Մեր դիտարկումները Իրանի շուրջ ընթացող պատերազմի վերաբերյալ. Աշոտ Ներսիսյան
Այս փուլում թվում է, որ Իրանի շուրջ ընթացող ռազմական զարգացումները կարող են դեռ որոշ ժամանակ ձգձգվել, սակայն մի շարք հանգամանքներ վկայում են, որ երկարաժամկետ հեռանկարում Իրանի դիրքերը գնալով թուլանալու են։
Առաջին հերթին պետք է նկատել, որ Իրանի հրթիռային ենթակառուցվածքը արդեն զգալի հարվածներ է ստացել։ Ճշգրիտ հարվածների արդյունքում մեծամասամբ վնասվել կամ շարքից դուրս են բերվել հրթիռ արձակող մի շարք կայաններ, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն նվազեցնելու է Իրանի կարողությունները հարվածներ հասցնելու Իսրայելին, Կասպից ծովի ավազանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև տարածաշրջանում գործող ավիակիր նավերին։
Երկրորդ կարևոր հանգամանքը Իրանի գրեթե լիակատար մեկուսացումն է։ Թեև հաճախ նշվում է Ռուսաստանի գործոնը, սակայն իրականում Ռուսաստանը այսօր չի կարող լուրջ աջակցություն ցուցաբերել Իրանի իշխանություններին։ Ուկրաինական պատերազմի պայմաններում նա ինքն է գտնվում լուրջ ռազմական և տնտեսական ճնշման տակ և չունի այնպիսի ռազմական ավելցուկ, որը կարող էր ուղղել դեպի Իրանի աջակցությունը։
Տարածաշրջանային միջավայրն էլ աստիճանաբար փոխվում է։ Կասպից ծոցի ավազանի երկրները, որոնք արդեն որոշ չափով հակաիրանական դիրքերում են, շարունակվող հարվածների պայմաններում գնալով ավելի կոշտ դիրքորոշում կարող են ընդունել։ Իրանի համար փաստացի մնացած հիմնական գործընկերներն այս փուլում Եմենն ու «Հզբոլահ»-ն են, սակայն վերջինս արդեն զգալիորեն թուլացած է և նրա ռազմական հնարավորությունները երկարաժամկետ դիմակայության համար սահմանափակ են։
Չինաստանի դիրքորոշումը ևս առանձնահատուկ է։ Թվում է, թե նա վարում է երկակի քաղաքականություն՝ մի կողմից չցանկանալով Իրանի ամբողջական անկումը, մյուս կողմից աշխատելով իր ռազմավարական շահերի ուղղությամբ։ Արդեն այսօր նկատելի է, որ Չինաստանը աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը Ռուսաստանի արևելքում՝ փոխելով նույնիսկ տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։ Հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում ձևավորվի նոր աշխարհակարգ, որտեղ Ասիայում գերիշխող դեր կունենա Չինաստանը, իսկ Միջին Արևելքում հիմնական դերակատարը կմնա Միացյալ Նահանգները։
Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև Իրանի ներքին իրավիճակը։ Եթե պատերազմը թեկուզ որոշ չափով երկարաձգվի, ապա երկրի ներսում հակաիշխանական տրամադրությունները կարող են ավելի ակտիվ դառնալ։ Ռազմական վերնախավը աստիճանաբար մաշվելու է, իսկ հասարակության ներսում կուտակված դժգոհությունը կարող է վերածվել կազմակերպված դիմադրության։
Այս համատեքստում հնարավոր է, որ արտաքին դերակատարները այս փուլում չհետապնդեն Իրանի անվերապահ կապիտուլացիայի սցենարը։ Ավելի հավանական է անցումային քաղաքական կառուցվածքի ձևավորման փորձը։ Այդ առումով հաճախ քննարկվում է նաև այն տարբերակը, որ որոշ շրջանակներում դիտարկվում է անցումային կառավարություն ձևավորելու հնարավորությունը՝ Իրանի ներկայիս քաղաքական դաշտի որոշ գործիչների շուրջ։
Ընդհանուր առմամբ, որքան էլ տարբեր սցենարներ քննարկվեն, դժվար է պատկերացնել, որ իսլամական ֆունդամենտալիստական կառավարման մոդելը կարող է երկարաժամկետ գոյություն ունենալ ներկա պայմաններում։ Նման համակարգերը սովորաբար ունեն սահմանափակ կենսունակություն, և արտաքին ճնշումների ու ներքին ճգնաժամերի համադրության դեպքում նրանք բավական արագ են կորցնում իրենց կայունությունը։Եթե դիտարկենք խնդիրը նաև պատմական տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ նման երևույթներ Իրանի պատմության մեջ եղել են նաև նախկինում։ Աքեմենյան պետությունը, որը ներքուստ արդեն զգալիորեն թուլացած էր, չկարողացավ դիմակայել Մակեդոնացի Ալեքսանդրի արշավանքին։ Սասանյան Իրանը, որի պետական համակարգը նույնպես ճահճացած էր, բավական արագ փլուզվեց արաբական նվաճումների ժամանակ։ Իսկ Սեֆյան Պարսկաստանը երկար ժամանակ պարզապես գոյատևում էր՝ աստիճանաբար կորցնելով իր նախկին ուժը մինչև վերջնական անկումը։
Այս պատմական օրինակները ցույց են տալիս, որ արտաքին ճնշումների և ներքին համակարգային ճգնաժամի համադրությունը հաճախ հանգեցնում է պետական կառուցվածքի արագ թուլացման։
Այսպիսով, ներկայիս իրավիճակում կարելի է ենթադրել, որ Իրանի շուրջ զարգացող գործընթացները դեռ կարող են որոշ ժամանակ շարունակվել, սակայն երկարաժամկետ հեռանկարում գործող վարչակարգի կայունությունը լուրջ հարցականի տակ է։ Ռեժիմի փոփոխությունը, եթե այն տեղի ունենա, ամենայն հավանականությամբ կբերի ոչ թե Իրանի ուժեղացման, այլ ժամանակավոր թուլացման՝ առնվազն տարածաշրջանային ուժերի հարաբերակցության տեսանկյունից։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ