«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Հայ եկեղեցին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը

13/01/2022

Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է

Ինչո՞ւ են մարդկանց անուններ տալիս։

Այս հարցի շուրջ, երբեմն տարվելով մեր առօրյա հոգսերով ու գործերով, քիչ ենք խորհում։ Իրականում մարդկանց անուններ են տալիս, որպեսզի այդպիսով նրանք ճանաչելի դառնան։ Անունն այն միջոցն է, որով Աստված ճանաչում է մեզ։

Անունը նաև մաղթանք է։ Ինչպիսի՞ն են ցանկանում տեսնել մեզ, երբ մեզ կոչում են ինչ-որ կերպով։ Հետևաբար անվանակոչությունը բովանդակում է մեր «էությունը»։ Երբ տալիս ենք ինչ-որ մեկի անունը, ապա պատկերացնում ենք այդ մարդուն իր ողջ էությամբ։

Մեզանում գեղեցիկ ավանդույթ է նշել անվանակոչության տոնը, երբ որևէ անձ, ով կրում է այս կամ այն սրբի անունը, տվյալ սրբի հիշատակության տոնին նշում է իր անվանակոչությունը։ Այս տոնի առթիվ ունենք գեղեցիկ բարեմաղթանքներ՝ «անվանդ արժանի լինես», «անունովդ ապրես»։

Այսօր էլ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է։  Ինչո՞ւ Նա հենց ծննդյան օրը չստացավ իր անունը։

Հրեական օրենքի համաձայն նորածին երեխաներին ծննդյան ութերորդ օրը թլպատում էին և անուն տալիս։ «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Քրիստոսին Իր Ծննդյան ութերորդ օրն անվանակոչեցին Հիսուս՝ Փրկիչ՝ անսալով հրեշտակի ավետիսին։ «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ: «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին: Տիրոջ անունը բնորոշում էր այն առաքելությունն, ինչի համար Նա մարդացել էր։

Քրիստոսի անվանակոչության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում նշվում է Սուրբ և Անմահ Պատարագով։ Իսկ մարդկանց պարագայում անվանակոչության տոնին ընդունված է այցելել եկեղեցի և օրհնություն ստանալ, խնդրել անվանակից սրբի բարեխոսությունը։ 

Որոշ վայրերում մարդկանց անվանակոչության տոնը ավելի մեծ հանդիսավորությամբ է նշվում, քան բուն ծննդյան տոնը։ Ինչո՞ւ է այդպես՝ կհարցնեք։ Քանի որ այն ավելի բովանդակային է՝ մարդու էության մասին։