«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն Իրաքին կվերադարձնի ավելի քան 4000 տարվա վաղեմության երկու արժեքավոր արտեֆակտ

18/01/2022

ԱՄՆ-ն Իրաքին կհանձնի երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված երկու արժեքավոր արտեֆակտ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ ալ Սահհաֆը։
«Լոս Անջելեսում Իրաքի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համակարգելով և համագործակցելով, կստանա 4 հազար տարեկանից ավելի երկու արտեֆակտ։ Դա հնարավոր է դարձել [իրերի] առգրավումից հետո,  ԱՄՆ իշխանությունների  իրաքյան հնությունների ապօրինի առևտրի և հայրենիք վերադարձի շրջանակներում»,- ասել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը, որը մեջբերում է INA լրատվական գործակալությունը:
Աս-Սահհաֆը նշել է, որ առաջին կետը հին շումերական Ուր քաղաքի սեպագիր տախտակն է, երկրորդը՝ Հին Բաբելոնի ժամանակաշրջանի սեպագիր տեքստի մի հատված է: Նա նաև հավելել է, որ արտեֆակտների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Լոս Անջելեսում՝ Իրաքի գլխավոր հյուպատոսությունում։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 2014 թվականի ամռանը գրավել են Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, և այն հռչակել, այսպես կոչված, խալիֆայության մայրաքաղաք։
2015 թվականին, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ են սկսել ծայրահեղականների կողմից գրավված տարածքներն ազատագրելու համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարել են 2017 թվականի դեկտեմբերին։ Այս ընթացքում Իրաքի տարածքներում գործող ահաբեկիչները յուրացրել և երկրից հանել են հազարավոր արժեքավոր իրեր և հնություններ, ավերել  են բազմաթիվ թանգարաններ և պատմական վայրեր, թալանել զգալի հնագիտական ​​գոտիներ՝ անօրինական պեղումներ կատարելով դրանց վրա։