«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայերի բռնի ուծացման քաղաքականությունն իր արմատներով հարում է թուրքական պետության ստեղծման հիմքերին․ պ․գ․թ․ Մհեր Աբրահամյան

12/09/2022

Generalnews.am-ի հյուրն էԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Մհեր Աբրահամյանը

- Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների ուսումնասիրության շրջանակներում առանձնակի ուշադրություն է գրավում Օսմանյան կայսրությունում հայերի բռնի իսլամացման հարցը, որի շուրջ զրուցելու ենք պ․ Աբրահամյանի հետ։ Կխնդրեի անդրադառնայիք հայերի հանդեպ Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացման քաղաքականության արմատներին։
- Հայերի և ընդհանրապես Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների բռնի ուծացման քաղաքականությունն իր արմատներով հարում է թուրքական պետության ստեղծման հիմքերին: Նրանք, չունենալով մշակութային գերակայություն, պետք է իրենցը դարձնեին այն գերմշակույթը, որ կար դարեր շարունակ այստեղ, իսկ ուծացման միակ տարբերակը նրանք կարող էին իրականացնել միայն իսլամի միջոցով, քանի որ եթե նրաք ընդունեին քրիստոնեությունը, այլ ոչ իսլամը, ապա նրանք կփոշիանային այս տարածաշրջանում: Հայերի բռնի իսլամացումը սկսվել է հենց սկզբից և հիմանականում ուժի միջոցով, սակայն նաև կիրառվել են տարբեր հնարքներ՝ ասենք հարկային, հայերին ստիպելու կամովին ընդունել իսլամ:

- Պարոն Աբրահամյան, խնդրում եմ ներկայացնեք հայերի բռնի իսլամացման փուլերը և մեթոդները, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմներով է իրագործվել այն ։
- Հայերի բռնի իսլամացման գործընթացը, ինչպես արդեն նշեցի, սկսվել է Օսմանյան պետության հենց սկզբնավորումից: Առաջին փուլերում, եթե կարելի է այսպես անվանել, հայերի համար ստեղծում էին անելանելի պայմաններ ու տանում իսլամ ընդունելու միջոցով խնդիրների թեթևացման, ինչի արդյունքում կան տեղեկություններ, որ հայ նախարարական տները որպես այդպիսին վերացան դառնալով քրդական աշիրեթներ. օրինակ՝ Մամիկոնյաննները՝ Մամըք, Ռշտունիները՝ Ռեշքոթա և այլն:  
Հաջորդ հիմնական և կարևոր փուլը դա Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանն է՝ սկսած 1870-ական թվականների վերջից, երբ Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ հայերի ոչնչացման իր ծրագրին: Բավականին մեծ թվով հայեր ընդունեցին իսլամ՝ փորձելով փրկվել սպանդից: Բայց արդեն երիտթուրքերի իրականացրած ցեղասպան գործողությունների ժամանակ հաշվի առնվեց, որ նախորդ շրջանում բռնի իսլամացած հայերը պայմանների բարելավման արդյունքում հետ էին վերադառնում իրենց կրոնին, ուստի այս անգամ ընտրվեցին հատուկ խմբեր իսլամացնելու համար. դրանք հատուկ մասնագիտության տեր մարդիկ էին և, որը  շատ կարևոր է, երեխանները ու հիմնականում երիտասարդ կանայք: Երիտթուրքերը համոզված էին, որ այս վերջին երկու խումբը այլևս չի վերադառնա իր ակունքներին և որպես էթնոս կվերանա՝ ձուլվելով թուրքերին: Կարելի է ասել, որ նրանք ճիշտ էին: Հետագայում որոշները արդեն խիստ մեծ տարիքում բացահայում էին իրենց, բայց դրանք շատ քիչ էին:

- Որպես նախորդ հարցի շարունակություն, խնդրում եմ լուսաբանել նաև Թուրքիայի հանրապետության տարիներին հայերի բռնի իսլամացման քաղաքականությունը՝ որպես ցեղասպան գործողությունների շարունակություն։
- Թուրքիայի նորաստեղծ հանրապետությունը 1920 թ․ պատերազմ հայտատարեց Հայաստանի առաջին Հանրապետության դեմ և այս պատերազմի արդյունքում Գյումիրում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիրը իրականացրեց ցեղասպան գործողություններ՝ կոտորելով 30 հազար հայի, բայց նա նաև ստեղծեց Գույբուզլեր Օրդուսու՝ Ամրակազմների բանակ, որտեղ ներառվեցին որբ հայ երեխաները, որոնք իսլամացվեցին և ծառայեցին թուրքական բանակին: Կարելի է ասել՝ սա ավանդույթների շարունակությունն էր, նոր ենիչերական բանակի ստեղծումը: Հետագայում Թուրքիայի հանրապետությունում, որպես այդպիսին, բռնի կերպով իսլամացումներ շատ քիչ են եղել, սակայն հարկային բեռի ծանրացման արդյունքում շատ հայեր լքեցին Թուրքիան՝ հայրենազրկվեցին, կամ շատ քիչ տոկոս ընդունեց իսլամ:

- Որպես ուսումնասիրող, հետազոտող՝ ի՞նչ կասեիք, արդյո՞ք մեր կողմից քննարկվող խնդիրը ևս տեղ է գտել թուրք պատմաբանների և քաղաքագետների մոտ, թե՞ նրանք շարունակում են հավատարիմ մնալ պետական ժխտողական քաղաքականության սկզբրունքներին։
- Հիմնականում լուռ են, սակայն կան նրանց մեջ գիտնականներ, որոնք դեմ են գնում թուրքական ժխտողական թևին և հանդես գալիս տարբեր աշխատություններով, որոնք ուղղված են լրացնելու մեր ունեցած փաստերը Հայոց ցեղասպանության մասին: Ահա այդպիսին է  և կարելի ասել լիարժեք աշխատող այս ուղղությամբ Թաներ Աքչամը, սակայն մենք չպետք է շատ մեծ ոգևորություն ապրենք և նրանց բարձրացնենք  վերևներ, այլ կարդալ, հասկանալ, տեղեկություն քաղել ու անցնել առաջ:

- Ի վերջո,  կխնդրեի կարճ լուսաբանեիք Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում» արդեն նաև հայերեն թարգմանված գիրքը ընթերցող լայն հանրության համար։
- Թաներ Աքչամի այս գիրքը փաստերով և նաև արխիվային նյութերով  տալիս է հայերի բնաջնջման՝ ցեղասպանության մի կարևոր հատվածի մասին տեղեկություն, ուստի կարևոր է կարդալ և հասկանալ, որ հայերի հանդեպ թուրքական բարեկամություն չի լինում պարզապես:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am