Կասպից ծովը ծանծաղում է. Ադրբեջանը լուրջ խաղաքա՞րտ կկորցնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանն անդրադարձել է Կասպից ծովի հիմնախնդրին:
Նա ասել է, որ Ադրբեջան պետական այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ այդ խնդիրը քննարկվել է, ինքն արդեն կառավարությանը համապատասխան հանձնարարական տվել է:
Պուտինը հավելել է, որ Կասպից ծովի թեման քննարկել է նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ: Ռուսաստանի նախագահը խնդիրը ներկայացրել է բացառապես բնապահպանական կտրվածքով: «Կասպից ծովի ծանծաղումը մտահոգում է բոլորին: Իհարկե պետք է ուշադրություն դարձնել այն կենդանատեսակներին, որ դրանից ակնհայտորեն եւ առավելապես տուժում են: Իր ամբողջության մեջ դա մեծ խնդիր է»,- ասել է Պուտինը: Նրա գնահատմամբ՝ «չպետք է թույլ տալ, որ Կասպիցն արժանանա Արալյան ծովի ճակատագրին, որտեղ այժմ միայն աղուտներ են»:
Ռուսաստանի նախագահին, ինչ խոսք, Կասպից ծովի բնապահպանական խնդիրներն ամենավերջինն են հուզում: Խնդիրն, ինչպես ահազանգում են Ղազախստանի և Թուրքմենստանի փորձագիտական շրջանակները, շոշափում է առափնյա պետությունների տնտեսական և ռազմաքաղաքական շահերը:
Մասնավորապես, Ղազախստանը և Ադրբեջանը հսկայական ներդրումներ են կատարել, որպեսզի արդիականացնեն թե՛ ռազմական, թե՛ տրանսպորտային նավատորմը, իսկ Կասպից ծովի մակարդակի իջեցումն արդեն խնդիրներ է ստեղծում այն առումով, որ նավահանգիստներում արհեստական խորություն ապահովելու տեխնիակական դժվարություններ են ծագել:
Ավելի պարզ ասած՝ ջրի մակարդակը մեկուկես մետրով իջել է, ինչի պատճառով խոշոր նավերը նախկին կառանատեղի չեն հասնում, կատարվում են ստորջրյա մակերեսի արհեստական խորացման աշխատանքներ, որ չափազանց բարդ և ծախսատար են:
Ըստ աղբյուրների գրեթե «ճգնաժամային է Թուրքմենբաշիի (նախկին Կրասնովոդսկի) նավահանգստի վիճակը»: Իսկ դա հանգուցային բեռնափոխադրման կետ է համարվում, որ պետք է ապահովի Չինաստանից Ադրբեջան, իսկ այնուհետև Վրաստանի և Թուրքիայի տարածքով այսպես կոչված «մուլտիմոդուլային բեռնափոխադրումը»:
Ըստ ծրագրի Թուրքմենբաշիից դեպի Բաքու պետք է գործեն մեծատոննաժ լաստանավեր: Բայց Կասպից ծովի ծանծաղումը թույլ չի տալիս, որ դրանք գործարկվեն: Խնդիրներ են առաջանում նաև ռազմածովային ուժերի համար: Իսկ Ռուսաստանը Դաղստանի Կասպիյսկ քաղաքի մոտ ՌԾՈՒ նոր ռազմակայան է հիմնադրել:
Մասնագետները դժվարանում են բացատրել, թե որն է Կասպից ծովի ծանծաղման պատճառը, բայց որ իրավիճակը տագնապահարույց է, խոստովանում են բոլորը: Հնարավո՞ր է գտնել Կասպիցի ջրային ավազանի մակարդակի պահպանման որևէ միջոց: Եթե անգամ գիտական լուծում գտնվի, ապա այն գործնականում կիրառելու համար տասնամյակների աշխատանք է պետք: Իսկ «միջին միջանցքի» շահառուները շտապում են: Ադրբեջանը կարող է քաղաքական լուրջ խաղաքարտ կորցնել:
1in.am