«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արա Գևորգյանը «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքի համար դատարան դեռ չի դիմել. կոմպոզիտորը հերքում է համացանցում տարածված լուրերը

10/01/2022

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցիները վերագրում են ադրբեջանցի հեղինակի, հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե ինքը շահել է Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական հայցը, ըստ որի՝ նրանք ընդունել են, որ «Արցախի» հեղինակը Գևորգյանն է: Կոմպոզիտորն ընդգծում է, որ հայցը դեռ մշակման փուլում է և չի ներկայացվել դատարան:

Գևորգյանը շեշտում է, որ դեռ նախորդ տարի իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ որոշել են հայց մշակել, սակայն դատարան չեն դիմել, քանի որ այժմ Սահակյանը զբաղված է հայ գերիների խնդրով: Արա Գևորգյանը վստահ է՝ դիմելու դեպքում, անպայման շահելու են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել և նշել, որ «Արցախ» ստեղծագործությունը ոչ մի ադրբեջանցի չի գրել: «Ես պատրաստել էի «Story about Artsakh music» («Արցախ» երաժշտության պատմությունը) փաստավավերագական ֆիլմը, որը պատմում է իմ ստեղծագործության մասին»,-նշում է Գևորգյանն ու հավելում, որ ավելի վաղ ադրբեջանցիները երաժշտությունը վերագրել են Ֆիքրեթ Ամիրովին, որի որդին հերքել է լուրը:

Գևորգյանը հավաստիացնում է, որ դատական գործընթաց անպայման կսկսեն, երբ գերիների հարցը լուծվի: Նրա խոսքով՝ եթե նայենք «Story about Artsakh music» ֆիլմը, որը նաև ադրբեջաներեն է, կտեսնենք «Արցախ»-ին վերաբերող հեղինակային իրավունքները, փաստեր, փաստաթղթեր, նաև այն, որ ադրբեջանցիները երաժշտությունն օգտագործում են առանց ոչինչ փոխելու: «Անգամ նրանք չեն կատարում, միացնում են իմ կատարումը իրենց երկրում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ, իմ ձայնագրությունը ներկայացնում են իրենց բանակի, գորգերի մասին պատմող ֆիլմերում: Դա նրանց խայտառակությունն է»,-շեշտում է կոմպոզիտորը:

Նա հավելեց, որ դատ դեռ չի սկսվել, սակայն Սիրանուշ Սահակյանը դեռ նախորդ տարվանից պատրաստվում է հայց ներկայացնել: «Մենք  ցանկանում ենք Եվրոպական դատարանի միջոցով հարցը լուծել, որովհետև  ադրբեջանական ֆիլմերում իմ երաժշտությունն է, հրավառություն են անում ու իմ երաժշտությունն են միացնում»,- շեշտեց Գևորգյանը: