրա գերեզմանի արձանագրությունից, տեղացի էլ չէր, Գանձակից էր: Մի տարի միայն շարունակվեց Մխիթարի իշխանությունը Հալիձորում: Այդքան ժամանակ էլ բավական էր, որ հերոս քահանան ստորանար այն աստիճան, որ իր նախկին ռազմական ընկերներին վատություն անելու համար՝ վատություն աներ իր ամբողջ հայրենիքին, թեքվելով օսմանցիների կողմը: Անձնականության այսպիսի դեպքեր հայոց պատմության մեջ շատ ու շատ անգամ անգամ է ցուցադրվել: Զեվայի, Մեղրիի և այլ տեղերի փառավոր հերոսը վերջացնում էր իր գործունեությունը դավաճանի դերով»: Ընդունենք մի պահ, որ Տեր Ավետիսը դավաճան չէր, որ ստեղծված իրավիճակում այդպես էր պատկերացնում հայերի փրկությունը, բայց միևնույնն է, նրա այս արարքը ոչ մի արդարացում չունի: Նրան դավաճանի սև պսակից չի ազատում նաև ըստ որոշ տեղեկությունների Երուսաղեմ գնալն ու մեղքերի համար ապաշխարելը: Կույր ապավինումը թշնամուդ ոչ մի արդարացում չունի: Մենք համաձայն ենք Լեոի հետ, որ այստեղ գործել է անձնականը, քանի որ Տեր Ավետիսն այն անձն էր, որ կռվել և բազում հաղթանակներ էր տարել՝ միայն սեփական ուժերին ապավինելով: Այսպես է լինում, երբ փառքի և իշխանության ձգտումը մթագնում է մարդու միտքը: Իսկ ի՞նչ եղավ այնուհետև: Մխիթարը դարձյալ հաջողությամբ պայքարը շարունակեց թուրքերի դեմ և հաղթական ելքերով: Բայց վրա հասավ հաջորդ դավաճանությունը, որի զոհը դարձավ նա 1730թ. Խնձորեսկում, ուր վերադարձել էր թուրքերին Օրդուբադում ջարդ տալուց հետո: Իսկ Թավրիզում  թուրք փաշան հրամայեց գլխատել հայ դավաճաններին, որոնք նրան էին տարել իրենց հերոսի գլուխը: Նրանք գիտեին հարգել թեկուզ և թշնամու հերոսին, մի բան, որը մենք չունեինք մեր հերոսի նկատմամբ: Բայց ընկավ Սյունիքը, որին նպաստեց դավաճանությունն ու անմիաբանությունը: Համոզված ենք, որ եթե միաբան գործեինք, հնարավոր կլիներ դիմադրության ընդլայնումը և հաղթությունը մինչև Նադիր շահի կողմից թուրքերի ջախջախումը, որի վերջին դրվագն էր 1735թ. Եղվարդի ճակատամարտը:  Այս դեպքում միգուցե նա ոչ թե ստեղծեր Խամսայի մելիքությունները, այլ՝ հաշվի նստեր հայկական անկախ քաղաքական միավորի հետ՝ Սյունիքում և Արցախում:
Ամփոփենք.


1.Դավիթ բեկի ապստամբությունը, որն սկզբնավորվեց Ռուսաստանի օգնության հույսով, հաղթական ավարտի հասավ առանց Ռուսաստանի:
2. Ռուսները հայերին, ինչպես հիմա, ներշնչում են իրենց դաշնակիցը լինելու գաղափարը, բայց, երբ նեղն են ընկնում՝  մենակ են թողնում իր թշնամիների հետ: Այսօր ոչինչ չի փոխվել.  նրանք արցախյան պատերազմում էլ մեզ մենակ թողեցին,  օգնությունը եղավ զինադադարի մասին համաձայնության ստրագրումով, որը կարող էր   ավել շուտ լինել, քանի որ անհնար է պատկերացնել այդ պատերազմի սկիզբը առանց մեր դեմ կռվողի հետ թաքուն համաձայնությամբ: Նրանք հայտարարում են՝ մենք ավելի վաղ չենք համաձայնվել պատերազմը դադարեցնելուն: Եթե իրենց շահերը պահանջեին՝ հաստատ կստիպեին նաև այս դեպքում:
3. Սրանով հանդերձ պետք չէ նրանցից դժգոհել, մենք չենք նրա քայլերը թելադրում:  Մեզանից դժգոհենք միաբանության պակասի, դիվանագիտության պակասի, ապավինելու առկայության և դավաճանության պատճառով:
Իսկ թե Տեր Ավետիսի նման ով կգնա Երուսաղեմ, դժվարանում ենք ասել: Կարծում ենք, որ ոչ մեկը, քանի որ մեղքերի խոստովանությունը իսպառ բացակայում է մեր օրերում, արդարանալու և հերոսանալու մարմաջն է իշխում: Եթե միջազգային կամ ռուս-թուրք – ադրբեջանական դավադրություն էլ եղած լինի, միևնույն է, մենք դրանում ունենք մեր մեղքի բաժինը: Թող Աստված մեզ հեռու պահի նոր սխալների հնարավորությւոնից, չնայած, որ ներկա իրավիճակի սթափ քննությունը մղում է մտածելու, որ դրանք նորից սկսվում են՝  դեռևս չվերջացած: