Ռուսաստանի տնտեսական ճնշումը Հայաստանի նկատմամբ․ քաղաքական հաշվարկներ և հնարավոր հետևանքներ. Վահե Պողոսյան
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը նոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքատեսակների վրա (ձկան, մրգերի, բանջարեղենի, հանքային ջրերի և այլ գյուղատնտեսական ապրանքների): Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ այս միջոցառումները բացառապես կապված են սանիտարական և բուսասանիտարական հիմնախնդիրների հետ: Այնուամենայնիվ, սահմանափակումների ժամկետը և ծավալը բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ դրանք տեղի են ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև աճող քաղաքական լարվածության ֆոնին և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Ըստ վերլուծությունների՝ առևտրային այս սահմանափակումները Կրեմլի կողմից Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու ավելի լայն ջանքերի մի մասն են՝ ԱՄՆ-ի և Եվրոպական Միության հետ խորացող սերտ կապերի պատճառով: Վերջին շաբաթներին Ռուսաստանը նաև զգուշացրել է Հայաստանին էներգամատակարարման և տնտեսական համագործակցության վրա հնարավոր հետևանքների մասին, եթե Երևանը շարունակի շարժվել դեպի Արևմտյան ինտեգրացիա: Այս քայլերը հաշվի առնելով, կարող ենք եզրահանգել, որ Մոսկվան օգտագործում է տնտեսական լծակները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ուղղության նկատմամբ իր դժգոհությունը ցույց տալու համար։
Քաղաքական տեսանկյունից Ռուսաստանի քննադատները պնդում են, որ սահմանափակումները նախատեսված են թուլացնելու Հայաստանի տնտեսությունը և ստեղծելու հանրային դժգոհություն ընտրություններից առաջ, ինչը պետք է բերեր՝ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության լեգիտիմության նվազման։ Մինչ Ռուսաստանը հերքում է Հայաստանի ներքին գործերին միջամտելը, մի շարք միջազգային դիտորդներ և զեկույցներ պնդում են, որ Մոսկվան փորձում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում և կանխել երկրի շարունակական շրջադարձը դեպի արևմտյան կիսագնունդ: Վերոնշյալը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ այս միջոցառումները ոչ միայն չեն ապահովում իրենց ենթադրյալ քաղաքական նպատակների իրականացումը, այլև նպաստում են Հայաստանում Ռուսաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի և անվստահության խորացմանը։
Վահե Պողոսյան, ք.գ.թ., «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող