«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իշխանությունները փորձելու են մի շարք կայքեր փակել․ նոր նախաձեռնություն

06/07/2022

Օրերս գլխավոր դատախազությունը տարածել էր մի հաղորդագրություն, որում  մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը․․․․

Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ․․․»։

Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի անվան տակ իրականում իշխանությունները ստեղծում են գործիք, որով պատրաստվում են Հայաստանի տարածքում արգելափակել բոլոր այն լրատվականները, որոնք քննադատում են գործող իշխանություններին։ Դատախազության հայտարարության մեջ, որպես միջազգային փորձ օրինակ է բերվում Ռուսաստանի Դաշնությունում գործող համանման կարգավորումները։ Այս օրինակը լավագույնս է ցույց տալիս իշխանությունների իրական մտադրությունը։ Ռուսաստանում այս ընթացքում փակվել են բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցներ։ ՌԴ իշխանությունները կարողացել են հասնել լրատվամիջոցների փակման վերնշված կարգավորումների շրջանակում։

Մեր տեղեկություններով իշխանություններն արդեն ունեն լրատվամիջոցների ցանկ, որոնք հայտնվելու են օրենսդրական կարգավորման թիրախում։ Այս պահին դրանք են՝ hraparak.am, 168.am, yerevan.today, hayeli.am, politik.am, yerkir.am, para.tv, livenews.am: Այս լրատվամիջոցների իշխանության դեմ հրապարակումները սկզբում կպահանջեն հեռացնել, իսկ եթե չենթարկվեն, ապա օրենքի պահանջի համապատասխան կարգելափակեն Հայաստանի տարածքում։