«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրային գնումների համակարգի հիմնախնդիրները․ գնումների մասնագետ Գրիգոր Մկրտչյան

15/09/2022

Generalnews.am-ի հյուրն է «Սոցիալ-տնտեսական միջամտությունների ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, գնումների մասնագետ Գրիգոր Մկրտչյանը

- Հանրային գնումների համակարգը կարևոր դեր է կատարում ցանկացած երկրի տնտեսության մեջ, հատկապես զարգացող երկրներում: Նույնը վերաբերում է նաև ՀՀ տնտեսությանը: Գնման գործընթացի արդյունավետ իրականացումը կարող է դառնալ նպաստավոր դաշտի ստեղծման նախադրյալ ՀՀ բյուջետային միջոցների խնայողությունների համար: Կուզեի լսել Ձեր մասնագիտական դիրքորոշումն այս հարցի շուրջ:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեի կեսից ավելին ծախսվում է պետական գնումների միջոցով, Հայաստանը անկախացումից ի վեր ստեղծել է մի շարք մոդելներ՝ պետական գնումները արդյունավետ և մրցակցային դարձնելու համար: Այսօր ունենք հստակ ձևավորված  օրենսդրական դաշտ, ըստ որի յուրաքանչյուր անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց, կարող է մասնակցել պետական գնման ընթացակարգին: 
Այսպիսով պետք է փաստել, որ պետական գնումները ոչ միայն նպաստում են պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելուն, այլ նաև հնարավորություն են տալիս մի շարք տնտեսվարող սուբյեկտների առանց լրացուցիչ մարքեթինգային ծախսեր իրականացնելու, վաճառել իրենց կողմից ներկայացված ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները: 

- Ին՞չ միտումներ կառանձնացնեիք ՀՀ պետական գնումների համակարգում: Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ առկա են այսօր ոլորտում:

- Ցավոք սրտի ոլորտում խնդիրները բազում են, վերջիններից կառանձնացնեմ  2020-2022թթ-ին կառավարության որոշումների ընդունումից հետո, երբ մասնակիցների կողմից ներկայացվող որակավորման չափանիշները, մասնագիտական փորձառությունը փոխարինվեց բանկային երաշխիքներով կամ կանխիկ փողի գրավով, ինչը նշանակում է, որ մասնակիցը գնումների բազային միավորի քսանհինգապատիկը գերազանցող գնման դեպքում, գնման հայտով նախատեսված գնի մինչև երեսունհինգ տոկոսի չափով ներկայացնում է բանկային երաշխիք, կամ կանխիկ փողի գրավադրում  պատվիրատուի գանձապետական կամ բանկային հաշվին: Կախված գնման առարկայից, երաշխիքը կամ գրավը հետ է վերադարձվում  մասնակցին մինչև 90 աշխատանքային օր հետո: Պետք է ասել, որ որակավորման  ապահովման  նման  ձևը սահմանափակում է մասնակիցների հնարավոր շրջանակը՝ իրենց դրամական միջոցները այդքան երկար ժամանակ սառեցնելով: Նախկինում կիրառվում էր համանման, նմանատիպ առնվազն 1 պայմանագիր ունենալու մեթոդը:

- Զարգացած գրեթե բոլոր երկրներում պետությունը գլխավոր պատվիրատուն է: Գնումների խոշոր ծավալները իրականացվում են բյուջետային միջոցների հաշվին: Արդյո՞ք կարիք կա ոլորտի լիարժեք վերահսկողության բացառելով կոռուպցիոն ռիսկերը: Անդրադառնանք պետական գնումներում առկա ռիսկերին, դրանց ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:

- Պետք է ասել, որ Հայաստանում պետական գնումներն իրականացվում են  առևտրի միջազգային պայմանագրի հիման վրա, իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիոն առկա ռիսկերին, հարկ է նշել  դասականի խոսքը՝ « Չկա´ կոռուպցիա, չկա´ պետություն»:
ՀՀ գնումների մասին օրենսդրությունը փորձում է նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, բայց միշտ էլ գտնվում են և կան առանձին պատվիրատուներ, որոնք ամեն հնարավոր ջանք ներդնում են՝ իրենց կողմից հայտարարված գնումները անձնական շահին  ծառայեցնելու համար: Միշտ էլ կա վերահսկողության ուժեղացման կարիք, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել  պետական վերահսկողական և հաշվեքննիչ պալատի ծառայության մասնագետների բարձր մասնագիտական ունակություններին և փորձառությանը, որը  այսօր ցավոք սրտի կաղում է: 
Իմ խորին համոզմամբ միայն բարձր մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների առկայությամբ է հնարավոր ոլորտի զարգացումը:

- Անդրադառնանք գնումների պլանավորմանը և նրանում առկա հիմնախնդիրներին:

- Գնումների պլանավորման մեջ հիմնականում խնդիրների հանդիպում են պատվիրատուները: Առավել տարածված խնդիրը առաջանում է, երբ գնումը կատարվում է հրատապ: Ճիշտ է նման գնումները հիմնականում լինում են փոքրածավալ, բայց օրենսդրությունը չի առանձնացնում  փոքրածավալ և հրատապ գնումների պլանավորումը:
Օրենքում նախատեսվում է, որ գնում հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ այն ներառված է գնումների պլանում և հրապարակված է տեղեկագրում:
Օրենսդրական այս կարգավորումը պրակտիկորեն կիրառելի չէ  այն գնումների դեպքում, որոնց պահանջը ծագում է տվյալ օրը և ենթակա է կատարման նույն պահին և  ամբողջությամբ: Այս խնդիրը մերթընդմերթ  հանդիպում է գրեթե բոլոր պատվիրատուների մոտ: 
Փաստորեն, ստացվում է այնպես, որ գնումների պլանը  հրապարակվում է տեղեկագրում օրենքով սահմանված ժամկետի ուշացմամբ:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի տնտեսական վերլուծաբան, տ․գ․թ․, դոցենտ Թամարա Հարությունյանը                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Generalnews.am