«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Լավրովի այցը նպաստելու է միջանցքի հնարավորինս արագ բացմանը». Սուրեն Սուրենյանց

28/02/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Բաքու։

– Բնականաբար, այցի ֆորմալիստական առիթը կապված է անցյալ տարվա ռուս-ադրբեջանական հռչակագրի տարեդարձի հետ, բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգն այնքան հագեցած է՝ հատկապես ուկրաինական իրադարձություններով, որ եթե ավելի պրակտիկ հարցեր չլինեին, Լավրովի այցը հազիվ թե հիմա կայանար։ Ենթադրում եմ, որ երկկողմ հարաբերություններում քննարկելու առատ նյութ կա, որը հիմնականում, կարծում եմ, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, տարածաշրջանային զարգացումներին։

– «Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում»։ Հիմք ընդունելով ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ ռուս-ադրբեջանական կողմն այս հարցում համաձայնության է եկել, որովհետև բոլորին է հայտնի ադրբեջանական կողմի պահանջը՝ անցակետեր տեղադրելու վերաբերյալ։ Եվ եթե Լավրովը նման բան է հայտարարում, ապա ինչո՞ւ մինչ այս պահը նույն Ռուսաստանը չի կարողանում այդ ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովել՝ համաձայն իր հիշատակած փաստաթղթի։

– Գուցե հենց այդ պատճառով, որ Ռուսաստանն ունի դիրքորոշում, որը շատ մոտ է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը ու հանգում է նրան, որ նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս քվոն պետք է պահպանվի։ Այս հարցում Մոսկվայի ու Երևանի պաշտոնական դիրքորոշումները համընկնում են, գուցե Մոսկվան չի կարողանում առայժմ համոզել Բաքվին, որովհետև Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումները հուշում են, որ իրենք ուզում են միջանցքում ինչ-որ վերահսկողություն սահմանել։

Ինչո՞ւ միջանցքը չի բացվում հարցի պատասխանն այն հարթության մեջ է, որ Մոսկվային առայժմ չի հաջողվում համոզել Բաքվին, իսկ ավելի կոշտ հարկադրանքի Մոսկվան չի ուզում կամ չի կարող գնալ ուկրաինական պատերազմի հետևանքով։

– Իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու, միջանցքը շարունակելու է փա՞կ մնալ։

– Միջանցքը միանշանակ բացվելու է, ես մի քանի առիթով ասել եմ, ընդ որում՝ ակնհայտորեն բացվելու է ոչ այնքան Հաագայի դատարանի որոշման հիման վրա, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ հիմա միջազգային հարաբերություններում այնպիսի տուրբուլենտ իրավիճակ է, որ իրավունքը չի կարող քաղաքականությանը թելադրել, ի վերջո, խնդիրները կարող են լուծվել քաղաքական պայմանավորվածությունների կամ ճնշումների արդյունքում։ Նույն Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի այդ երկու տարբերակից մեկով։

Բայց ճնշումների մասը բացառում ենք, որովհետև միջազգային հանրությունը չի պատրաստվում պատժամիջոցների կամ այլ կերպ ճնշի Ադրբեջանին, դրա մասին հայտարարել են բացահայտ, հետևաբար մնում է պայմանավորվածությունների տարբերակը կա՛մ Ռուսաստանի ու Ադրբեջանի, կա՛մ Ռուսատանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև։

Ցանկացած պայմանավորվածություն որոշակիորեն ենթադրում է ինչ-որ փոխզիջումային տարբերակներ, դրա համար եմ պնդում, որ Լաչինի միջանցքը վաղ թե ուշ կբացվի ինչ-որ պայմանավորվածությամբ, որն այս կամ այն չափով ենթադրելու է ադրբեջանական որոշակի ներկայություն այդ միջանցքում։ Ես կարծում եմ, որ այս իմաստով Լավրովի այցը նպաստելու է միջանցքի հնարավորինս արագ բացմանը։

– Պարո՛ն Սուրենյանց, Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ըստ էության, որևէ մեկը դեմ չէ, բայց «առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս»։ Նա նաև նշել է, որ չնայած իրենց պատրաստակամությանը, այնուամենայնիվ, «վճռականորեն չեն պնդելու իրենց միջնորդությունը», եթե կողմերը համաձայն չլինեն։ Այս հայտարարությունից ի՞նչ կարելի է ենթադրել, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը կնքվելու է արևմտյա՞ն միջնորդությամբ։

– Ձեր հարցը շատ բազմաշերտ է։ Նախ նկատենք, որ Լավրովն այս անգամ շատ ավելի նուրբ ձևակերպումներով է հանդես եկել, շատ ավելի դիվանագիտական բանաձևերով է ասելիքը տեղ հասցրել, այսինքն՝ կոշտ քննադատություն Երևանի հասցեին չկա, բայց ակնհայտորեն երևում է, որ դարձյալ հայկական կողմի վրա է թողնվում, գոնե ռուսական հարթակում, բանակցային գործընթացի դանդաղեցման կամ հնարավոր վիժեցման պատասխանատվությունը, որովհետև շատ պարզ ասվում է, որ Բաքուն ու Մոսկվան համաձայն են, որ այդ հանդիպումը տեղի ունենա, իսկ պաշտոնական Երևանից առայժմ հստակ պատասխան չկա։

Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին․ ցավոք սրտի, չեմ կանխատեսում, որ շատ մոտ ապագայում հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում, ավելին՝ ես նկատում եմ, որ արևմտյան նախաձեռնությունները հաջողությամբ տորպեդահարվում են Մոսկվայի կողմից, և հակառակը՝ մոսկովյան նախաձեռնությունները տորպեդահարվում են Արևմուտքի կողմից։

Շատ ավելի կանխատեսելի ու հեշտ կարգավորվող է հայ-ադրբեջանական հակամարտությունը, քան այն գլոբալ հակադրությունը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որի լոկալ դրսևորումներից մեկին ականատես ենք լինում Հարավային Կովկասում։ Այս իմաստով, քանի որ չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր, ավելի շատ մենք տեսնում ենք, որ Մոսկվան ու արևմտյան մայրաքաղաքներն ունեն պոտենցիալ՝ մեկը մյուսի նախաձեռնությունը տորպեդահարելու, քան թե ստեղծելու միջավայր, որը կնպաստի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։