«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը ագրեսիվ և սպառնալիք պարունակող հայտարարություն է անում՝ շանտաժի ենթարկելով Նիկոլ Փաշինյանին. Տաթևիկ Հայրապետյան

21/03/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանն ինչ պայմանով կարող է հանգիստ ապրել «29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում», սրան զուգահեռ հայկական կողմը շարունակում է պնդել, որ խաղաղության օրակարգից չեն շեղվելու։ Երբ ակնհայտ է դառնում, թե ինչ է հասկանում ադրբեջանական կողմը խաղաղություն ասելով, հայկական կողմին ի՞նչ է մնում անել։

– Իրականում, Ալիևի վերջին հայտարարություններին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բավականին հստակ ու փաստարկված գնահատականներ է տվել, ուղղակի հարցն այն է, թե ինչո՛ւ են իրենք նոր սկսել ծանոթանալ Ալիևի ելույթներին: 

Նույն «Արևմտյան Ադրբեջանի» այդ կեղծ թեզը, որն իրավացիորեն գնահատվում է որպես ագրեսիա նախապատրաստելու հիմք, շրջանառության մեջ է դրվել Ալիևի կողմից դեռ անցած տարվա դեկտեմբեր ամսից, ու շատ ավելի վաղ կարելի էր բարձրաձայնել այդ խնդիրների մասին ու հետևողականորեն այդ գիծն առաջ տանել: Ես հույս ունեմ, որ հիմա դա հետևողականորեն առաջ կտարվի, ու հայտարարություններից բացի նաև հստակ հանձնարարականներ կիջեցվեն դեսպաններին՝ այս քաղաքական ուղերձները տեղ հասցնելու համար։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշումներին, ապա, իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եկել հասել է մի հանգրվանի, որ արդեն հատել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, դրա համար էլ վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրումներ արեց, որ այս իրավիճակում ինքը չի կարող նման թուղթ ստորագրել, իսկ դա այն թուղթն է, որը, փաստորեն, հնարավորություն է տալիս Ադրբեջանին ընդհուպ ցեղասպանության գնալ Լեռնային Ղարաբաղում։ 

Իհարկե չեն քննվում այն պատճառները, թե ինչո՛ւ ենք մենք հասել այդ հանգրվանին, բայց մեղավորը միշտ ուրիշներն են, երբեք իշխանությունը չէ՝ հայտնի գործելաոճ է։ Հայաստանը պետք է խելացի դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական ու նաև հոգեբանական աշխատանք տանի, հոգեբանական՝ նկատի ունեմ սեփական հանրության հետ, ճիշտ դիսկուրսներ, մեսիջներ տալով, ոչ թե պարտվողականություն քարոզելով։

– Ինչո՞ւ է Ալիևը հենց հիմա նման հայտարարություն անում:

– Կարծում եմ՝ բանակցությունները հասել են մի կետի, որ Հայաստանն արդեն պետք է ստորագրի այդ պայմանագիրը, բայց քանի որ Հայաստանի առաջարկությունները ոչ մի կերպ Ալիևի համար ընդունելի չեն, իսկ Ալիևի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանքներն էլ Փաշինյանը լավ է հասկանում, հետևաբար չի համաձայնի նման փաստաթուղթ ստորագրել։ Դրա համար էլ Ալիևը նման ագրեսիվ հռետորաբանությամբ և սպառնալիք պարունակող հայտարարություն է անում, ըստ էության, շանտաժ անելով Նիկոլ Փաշինյանին:

– Իսկ Արցախի անելիքը ո՞րը պետք է լինի այս պարագայում, եթե նկատի ունենանք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «ես կսպասեմ, և մենք բոլորս կսպասենք և կաջակցենք և կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության, Ազգային ժողովի պատգամավորների, ընդհանուր իշխանության, ի՛նչ փոփոխություններ կապրի, ո՛ւր կտանի էդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»։

– Իրենք կարող են ոչ թե սպասել, այլ՝ հանդիպել, խոսել ու հասկանալ։ Ես կարծում եմ, Արցախի ԱԳՆ-ից եկող այս վերջին հայտարարությունները հստակ են, իրենք պատրաստ են բանակցությունների միջազգային մեխանիզմների ներքո, պատրաստ են քննարկման, իսկ եթե խոսքը վերաբերում է հումանիտար, այլ ոչ քաղաքական հարցերի, ապա կա խաղաղապահների միջնորդության ձևաչափը, որն իրենք պատրաստ են շարունակելու, իրենք որևէ բանակցությունից չեն հրաժարվում, բայց նաև անընդունելի են համարում ադրբեջանական պայմանների, օրակարգի թելադրումը։ Այսինքն՝ Արցախի քաղաքական գիծը, նպատակը հստակ երևում են։ 

– Իսկ քաղաքական թեմայով քննարկումներն ինչպե՞ս պետք է ընթանան, երբ Ադրբեջանը չի համաձայնում միջազգային այդ մեխանիզմներին, հայկական կողմն էլ ասում է, որ այդ շփումը պետք է լինի Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ, և, ինչպես Ալեն Սիմոնյանն է պնդում, «հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն և այդ հնարավորությունը, կարծում եմ, լավագույնս օգտագործում են, ու իրենք են զբաղվում իրենց իրավունքներով», իսկ հայկական կողմն էլ աջակցում է դրան։

– Չեմ հասկանում, թե այդ ինչ հնարավորությունների մասին են խոսում, որովհետև խոսքն ընդամենը տարբեր պաշտոնյաների միջև շփումների մասին է ինչ-որ կենցաղային խնդիրների կարգավորման մասով։ Լուրջ քաղաքական երկխոսություն չի եղել, ու Բաքուն հենց դրանից էլ փորձում է հրաժարվել և ավելի ագրեսիվ հռետորաբանություն է որդեգրում, որպեսզի իր նշաձողերը բարձրացնի ու նախկինում ստանձնած խոստումները չկատարի։

– Իսկ այս պարագայում հայկական կողմի որդեգրած այս քաղաքականությունը ճի՞շտ է, որ շփումը պետք է լինի Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ։

– Շփումներն այսպես թե այնպես կլինեն ուղիղ, բայց՝ միջազգային մեխանիզմների ներքո, ի՛նչ ասել է ուղիղ շփում, նույնիսկ Երևան-Բաքու շփումն է միջնորդների միջոցով ընթանում։ 

– Նկատի ունեմ՝ Հայաստանի որդեգրած այն քաղաքականությունը, որ իրենք ասում են, թե չեն բանակցում Արցախի փոխարեն, այլ սատարում են Արցախի կայացրած որոշումները, այս պարագայում որքանո՞վ է ճիշտ, երբ Ալիևը հրաժարվում է Ստեփանակերտի հետ քաղաքական բանակցություն ունենալուց։

– Իրենք այդպես են ասում, որովհետև իրենք նույնիսկ Հայաստանի շահերը չեն կարողանում պաշտպանել այդ բանակցային սեղանի շուրջ, դա իրենց թուլության մասին է խոսում, որ իրենք ունակ չեն պաշտպանելու նույնիսկ Հայաստանի շահերը, դրա համար փորձում են հեռանալ Արցախի խնդրից։ Իհարկե, դրական կլիներ, եթե Բաքու-Ստեփանակերտ բանակցություն գնար միջազգային մեխանիզմներով, սա սուբյեկտայնության բարձրացման առումով նաև կարևոր քայլ կլիներ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հրաժարվում է դրանից, իհարկե Ադրբեջանը հրաժարվելու է։ 

– Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը որքա՞ն եք գնահատում, եթե նկատի ունենանք ադրբեջանական քարոզչական դաշտը։

– Բավականին բարձր, որովհետև այդ գիծը շատ հստակ տանում են՝ հատկապես Ալիևի այս վերջին ելույթներից հետո։ Դրա մասին, սակայն, հստակ կարելի է ասել օպերատիվ տեղեկությունների հիման վրա, այսինքն՝ եթե ՀՀ բարձրագույն ղեկավարությունը խոսում է էսկալացիայի մասին, ես հույս ունեմ, որ դա հենց հենված է օպերատիվ տվյալների վրա, այսինքն՝ իրենք համապատասխան մարմիններից ստացել են նման տվյալներ, որոնք հիմք են տվել նման եզրակացության։ 

Եթե կան այդ տվյալները, թող դրանք դրվեն այն միջնորդների սեղաններին, որոնք խոստանում են, թե շուտով խաղաղություն կլինի տարածաշրջանում, ու թող նրանք ցույց տան՝ որքանով ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա ու որքանով կարող են զսպել հերթական ագրեսիան, հակառակ դպքում նրանց միջնորդությունը իմաստազրկվում է։