«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին

28/07/2021

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին այսօր 1lurer.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կրկին կդիմի ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճկաին, Ռուբինյանը նշեց․

«Այս պահի դրությամբ մենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում ենք տեղի ունեցածի վերաբերյալ ու ակնկալում ենք համապատասխան արձագանք։ Իսկ այն սուբյեկտների հետ, որոնց հետ մենք ունենք իրավապայմանագրային բազա, որը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար, մենք օգտագործում ենք այն գործիքակազմը, որը նախատեսված է ըստ պայմանագրերի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։