«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

400 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ ՄԻՆՈՒՍ ՊԵՏՏՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՀԱՐԿԵՐԸ

17/05/2022

Մայիսի 16-ից մեկնարկում է կամավոր ատեստավորման  2022 թ․ հայտերի ընդունման փուլը։ Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am), մինչեւ հունիսի 7-ը: Այս տարի կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները:
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները եւս ներառվելու են մեկ թեստում։

5-12-րդ դասարաններում դասավանդվող առարկաների ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից:   
«Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաեւ ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց եւ փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացվի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց եւ փակ հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով, ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 հազար դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելավճարը: Նա նշեց, որ այս պահին ունենք ավելի քան 2 տասնյակ ուսուցիչներ, որոնք շուրջ 400 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ են ստանալու կամավոր ատեստավորման դրույքաչափի եւ հավելավճարի արդյունքում։
Հարցին, թե 400 հազար դրամ աշխատավարձն ուսուցիչների կողմից մանիպուլյացիա է որակվել, որովհետեւ եթե այդ գումարից հանես պետտուրքերը, արդյունքում շատ ավելի պակաս է հաշվվելու, փոխնախարարն էլ իր հերթին է զարմանք հայտնել, քանի որ «ցանկացած աշխատավարձ իր մեջ ներառում է հարկերը եւ տուրքերը, ու սա նորություն չէ։ Ես զարմանում եմ, որ անընդհատ պետք է մարդկանց հիշեցնել, որ իրենց աշխատավարձը ներառում է պարտադիր վճարներ։ Սա սկզբունքային հարց է, եւ նման հարց չպետք է հնչի, այդ աշխատավարձը ներառում է բոլոր պարտադիր վճարները, եւ այդ տրամաբանությամբ մենք պետք է գործենք»։  

Համաձայն կարգի՝ ատեստավորումից 20 օր առաջ հրապարակվելու են առարկայական ուղեցույցները, որտեղ ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, առաջադրանքների նմուշները։

Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Նոր հոկտեմբերից հավելավճարները կհաշվարկվեն ըստ ցուցաբերված արդյունքների, իսկ բարձրացված հավելավճարը սահմանվելու է 5 տարի ժամկետով։  

Ուսուցիչները կամավոր ատեստավորումը համեմատել էին «Ֆորտ բոյար» խաղի հետ, իսկ նրանցից մեկը դիմել էր փոխնախարարին՝ հարցաշարերը նախօրեք հրապարակելու կոչով․ «Տիկի՛ն Անդրեասյան, հարցաշարերը հրապարակե՛ք նախապես, դա մարդու եւ ուսուցչի իրավունքի ոտնահարում է։ Տնօրենների հարցաշարը նախապես հրապարակել եք, այդպես վերաբերվեք նաեւ ուսուցչին, թեպետ ես դեմ եմ կամավորին, քանի որ մասնակցելու դեպքում չի նշանակում, որ դու լավ ուսուցիչ ես եւ այլ խնդիրներ չունես։ Ամեն դեպքում՝ կառավարությունն այս պահին դուք եք եւ այդպես եք որոշել, ուրեմն ստեղծեք շտեմարաններ եւ նոր պահանջեք, այլապես գործընթացը կիսատ կմնա, նպաստեք, որ բոլորն անցնեն, եւ շերտավորում չառաջանա»։

Մեկ այլ ուսուցիչ էլ հետաքրքրվել է, թե հայոց եւ համաշխարհային պատմությունը միասնական թեստի մեջ միավորելը որքանո՞վ է արդարացված։ «Այն դեպքում, երբ այդ երկու տարբեր առարկաների միասնական քննությունն էլ է տարանջատված։ Նախորդ տարի միայն «Հայոց պատմությամբ» է եղել ատեստավորումը, թե՞ պարզ դարձավ, որ այս անգամ շատ ուսուցիչներ կմասնակցեն, եւ բյուջեն պատրաստ չէ այդքան ուսուցչի աշխատավարձի բարձրացման...»։