![Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից և շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. ՌԴ փոխարտգործնախարար Նկար]( https://generalnews.am/storage/img/articles/img/918a48dc74dcbfa66e4bc70e53afc244_1718040333.jpg )
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից և շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Այս մասին նա ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին:
Ըստ Գալուզինի՝ Հայաստանն անհիմն է քննադատում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Նրա համոզմամբ՝ դա Արևմուտքի հակառուսական քաղաքականության հետևանքն է:
«Արևմուտքն ուզում է դուրս մղել Մոսկվային Հարավային Կովկասից, իսկ դա անիրատեսական է»,-ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ռուսական կողմը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից, որպես շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին, թե՛ երկկողմ պայմանագրերին համապատասխան:
Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի հետ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:
Նա նաև նշել է, թե ակնկալում են, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ «Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: