«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանային իրավիճակը կարգավորելուն միտված որոշումներն ադեկվատ չեն. իշխանությունը հստակ գնահատական չի տալիս իրավիճակին. Սեյրան Օհանյան

14/09/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

 Պարո՛ն Օհանյան, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ադրբեջանական կողմի չդադարող սադրանքները, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգային իրավիճակը:

– Պատերազմից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, Արցախում ու նաև մեր տարածաշրջանում: Ռազմաքաղաքական գնահատականի արդյունքում կարելի է մի քանի եզրակացության գալ. առաջին՝ միջազգային ուժային կենտրոնների և դերակատարների շահագրգռվածությունը մեր տարածաշրջանում: Երկրորդ՝ տարածաշրջանային որոշ երկրների, հանձին Թուրքիայի՝ իր դերակատարության բարձրացմանն ուղղված տարվող աշխատանքները և նրա մուտքը Հարավային Կովկաս:

Երրորդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շրջանակներում նրանց համագործակցության ընդլայնումը և այդ համագործակցության մեջ ներառումը իսլամական որոշ երկրների ու նաև Սիրիայից այստեղ ներմուծված վարձկան ահաբեկիչներին: Չորրորդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի սադրումն ու կատարված հանցագործությունները, որոնք այսօր շարունակական բնույթ ունեն: Ադրբեջանի կողմից սադրանքները ՀՀ-ի սահմաններին, ռազմավարական կարևոր կետերում ու նաև խաղաղության քողի ներքո՝ ճնշումների շարունակությունը ՀՀ-ի նկատմամբ:

Ամբողջ իրավիճակի գնահատականը սա է, որից ելնելով նրանք նաև փորձում են այդ ապաշրջափակման ֆոնի ներքո Սյունիքում միջանցք բացելու իրենց նպատակներն իրականացնել, որը ոչ միայն կմիացնի Ադրբեջանի երկու մասերը, այլև կմիացնի Թուրքիան՝ Նախիջևանով Ադրբեջանին ու նաև այլ տարածաշրջանների: Այսինքն՝ Գորիս-Կապան ճանապարհին այս վերջին խախտումները այդ ճնշումների շարունակականության հետևանքով են:

 Իսկ այս ամենի պատճառները որո՞նք են, ինչո՞ւ է Ադրբեջանին, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողում շարունակաբար ճնշել Հայաստանի Հանրապետությանը:

 – Պատճառները, իհարկե, պատերազմն է, դրանում Հայաստանի կրած պարտությունը, պատերազմից հետո առանց որևէ իրավապայմանագրային հենքի գործող իշխանության կողմից կարևորագույն ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ հանձնելն Ադրբեջանին և այսօր մեր սահմանային իրավիճակը կարգավորելուն միտված ոչ ադեկվատ որոշումները:

Իսկ այդ որոշումներն արտահայտվում են, առաջին հերթին՝ իրավիճակին հստակ գնահատական չտալով: Սահմանային իրավիճակը համապատասխան մարմինների կողմից պետք է ազնիվ կերպով ներկայացվի հանրությանը, որպեսզի նրա մտավախությունները փարատվեն: Իսկ հանրությունը չի տեսնում հստակ գնահատական իշխանության կողմից ու իրադրության վերաբերյալ նորմալ պայմանավորվածություն:

 Պարո՛ն Օհանյան, Ադրբեջանի վերջին գործողությունները միտված են սահմանազատման ու սահմանագծման գործընթացն արագացնելո՞ւն նաև:

 – Իհարկե, քայլերը միտված են այդ գործընթացն արագացնելուն, բայց այդ շրջանակներում նրանց համար կարևորագույն քայլ է խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ դրա դեպքում պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն ուղիղ ու շատ վատ հարված կլինի Արցախի խնդրի լուծմանն ու ինքնորոշմանը:

 Իսկ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

– Իշխանությունները պետք է հստակ գնահատական տան ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, հստակ գնահատեն անվտանգության միջավայրը Հայաստանում, Արցախում ու տարածաշրջանում ու դրա շրջանակներում որոշեն այն սպառնալիքները, որոնք կան, ընդ որում՝ և՛ ներքին, և՛ արտաքին սպառնալիքները: Հստակ գնահատականից հետո պետք է պլանավորեն մեր պաշտպանական քաղաքականությունը, մեր ռազմավարությունն ու մարտավարական քայլերը, որոնք պետք է ուղղված լինեն սահմաններին իրավիճակը շատ արագ շտկելուն, զինված ուժերի զարգացմանն ու բարեփոխումներին:

Այս ամենը սակայն իր նպատակին չի հասնի, քանի որ ադրբեջանցիները չորս ամսից ավելի մեր տարածքում են, արդյունքի չի հասնի, եթե նաև միջազգային հարթակներում համապատասխան աշխատանք չկատարվի, նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերոջ, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսինքն՝ պետք է զարգացնեն մեր թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության ապահովման երաշխիքները:

 Պարո՛ն Օհանյան, երեկ ձեր խմբակցությունն առաջարկով դիմեց իշխանությանը, որպեսզի համապատասխան գերատեսչության ղեկավարների հետ փակ քննարկում անցկացվի՝ ստեղծված իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու նպատակով: Կմանրամասնեք՝ ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

– Այո՛, մենք առաջարկեցինք, որ համապատասխան պաշտոնյաները՝ ԱԱԾ, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի, գան ու ներկայացնեն ստեղծված իրավիճակը: Ներկայացնեն բոլոր հանգամանքները և՛ իրավապայմանագրային հենքի, և՛ պաշտպանության, և՛ խախտումների, և՛ դրանց ազդեցությունը ՀՀ անվտանգության ու տնտեսական իրավիճակի վրա ու դրանից դուրս գալու ելքը: Իշխանությունները միանգամից ստացել են իմ գրավոր առաջարկը ու խոսք են տվել այսօր կամ վաղը այդ քննարկումը կազմակերպել:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ եք հրավիրել այդ փակ քննարկմանը, պարո՛ն Օհանյան:

– Վարչապետի ներկա լինել-չլինելը չենք քննարկել, բայց առաջիկայում, կարծում եմ, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնարավորություն կլինի հարց տալ նաև վարչապետին: