Ուկրաինան գրոհել է Թաթարստանի և Սամարայի մարզի խոշոր նավթաքիմիական գործարանները
Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 12-ի գիշերը գրոհել են Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի երեք օբյեկտներ։ Նիժնեկամսկում (Թաթարստան) հարվածի տակ է հայտնվել երկրի խոշորագույն նավթաքիմիական գործարաններից մեկը՝ «Նիժնեկամսկնեֆտեխիմը» (ՆԿՆԽ), հայտնել են մոնիթորինգային ալիքները։ Ձեռնարկությունը պատկանում է «Սիբուրին» և արտադրում է սինթետիկ կաուչուկներ, պլաստմասսա, մոնոմերներ և պոլիէեթերներ։
Մեկ այլ հարված հaսցվել է Նիժնեկամսկի «Տանեկո» նավթավերամշակման գործարանին (ՆՎԳ)։ Տեսանյութում երևում են երկու ուժեղ հրդեհներ՝ խիտ սև ծխով։ Նախնական տվյալներով՝ վնասվել են նավթի առաջնային վերամշակման երկու առանցքային կայաններ, ինչպես նաև պահեստարանների պարկը։ Գործարանը պատկանում է «Տատնեֆտին», տարեկան հզորությունը՝ 16,2 մլն տոննա։ Բացի այդ, հաղորդվել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է 12 հարկանի բնակելի շենքի, տուժել է երեք մարդ։ Բնակիչներին տարհանել են։
Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ քաղաքում չեղարկվել են Ռուսաստանի օրվան (որը նշվում է հունիսի 12-ին) նվիրված բոլոր տոնական միջոցառումները։ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հաստատել է, որ անօդաչուները հասել են Զակամիե՝ հավելելով, որ «գրոհի ենթարկված ձեռնարկությունները օպերատիվորեն վերացնում են հետևանքները»։ Նրա խոսքով՝ «արտադրական գործընթացները չեն դադարեցվել»։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում գտնվող «Տոլյատտիկաուչուկ» քիմիական գործարանին։ Ձեռնարկությունը պատկանում է «Տատնեֆտին» և արտադրում է սինթետիկ կաուչուկներ, մոնոմերներ, պոլիմերներ, ինչպես նաև ավտոմոբիլային բենզինի հավելանյութեր։ Քաղաքապետ Իլյա Սուխիխը հաստատել է «արդյունաբերական օբյեկտի» վնասումը «անօդաչուի ընկնելու» հետևանքով։ Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչուների գրոհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
https://news.am/hy/news/1043011