
Եթե նա մտածում է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որին կարելի է այսպես արհամարհել, չարաչար սխալվում է. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով Արցախի հարցում ՀՀ իշխանությունների երկրորդ շատ կարևոր սխալը տեղի է ունեցել Պրահայում և դա եղել է Արցախի հանձման երկրորդ փուլը։ Այդ մասին նա հայատարարեց հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Դա այն հայտի հայտարարությունն էր, որով Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Սա Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ էր»։
Նրա դիտարկմամբ՝ դա այն ժամանակահատվածն էր, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում որոշակի անհաջողություններ էր արանցում և ՀՀ իշխանությունները մտածեցին, որ ՌԴ-ն պարտվում է, փլվում է և ճիշտ ժամանակն է թռնել գնացքի գոնե վերջին վագոնի մեջ.
«Բայց այս որոշումով զրոյացվեց ՌԴ-ի միջնորդության մանդատը։ ՌԴ-ն միջնորդ էր։ Երբ հայտարարվում է, որ Ղարաբաղն ադրբեջանի կազմ է, ապա միջնորդական առաքելությունը զրոյացվում է։ Ի՞նչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը․ ՌԴ-ն ստանձնեց պարտավորություն Ղարաբաղի անվտանգության համար, կարելի է թռնել այդ հարցից, պարտավորություն ես ստանձնել, դրան տեր կանգնիր։ Ինքը մտածեց, որ կարող է ձեռքերը լվանալ։
Եթե նա մտածում է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որին կարելի է այսպես արհամարհել, չարաչար սխալվում է։ Այդպես չի լինում։ Մեր երկրում շատերն են նեղացած, թե ինչու ՌԴ-ն իր պարտավորությունը չկատարեց։ Սակայն փորձենք այս ամեն ինչին նայել ՌԴ-ի աչքերով, այնտեղից այլ բան ես տեսնում՝ դու կարող ես կանգնեցնել այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ հնարավոր չէր։ Իսկ ուժային միջամտություն ո՞ւմ համար՝ Հայաստանի՞, որը ճակատագրական պահի, կոպիտ ասած, քեզ «քցել է», որը անցել է, քո թշնամիների ճամբարը։ Ձեզնից որևէ մեկը իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞՝ չեմ կարծում։ Ընկալումն այսպիսին էր։ Մի կողմ դնենք, թե իրական պատկերն ինչպիսին էր։ Մարդիկ գործողությունների են գնում ընկալումներով։ Սա ճակատագրական սխալ էր և այս գինը բոլորս վճարել ենք Արցախի կորստով»։
Նախագահ Քոչարյանի խոսքով՝ այդ ժամանակ անկայունություն կար աշխարհում, փաստացի ՌԴ-ի դեմ պատերազմ էր գնում և այդ իրավիճակում փոխանակ մենք ամրացնեինք մեր անվտանգային համակարգը՝ լրացնելով իրանական գործոնով, մենք սկսել էինք անխնա քանդել այն համակարգը, որը, քիչ թե շատ, ապահովում էր մեր անվտանգությունը։
«Եթե մեր ռազմավարությունը եղել է այդ պահն օգտագործել Ռուսաստանից հեռանալու համար, մենք պետք է սպասեինք, որ ՌԴ-ն իր շահերը Հարավային Կովկասում պաշտպանելու համար անպայման ավելի ջերմ հարաբերություններ է հաստատելու Բաքվի հետ։ Ու սա չհասկանալը անմտություն էր արտաքին քաղաքականության մեջ։ Սա դաժան ճշմարտություն է, որը կարելի ձևակերպել հետևյալ կերպ՝ մի արհամարհիր երբեք քո գործընկերոջ կենսական շահերը, հատկապես այն գործընկերոջ, որից դու ունես հսկայական կախվածություն։
Ավելացնեմ, որ այս ամենից Ղարաբաղում միայն նյութական կորուստները կազմել են 80-100մլդ դոլար։ Այս ամենից տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանում իրենց արածի համար պատասխան երբեք չեն տալիս։ Այս ամենի համար որևէ մեկը որևէ պատասխանատվություն չկրեց»։