«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ-ում երկու ջոկատ իրար հետ պատերազմ են վարում, բայց այդ երկու ջոկատն էլ պատկանում են մի տիկնիկավարի

09/08/2021

Մեր զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո: Արդյոք նոր ձևավորված Ազգային ժողովը՝ հաշվի առնելով առաջին նիստերը, կարող է ստեղծված իրավիճակից ելքեր առաջարկել, թե ոչ:

Եթե մեկ բառով պատասխանեմ, ապա ոչ, չի կարող: Բանն այն է, որ ներկայում Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է շատ սթափ և անկախ վերլուծական, որի հիման վրա կարող են ընդունվել ճիշտ և ազգորոշիչ որոշումներ և լուծումներ: Նման ուժեր ես մեր նորընտիր խորհրդարանում չեմ տեսնում: Դրան հակառակ, ես պարզապես կարողանում եմ դիտարկել, որ Ազգային ժողովում հիմա գոյություն ունեն երկու, այսպես ասած, ջոկատ, որոնք իրար հետ պատերազմ են վարում, բայց այդ երկու ջոկատն էլ պատկանում են մի տիկնիկավարի, որի անունն է Վլադիմիր Պուտին, և որը Հայաստանի ապագան տեսնում է իրեն հարմար տեսանկյունից և որոշումները դրանից ելնելով է ընդունում, քանի որ համոզված է, որ Հայաստանը ընդամենը Ռուսաստանի փոքր գավառն է, ոչ ավելին: Նման պայմաններում, խորհրդարանում եթե կան մարդիկ, որոնք կարողանում են վերլուծել այս իրավիճակը և ճիշտ որոշումներ ընդունել, այդ մարդիկ ոչ մի բան անել չեն կարողանալու:

Պարոն Առաքելյան, ի՞նչ անելիք ունի Սփյուռքը, երբ «Ապագա հայկականը» և այլ նախաձեռնություններ են ձևավորվել: Կարողանալո՞ւ են նրանք ինչ-որ կերպ Սփյուռքի ներդրումը բերել Հայաստանի զարգացմանը:

Սփյուռքը միշտ էլ շատ անելիքներ ունի Հայաստանում: Այլ հարց է, թե որքանով է Հայաստանը պատրաստ այս կամ այն ոլորտում Սփյուռքի գործունեությունն ընդունել: Եթե խոսքը մշակութային, տեխնիկական տուրիզմի հետ կապված ներդրումների մասին է, ապա այսօր Սփյուռքը բավականին բարեհաջող այդ աշխատանքը կատարում է, այդ ներդրումներն արվում են: Բայց այն, ինչ վերաբերում է քաղաքական կյանքին և քաղաքական միջամտությանը Հայաստանում, դրա վրա Հայաստանի կողմից դրված է մի մեծ տաբու: Մենք տեսնում ենք բոլորս, թե ինչ ընտրություններ տեղի ունեցան և, փաստորեն, Սփյուռքը իր ներկայությունը Հայաստանի խորհրդարանում չունեցավ: Դա պետք է ճանաչել, որ դա մեր երկրի, հայաստանցիների, մեր ընտրողների որոշումն էր: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն այսօր պատրաստ է Սփյուռքից ընդունել ֆինանսական, մշակութային օգնություն, բայց քաղաքական խորհուրդ արևմտյան Սփյուռքից լսելու պատրաստ չէ:

Այս առումով Սփյուռքն ի՞նչ անելիքներ ունի: Արդյոք Սփյուռքն իրեն պարտավորված զգում է հայրենիքի նկատմամբ:

Այս առումով Սփյուռքը անելիք միշտ ունեցել է, էլի կունենա՝ իրեն չտարանջատելով հայ ժողովրդից: Սփյուռքը, եթե կարելի է այդպես ասել, մի շատ դիմացկուն մարմին է, որը իր վրա տանում և դիմանում է այն բոլոր ցավերը, որոնք ժամանակ առ ժամանակ իրեն պատճառվում են: Հիշենք, թե 1990-ականներին Սփյուռքից քանի ներկայացուցիչ պարզ, բաց սրտով եկավ Հայաստան, փորձեց ներդրումներ անել: Թալանվեցին, կողոպտվեցին և քոռ ու փոշման վերադարձան իրենց երկրներ: Չնայած նրան, որ Սփյուռքը հսկայական օգնություն հավաքեց, հավաքում է և էլի կհավաքի ու կօգնի Հայաստանին, Սփյուռքին Հայաստանի պետական մարմիններում լսող չկա: Սփյուռքը, բնականաբար, իր աշխատանքը կշարունակի, քանի որ Հայաստանից բացի մենք ուրիշ հայրենիք չունենք, և աշխատանքը շարունակվելու է հուսով, որ այդ աշխատանքը մի օր կգնահատվի, և Սփյուռքը Հայաստանում վերջիվերջո, ձայն կունենա:

 

Խնդիր չէ՞ արդյոք, որ մեր խորհրդարանում ռուսամետ ուժեր են ներգրավված, եւ Ռուսաստանն իր ցանկացած քայլ կարող է կյանքի կոչել Հայաստանում:

Իհարկե ոչ: Դա խնդիր չէ, դա չի կարելի խնդիր անվանել, դա աղետ է: Այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանի խորհրդարանում և ընդհանրապես Հայաստանում, ուրիշ բառով, քան աղետ անվանել չի կարելի: Տարիներ շարունակ ռուսամետության տակ թաքնվելով մեր քաղաքական գործիչները ալան-թալանով էին զբաղվում, այսօր փորձում են ինչքան հնարավոր է երկար ժամանակով իշխանության մնալ, մեր տնտեսությունը պատկանում է Ռուսաստանին, մեր բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները պատկանում են Ռուսաստանին, այն հանցագործները, որոնք այդ թալանն ու աղետը Հայաստանում ստեղծել են, այսօր նոր աթոռներ են ստացել Հայաստանի խորհրդարանում: Սա աղետ է, այլ բառ չեմ կարող օգտագործել: Առավոտից երեկո ռուսական հեռուստաալիքներից մեր ժողովրդի ականջներն են լցնում այն դոգման, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի, մենք կյանք  չունենք առանց ռուսների և Աստված չանի, եթե մենք նայենք դեպի Արևմուտք:

Մենք այսօր պետք է բոլորս կարողանանք ճանաչել այն փաստը, որ այդ ամենը տեղի է ունեցել մեր բոլորիս մեղքով, մեր բոլորի լուռ համաձայնությամբ են արվել այդ ալան-թալանը, մեր լուռ համաձայնությամբ են ռուսաստանյան չինովնիկները գալիս Հայաստան և իրենց թույլ տալիս մեր խորհրդարանում մատ թափ տալ մեր ժողովրդի ընտրյալ կուսակցությունների վրա: Վերջիվերջո, մեր մեղքն է, որ մենք մեր լավն ու վատը չենք կարողանում ճանաչել: Ժողովրդական լեզվով ասած, «Մերսեդեսի» փոխարեն գնում էլի մի հին «Ժիգուլի» ենք նստում, փորձում ենք այն տեղից շարժել, հրել, շարժիչը սարքել: Այնինչ այդ «Ժիգուլին» արդեն կյանքի նշույլներ ցույց չի տալիս: Այն ժամանակ, երբ մենք այդ ամենը կհասկանանք ու կվերլուծենք, մենք հնարավորություն կստանանք մեր երեխաներին մի ուրիշ ապագա թողնել: