«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջազգայնագետ. «Ամենակարեւորը՝ Թուրքիայի նկատմամբ կարող ենք ճնշում գործադրել»

28/04/2021

«Հետքի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում եք ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավի պաշտոնակա՞ն դիրքորոշում, թե՞ նախագահ Բայդենի խիստ անձնական քայլ՝ ամերիկահայ համայնքին տված նախընտրական խոստման կատարում։
-Սա ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլեւ նրա քաղաքական թիմի դիրքորոշումն է։ Եվ ասեմ ավելին՝ քաղաքական թիմը բավականին լուրջ ազդեցություն, ինչու չէ, նաեւ ճնշում է գործադրել Բայդենի վրա, որպեսզի վերջինս գնա այդ ճանապարհով եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ առումով սա ոչ միայն Բայդենի, այլեւ ԱՄՆ-ի ամբողջ քաղաքական վերնախավի դիրքորոշումն է։ Եթե նկատել եք, սրա դեմ առանձնապես ելույթ ունեցող կոնգրեսականներ եւ սենատորներ չկան, որովհետեւ երկու տարի առաջ բոլորը կողմ են քվեարկել այն երկու բանաձեւերին, որոնք նույն Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում ներկայացված էին։ Այնպես որ, կարծում եմ, սա ոչ թե նախագահի անձնական, այլ ԱՄՆ-ի պաշտոնական դիքրոշումն է, որովհետեւ ԱՄՆ նախագահը անձնական կարծիք չի հայտնում։ Նա հայտնում է ԱՄՆ-ի պաշտոնական դիքրորոշումը եւ ձեւավորում է այն։
-1982-ին Ռոնալդ Ռեյգանը նույնպես հայտարարել էր Հայոց ցեղասպանության մասին, սակայն դրանից հետո ԱՄՆ նախագահները կրկին ձեռնպահ էին մնում նույն բանն անելուց: 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների եւ հիմա էլ նախագահ Բայդենի այս ճանաչումից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել: Տեսակետ կա, որ հիմա, առավել քան երբեւէ, մեծացել են Ցեղասպանությունն ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով ճանաչելու հնարավորությունները, ինչից հետո կարելի է լայնածավալ գործընթաց սկսել ամերիկյան դատարաններում:
-Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչ կոնտեքստում է ասվել Ռեյգանի հայտարարությունը 1982 թ․։ Նա, խոսելով Հոլոքոստի մասին, հղում է տվել նաեւ Հայոց ցեղասպանությանը։ Բայց այն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում չկար այդ պահանջատիրությունը հայ համայնքի կողմից կամ կար, բայց այդքան լուրջ եւ մեծ ձեւավորված պրոցես չկար։ ԱՄՆ նախագահ Ռեյգանն ընդհանուր առմամբ խոսում էր Հոլոքոստի մասին, եւ նրա օգնականը՝ Քեն Խաչիկյանը, ով գրել էր այդ ելույթը, հղում էր տվել Հայոց ցեղասպանությանը՝ մտածելով, որ գուցե պետդեպարտամենտում տեքստից հանվի այդ հատվածը, բայց չէր հանվել։ Համենայն դեպս, ամենամեծ տարբերությունն այն է, որ Ռեյգանի օրոք արտահայտված այդ միտքը չդարձավ ԱՄՆ-ի քաղաքական եւ պաշտոնական դիրքորոշում, իսկ Բայդենի պարագայում սա հստակ քաղաքական եւ պաշտոնական դիրքորոշում է, որը պետք է հաշվի առնել։
Ինչ վերաբերում է օրենսդրական առումով ճանաչմանը, դա բազմաբովանդակ հարց է։ Ի՞նչ է նշանակում օրենքով ճանաչում, ենթադրենք, քրեականացնել ժխտողականությունը։ ԱՄՆ-ում այդ ճանապարհով սովորաբար չեն գնում, որովհետեւ մտածում են, որ դա համարվում է խոսքի ազատության սահմանափակում եւ կարող է հակասահմանադրական դիտարկվել։ Նույնիսկ Հոլոքոստի պարագայում օրենքով չեն արգելում Հոլոքոստի մերժումը, սակայն կան հանրային, նաեւ իրավական որոշակի մեխանիզմներ, որոնցով ճնշման են ենթարկում այն մարդկանց կամ խմբերին, որոնք հերքում կամ մերժում են Հոլոքսոտի փաստը։
-Բայդենի ճանաչումը դժգոհության ալիք է առաջացրել թուրքական իշխանությունների շրջանում։ Այս օրերին ականատես ենք լինում պաշտոնական Անկարայի կողմից ԱՄՆ-ին ուղղված քննադատական հայտարարությունների։ Ի՞նչ սպառնալիքներ է տեսնում Թուրքիան՝ ի դեմս Բայդենի ուղերձի։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում՝ հաշվի առնելով թուրք-ռուսական առերեւույթ համագործակցությունը, մասնավորապես, Հարավային Կովկասում։
-Այս ճանաչումը նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների ցածր մակարդակի հետեւանք է։ Վերջին տարիների ընթացքում այս երկու ռազմավարական դաշնակից պետությունների հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա։ Այսքան լարված նրանց հարաբերությունները չեն եղել՝ սկսած, թերեւս, Կիպրոսի ճգնաժամից։
Բնական է, որ այս առումով լարում լինելու է, սակայն առանց դա էլ այդ լարումը կար նրանց հարաբերություններում։ Այս առումով նաեւ պատժում են Թուրքիային եւ անձամբ Էրդողանին։ Սա նաեւ լուրջ նվեր է Թուրքիայի ընդդիմությանը, որպեսզի ճնշում գործադրեն Էրդողանի վրա, եւ եթե հաշվի առնենք վերջին ժամանակահատվածում այն ակտիվ հայտարարությունները, որ պիտի ակտիվ աջակցել թուրքական ընդդիմությանը, մենք կհասկանանք, որ այս ճանաչումը պետք է դիտարկենք նաեւ այդ համատեքստում։ Ինչու չէ, Թուրքիային պատժում են այլ գործողությունների համար։
Եվ եթե ընդհանուր առմամբ Թուրքիային անհրաժեշտ լինի ինչ-ինչ գործողություններ սրել կամ սրացումներ մտցնել Հարավային Կովկասում, չեմ կարծում, թե նրանց դրա համար պետք է ինչ-որ պայման, պատճառ կամ նախադրյալ, առանց դրա էլ իրենց շահերը կսպասարկեն ագրեսիվ ձեւով եւ ագրեսիվ գործողություններ կիրականացնեն Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։ Այնպես որ, այս ճանաչումը որեւէ կերպ չի կարող դառնալ լարվածության մեծացում։ Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ճանաչումը։ Ըստ էության, Հայաստանն այս ճանաչման հետ կապ չունի, որովհետեւ սա ԱՄՆ նախագահի կողմից ճանաչում է, եւ նախագահը խոստում է տվել իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, ու կատարել է խոստումը։ Այսինքն՝ մեծ հաշվով, այս պրոցեսի հետ Հայաստանի Հանրապետությունը որեւէ կապ չունի։
-ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ի՞նչ կտա Հայաստանին։ Ի՞նչ գործընթացների սկիզբ այն կարող է դառնալ։
-Բնականաբար, սա շատ լավ նախադեպ է Հայաստանի համար: Եթե Ցեղասպանության միջազգային ճանաչումը կա մեր օրակարգում, ապա սա փայլուն նախադեպ է, որ Հայոց ցեղասպանությունը վերջապես միջազգային ճանաչում ստանա։ Երկրորդ՝ սրա կապիտալիզացիան կարող է լինել՝ նաեւ հետեւելով Իսրայելի օրինակին: Ամենակարեւորը՝ Թուրքիայի նկատմամբ կարող ենք ճնշում գործադրել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը Թուրքիային ճանաչեց ցեղասպան պետություն: