«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընտրությունը սևի և ավելի սևի միջև է. մի թևը գլխավորում է Փաշինյանը, մյուսը՝ Քոչարյանը

12/05/2021

Ցավոք սրտի հիմա ընտրությունը ոչ թե սև ու սպիտակի միջև է, այլ սևի և ավելի սևի. երկուսն էլ սև են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ից հետո այլևս սև ու սպիտակ գոյություն չունի, համատարած սևերն են. «Նրանց մի մասը դիմացիներին անվանում է հողատու, իսկ նրանք էլ հակադարձում են՝ նախկիններ, հանցագործներ, դավաճաններ: Ցավոք պայքարը գնալու է այդ երկու թևերի միջև: Սևերի մի թևը գլխավորւմ է Նիկոլ Փաշինյանը, մյուս թևը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Դա պատահական չի ստացվել: Այս երեք տարվա ընթացքում ամեն ինչ արվեց ապիկար իշխանությունների կողմից, որ իրենց ընդդիմախոսը լինեն նախկինները՝ սևերը, իսկ իրենք դեռ սպիտակների քողի տակ էին: Իրենք փաստորեն, մտածված, ծրագրավորված սնեցին այդ ուժերին, որոնք հիմա դարձել են իրենց հիմնական մրցակիցը: Ես երբ զրուցում եմ ժողովրդի հետ, ասում են՝ եթե Նիկոլին չընտրենք, Քոչարյանն է  գալու, և դա նպատակային սարքել են այս իշխանությունները: Դրա արդյունքում է, որ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո ոչ միայն ողջ են, այլև իշխանությունը պահում են: Իրենք պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն նախկիններին, 17 ուժերին, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանին: Իրենց կյանքի երաշխիքը նախկիններն են»,-հայտարարեց Մակեյանը:
Հարցին, թե հասարակությունն այս պայմաններում ի՞նչ ընտրություն ունի, նա պատասխանեց. «Անկախացումից հետո մենք ունեինք մի հասարակություն, որի մի մեծ հատվածը տառապում էր Խորհրդային Միության կարոտախտով: Վերջին 20-25 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունները հասարակությանը դեգրադացիայի ենթարկեցին: 2015-ին և 2017-ին հանցագործ համակարգը կրիմինալի հսկողության տակ հասարակության 95 տոկոսին ընտրակաշառքով ընտրությունների տարավ: Հիմա այդ որակի քաղաքացիները կարո՞ղ են դառնալ հասարակություն:
Այն, որ այսօրվա իշխանությունը անընդհատ ստում է, սուտը ստով է փակում, հենց այդ հասարակության չգոյության պարագան է: Եթե մենք ունենայինք նորմալ հասարակություն, այս որակի իշխանություն և այս որակի ընդդիմություն չէր լինի: Նորմալ հայի տեսակը վերջին 30 տարում պահանջված չէ Հայաստանում»:
Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե դատական համակարգի լուրջ բարեփոխումներ են սկսել, ոչ մի հանցագործ չկա կալանավայրերում՝ նշելով. «Հերթական ստերն է ասում, մանիպուլյացիան է անում, կամ ժողովրդական լեզվով ասած, մեյմունություն է անում: Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց ՝ «վնգստացող դատավորներ», նրանք, որոնք արժանապատվություն ունեին, սկսեցին անտեսել գործող իշխանությանը և նորմալ վճիռներ կայացնել: Մի մասը մտածում է, որ նրանք փոխկապակցված են նախկինների հետ: Եթե քո իշխանության ժամանակ նրանք նախկիններին են լսում, ուրեմն դու իշխանություն չես: Իսկ եթե մտածում է, որ ինքը չի փորձել դատական իշխանությանը միջամտել ու Սերժին նմանվել, եթե պետք եղավ, ես փաստերով կապացուցեմ, որ ինքը այդ ոլորտում ևս Սերժին նմանվել է: Ես այդ փաստերը չեմ հրապարակում, որպեսզի սևը սևին չսպասարկեմ: Երկու կողմն էլ սև են: Եթե այդ փաստերը հրապարակեմ, կաջակցեմ սևերից մեկին: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, մեր ասելիքը և նոր սևերին կասենք, և հին սևերին»:
Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, որ իրենց դաշինքը դեռևս ձևավորված չէ, անունը նախնական որոշել են՝ «Ազատ Հայրենիք»: