«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը «Խաղաղության պայմանագրի» շուրջ իր առաջարկների վերաբերյալ. Միրզոյան

28/11/2022

Հայաստանը նախօրեին ստացել է Ադրբեջանի պատասխանը «Խաղաղության պայմանագրի» շուրջ իր առաջարկների վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները»,- նշել է նա:

Այսպիսով, ընդգծել է նախարարը, քննարկումները շարունակվում են: «Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»,- հավաստել է նա՝ չմանրամասնելով Ադրբեջանի պատասխանի էությունը։

Նշենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանը հինգ կետերից բաղկացած փաստաթուղթ էր առաջարկել Հայաստանին, իբրև «խաղաղության պայմանագիր»։ Այն ներառում էր երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, որևէ տարածքային նկրտումներից միմյանց հանդեպ հրաժարում, ուժի չկիրառում, սահմանների դեմարկացիա, ինչպես նաև կոմունիկացիաների բացում։
Հայաստանը այս առնչությամբ նշել է, որ դեմ չէ այս առաջարկներին, սակայն դրանք չեն ներառում հայ-ադրբեջանական կարգավորման ողջ օրակարգը, ակնարկելով Արցախի հարցի լուծված չլինելը։ Այս համատեքստում Հայաստանը իր առաջարկներն է ուղարկել Ադրբեջանին փաստաթուղթը լրամշակելու համար։