«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի, և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը

30/11/2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծում է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի արձագանքում իրենց կոչերին և կանխակալ վերաբերմունք ունի 2 կողմերի հայտարարությունների նկատմամբ:

«Ցավալի է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին»: Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ  տարածած  հաղորդագրության մեջ։

Խոսքը Լեռնային Ղարաբաղ  անունը ռուսական հաղորդագրություններում չկիրառելու մասին է, քանի որ արդեն մի քանի օր՝ Ադրբեջանը նման տարօրինակ պահանջ է ներկայացնում և պնդում, որ ռուսական կողմն անտեսում է իր պահանջները:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունների հիշատակումը հայկական հորինված տեղանուններով, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը։ 

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդակցություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր տարածքի անունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղանունների ադրբեջաներեն տարբերակները կիրառել՝ որպես օրինակ նշելով Մարտակերտն ու Մարտունին: