«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր վախերից պետք է դուրս գանք, եթե ոչ՝ ոտնատակ ենք լինելու

16/08/2021

Lragir.am-ի զրուցակիցն է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը

Պարոն Վարդանյան, ի՞նչ խնդիրներ են ծառացած մեր առջև, ինչպե՞ս լուծել դրանք։

Մենք այսօր համաշխարհային մեծ ու տարբեր շահերի շատ խառը խաչմերուկում ենք, այսօր գլոբալ ու տեկտոնիկ փոփոխությունների մեջ է աշխարհը, մենք կարող ենք շահող դուրս գալ, եթե ճիշտ կողմնորոշվենք, ժամանակին կողմնորոշվենք, չուշացնենք։ Ամեն օրը, մեր ամեն ժամն ու րոպեն շատ թանկ է նստում մեզ վրա, որովհետև մենք նույնությամբ, այլևս լոփո-լոփո ապրել չենք կարող, որի պատճառով էին մեր կորուստները։ Այն ժամանակահատվածը, որը մենք կորցրեցինք, թշնամին զինվեց ու կազմավորվեց: Մենք զգոն լինելու փոխարեն ճոխությունների մեջ գեներալներ տեսանք, նախարարներ, նախագահներ՝ լկտիացած ու շնացած ղեկավարներ։ Ես միշտ ասում էի՝ դուք ժիգուլիներով՝ ամենաէժան մեքենաներով պետք է երթևեկեք, քանի դեռ Գյումրիում երկրաշարժից տուն կորցրածները դոմիկներում են ապրում։ Ես կարծում էի, որ հարուստ լինելը սրիկայություն է մի երկրում, որտեղ կես միլիոնից ավելի աղքատ կա։ Բայց չտեսները դա հաշվի չառան, և «ես, իմ ընտանիքը, իմ քամակը» միշտ վեր դասեցին պետությունից ու պետականությունից։ Սա է մեր խնդիրների հիմքը։ Հաշվի չենք առել, որ պետությունը, պետության օրենքը, նիստ ու կացը դա բոլորին է վերաբերում, և մի փոքր շեղումը, խախտումը տալիս է այն պատերազմի հետևանքը, որը մենք ունեցանք։

Մեկ-մեկ ասում են՝ մենք առաջին պատերազմը հաղթել ենք։ Մենք առաջին պատերազմը չենք հաղթել, մենք մեր հաղթած վիճակը էլի տարանք տվեցինք Կրեմլի ձեռքը, նա էլ որոշեց՝ ոնց պահի լարվածությունը երկու պետության միջև։ Մեր հարցը ռուսների դեմ էր, Մոսկվայի դեմ էր, կայսերության դեմ էր, «Կոլցո» օպերացիան վկա։ Մոսկվան է Ղարաբաղը մտցրել Ադրբեջանի մեջ, Մոսկվան թող իր փաստաթղթերը հաներ, ասեր՝ մենք Սովետական Միության հետնորդն ենք, անիրավ բաներ են եղել, դատապարտում ենք, և բոլոր հարցերը կդներ իրենց տեղը։ Բայց ոչ, դա հատուկ են արել էն գլխից, որովհետև սա մի սրիկա անհագ իմպերիա է, որն իրենից բոլոր փոքրերի հետ խաղում է кнуты и пряники քաղաքականությունը։ Այսինքն՝ մի կողմից кнут, մյուս կողմից՝ пряники․ Այդ իմպերիան իր ժողովրդին էլ է այդպես վերաբերվել միշտ։ Այնպես չէ, որ իմ բողոքը հայ լինելով է պայմանավորված, եթե ռուս էլ լինեի, էլի նույնն էի ասելու, ես ռուս ընկերներ եմ ունեցել, որոնք նույնն են մտածել այդ իմպերիայի մասին։ Այսօր այդ իմպերիայի մեջ ամենաճնշված ժողովուրդն ի վերջո էլի ռուսներն են, բոլոր տեսակի ըմբոստ ռուսներին միշտ աքսորել են Սիբիր։

Այն անիրավությունները, որոնք արել են թե ցարական Ռուսաստանը, թե չեկիստական Ռուսաստանը, առնվազն վերջին հարյուր տարին մենք այդ ամենի մաս ենք կազմել, մեր այսօրվա սխալների մեծ մասը այդտեղ կարելի է փնտրել, և ամեն բան ավելի պարզ կդառնա։ Այսօր չուզել ազատագրվել արածդ սխալներից՝ որպես երկիր, ժողովուրդ, որպես մարդ, սա հանցագործություն է ինքներս մեր նկատմամբ, մեր ապագայի նկատմամբ։ 30 տարի ծուղակի, վախերի մեջ են պահել այս ժողովրդին, ըմբոստների բերանները միշտ փակել, ջարդել են КГБ-ով, մեր բոլոր կառավարությունները հիմքում դրանց դրածոներով են կառավարվել։

Ի՞նչ է կատարվել մեր երկրում՝ ազատ միտքը չի զարգացել, Սփյուռքը չի ինտեգրվել Հայաստանին, որ մենք ամբողջ ազգով ապրեինք, ոչ թե Հայաստանի ժողովուրդը, պլյուս Սփյուռքի օգնությունը, ռուսահայության օգնությունը։ Այսինքն՝ մեզ անջատել են, կիսել ու օտարացրել են մեր ձեռքերով։ Ես կարծում եմ, որ եթե ի սկզբանե Սփյուռքն ինտեգրվեր Հայաստանին, այսինքն՝ մենք համայն հայության պառլամենտ ունենայինք, այս իրավիճակը չէր լինի։ Իսկ դա հնարավոր էր, որովհետև դա էր ճիշտը անկախանալուց հետո, եթե մենք մի ազգ ենք, ունենք մեկ պետություն, այդ դրոշի տակ պետք է հավաքվի ամբողջ ազգը։ Եվ այսօր, եթե խնդիրներ են ծագում, ամբողջ ազգն է ոտքի կանգնում, եթե ոչ ֆիզիկապես, ապա մի ներքին լարումով միանում ենք։ Եվ այդ խնդիրներն ամբողջ ազգով լուծելու դեպքում իմպերիայի թաթերը կկտրվեին այստեղից, այսինքն՝ մենք ինքնաբավ երկիր կարող էինք դառնալ, որովհետև մեր Սփյուռքը և մեր կապերը հզոր միջոց են միշտ եղել, որպեսզի երկիրը ոտքի կանգնեցնենք։ Այսօր համոզված եմ, որ դրա միակ խոչընդոտող օրգանը չեկիստական գործակալներն են եղել Մոսկվայի հրահանգներով։

Հիմա՞ էլ ուշ չէ։

Իհարկե ուշ չէ, ես արդեն 25 տարի ասում եմ՝ մեր միակ փրկությունը համայն հայությամբ ապրել սկսելն է։ Համայն հայությամբ ապրելու դեպքում մեր գույնն ու բազմազանությունն է ավելանում, մենք հարստանում ենք։ Մենք հարուստ ժողովուրդ ենք, այսօր, երբ լաց են լինում՝ մենք այս չունենք, այն չունենք, ամոթ է։ Պատերազմի ժամանակ քիչ գումար հավաքվեց, ինչո՞ւ, որովհետև մենք մեր ամբողջ Սփյուռքի հերն անիծել ենք մուրալով, ոչ թե նրա անմիջական մասնակցությամբ։ Սփյուռքահայության բավականին մեծ զանգված գնալով  արդեն օտարանում է, ասիմիլացվում է, քո ցավը նրա հետ չէ, քո առաջադիմությունը նրա հետ չէ, սերունդներ են փոխվում և օտարվում, դրա հիմնական մեղքը էլի անկախություն ստացած, բայց չազատագրված հայրենիքն է։ Մենք մեր ձեռքով մեր ամենից հզոր զենքը փչացնում ենք, որը մարդիկ են, համայն հայությունն է։ Իսկ ինչո՞ւ չունենալ համահայկական պառլամենտ, որը արտաքին աշխարհի հետ իր կապերն ու ներուժը կօգտագործի։ Հայրենասիրությունը մի կողմ դնելով՝ շատ կարևոր է, որ մարդկանց աշխատանքով կապենք իրար, ցանցային այս սիստեմն աշխատանքով կապենք իրար։ Կապեր, հնարավորություններ ստեղծվեն, որ բոլորն էլ աշխատեն, բայց գլխավոր օֆիսները լինեն Հայաստանում՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, Արցախում, որը կարող է իրականություն դառնալ միայն իմպերիայից ազատագրվելու, ինքնիշխան դառնալու դեպքում։ Եվ այդ գումարների շրջանառությունները Հայաստանով կկատարվեն, այսինքն՝ կոպիտ ասած, Հայաստանը սարքել կենտրոնական մի գրասենյակ ամբողջ հայության համար։ Սա մեծ աշխատանք է, որը մենք 30 տարի չենք արել։ Ինչո՞ւ, որովհետև եղել է իմպերիան, եղել է КГБ-ն, եղել են մարդիկ, ովքեր դեմ են եղել դրան, որ հանկարծ սփյուռքահայը չգա այստեղ ինտեգրվի, որովհետև եթե եկավ ինտեգրվեց, բա ռուսական կապիտալն այստեղ էլ ի՞նչ գործ ունի։ Ինչո՞ւ պետք է ռուսները վերցնեին մեր երկաթուղին, կապը և այլն, համայն հայությունը կարող էր բաժնետեր դառնալ։ Շատ ոլորտների է սա վերաբերում, կոպեկներով բաներ են վաճառել օտարներին, հատկապես Ռուսաստանին։ Որտեղի՞ց է այդ կոռուպցիոն համակարգն ամրապնդվել մեր երկրում: Ռուսաստանի պես կոռումպացված երկիր աշխարհը չի տեսել, ասա ով է ընկերդ, ասեմ թե ով ես դու։ Նույն ռուսական սիստեմն է աշխատել Հայաստանում՝ գողցողների, քցողների, մենթերի սիստեմը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում