«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անսպասելի՞ հաղթանակ․ միջազգային մամուլը՝ Հայաստանի ընտրությունների մասին

21/06/2021

Միջազգային մամուլի ուշադրությունից ևս դուրս չեն մնացել Հայաստանում  հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Վերլուծությունները տարբեր են,  իրավիճակի գնահատումները նույնպես։

BBC-ի գնահատմամբ՝  իշխող քաղաքական ուժը վստահության  անսպասելի  բարձր քվե է ստացել, «Կոմերսանտ»-ի վերլուծությոմբ՝  ընտրությունները չեն լուծել  գլխավոր՝ հանրային հաշտեցման հարցը։ 

Փաշինյանի հաղթանակը՝ անսպասելի․ BBC

Փաշինյանի անսպասելի հաղթանակը․ նման գլխագրով է հայաստանյան ընտրություններին անդրադարձել BBC–ի ռուսական ծառայությունը։ Ներկայացնելով ընտրությունների նախնական  արդյունքները՝ լրատվամիջոցն իշխող ուժի ստացած ձայների քանակն անսպասելի բարձր է գնահատել՝ հիշեցնելով, որ պատերազմից հետո գործող վարչապետի վարկանիշը էականորեն  սասանվել էր։

Ձայների 54 տոկոսը ստանալով՝ իշխող քաղաքական ուժը վերցրել է  մանդատների մեծամասնությունը և միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստացել՝ արձանագրում է BBC-ն և նկատում՝   փորձագետների ու սոցհարցումների կանխատեսումներով իշխող ուժի հաղթելու շանսերն ավելի համեստ էին ։

Հոդվածի հեղինակը նաև արձանագրում է՝ իշխանությանը տրված քվեն նաև բողոքի  ձայն էր  ընդդեմ երկու նախկին նախագահների գլխավորած ընդդիմադիր ուժերի։ Ըստ հեղինակի՝ ընտրությունները վերջնականապես  հասկացնել տվեցին, որ մարդիկ դեմ են նախկին ռեժիմի վերադարձին։

BBC–ին նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն է անդրադարձել, որում խոսվում է զանգվածային խախտումների մասին  և դիտարկվում է  ՍԴ–ում ընտրությունների արդյունքն ու ելքը վիճարկելու հարցը։   

Լրատվամիջոցի ա՝ սպասվածից բարձր է  եղել նաև մասնակցությունը ։ «Նախընտրական քարոզարշավը հնարավորություն տվեց մոբիլիզացնել ընտրազանգվածին և ապահովել մասնակցության անսպասելի ցուցանիշ՝ ի հակադրություն փորձագետների այն  կանխատեսումների, թե Ղարաբաղյան պատերազմից հետո հանրությունը  ապատիայի և հուսալքության վիճակում է։ 

Երևանը չի դիմանա երկուսին. «Կոմերսանտ»

 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն էլ այս գլխագրով ազդարարում է՝ խորհրդարանական ընտրությունները վերջնականապես բարիկադների երկու մասի բաժանեցին  հասարակությունը։

Լրատվամիջոցի գնահատմամբ՝ Երկու առաջատար քաղաքական ուժերի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անհաշտ դիմակայության հետևանքով  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները դարձան  ամենասկանդալայինը Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ: «Այն իրավիճակում, երբ կողմերից ոչ մեկը պատրաստ հաշտեցման, պայքարը իշխանության համար կշարունակվի անկանխատեսելի հետևանքներով»,-գրում է պարբերականը և նկատում ՝  ընտրությունները վերածվեցին  մեկ  հարցի պատասխանի  փնտրտուքի՝ ով է մեղավոր երկրում տեղի ունեցած բազմաթիվ դժբախտությունների համար՝ ներկա՞,  թե՞ նախկին իշխանությունները։ 

Առանց գնահատականների «Եվրանյուզ»

Եվրանյուզը հայաստանյան ընտրություններին  անդրադարձել է թվերով՝ առանց խորը վերլուծությունների։  Ներկայացնելով նախնական արդյունքները՝ առանձնացրել է վարչապետի պաշտոնակատարի խոսքի այն հատվածը, ըստ որի՝ ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը՝ իր ձայնը տալով  ՔՊ–ին։ Եվրանյուզը ներկայացրել է նաև ընտրողներից մեկի խոսքը․ «Փոփոխությունների հույս ունեմ։ Հայաստանը ոտքի կկանգնի տնտեսապես, և քաղաքականապես»։

Մոսկվան ընտրության արդյունքները չճանաչելու իրավունք չունի․ «Ինտերֆաքս»

«Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին՝ ընդգծելով․ «Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն կերպով կազդի հայ– ռուսական հարաբերությունների վրա, քանի որ դրանք  արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կալաշնիկովը:

Կալաշնիկովը նաև կարծիք  է հայտնել, որ եթե խորհրդարանական մեծամասնություն ստանար Քոչարյանի դաշինքը, դա հավելյալ տուրբուլենտություն կստեղծեր հայ-ռուսական հարաբերություրններում՝ չնայած հին գործընկերությանը։ Դա բոլորը հասկանում էին՝ ասել է ռուս պաշտոնյան և համոզմուքն հայտնել, որ Մոսկվան, ամենայն հավանականութամբ կճանաչի այս ընտրությունները։

 

Աղբյուր՝   «Ռադիոլուր»