Ֆիդանը Նեթանյահուի կառավարությանն անվանում է «մոլեռանդ և ցեղասպան»
Թուրքիայի արտգործանախարարության «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի` «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի մասին:
Նստաշրջանին զուգահեռ անցկացվել էր «Քաղաքակրթությունների դաշնային և բարեկամական խմբի արտգործնախարարների նիստ», որի ժամանակ Ֆիդանն անդրադարձել էր Պաղեստինի հարցին:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի վերջնանպատակը Պաղեստինի խնդրի լուծման հարցում ունեցած սեփական տեսակետի կյանքի կոչումն է, որով պետք է ստեղծվի երկու պետություն:
Ֆիդանը նաև շնորհավերել է Պաղեստինին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների մեջ հայտնվելու առթիվ և ընդգծել այդ պետության ՄԱԿ ամբողջական անդամ դառնալու կարևորությունը:
«Սակայն կարևոր է, որ Պաղեստինն առանց ուշացման դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ»:
Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինի նկատմամբ վարվող քաղաքականությանը, ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «մոլեռանդ» կառավարությունը բացահայտ կերպով «ցեղասպանական արշավ» է իրականացնում պաղեստինցիների դեմ:
Նշենք, որ Իսրայելի և Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների միջև վերջիններիս նախահարձակմամբ ռազմական լայնամասշտաբ բախումը մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 7-ին և շարունակվում է մինչ օրս:
Բախումներից հետո Թուրքիան անմիջապես որդեգրեց հակահրեական քաղաքականություն, որին հաջորդեց առևտրի ամբողջական դադարեցման և Իսրայելի կողմից ցեղասպանության իրականացման մասին հայտարարությունները, սակայն հատկանշական է, որ մինչ օրս իրարամերժ տարբեր լուրեր են տարածվում՝ առևտուրը շարունակելու մասին:
Այս ամենին զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է յուրաքանչյուր հնարավոր հարթակում խոսել Պաղեստինի խնդրի մասին:
https://www.ermenihaber.am/