«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն կարող է օգտագործել ագրեսիայի հանցագործությունը Միջազգային քրեական դատարանում․ միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյան

29/09/2022

Generalnews.am-ի հյուրն է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի միջազգային քրեական իրավունքի դոցենտ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

- Պարոն Պետրոսյան, վերջին երկու հարյուրամյակներում աշխարհն առավել քան պատերազմական է, հետևաբար հանրության լայն շրջանակների համար կխնդրեի ներկայացնեիք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմական հանցագործությունը, ինչպե՞ս է գիտական շրջանակներում բնորոշվում տվյալ հասկացությունը։
- Թեև պատերազմական հանցագործությունները մենք թարգմանում ենք անգլերենից (war crimes) բառացի, սակայն այն ինչ-որ չափով հնացած իրավական եզրույթ է։ Սա պայմանավորված է նրանով, որ պատերազմ վարելը ի սկզբանե հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ՄԱԿ-ի կանոնադրության միայն առանձին դեպքերում է հնարավոր խոսել պատերազմի առկայության մասին, ինչպես օրինակ պաշտպանության պարագայում։ Չնայած որ այս քաղաքական դժվար իրադարձություններում միջազգային իրավունքը դարձել է բավական փխրուն, այնուամենայնիվ հակամարտությունների կողմերը փորձում են խույս տալ «պատերազմ» տերմինաբանությունից և փոխարենը օգտագործում են «զինված ընդհարում» եզրույթը։ Նույն Ռուսաստանը, որն ակնհայտ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ կոչում է այն հատուկ օպերացիա։ Ադրբեջանն իր հարձակումները ՀՀ սուվերեն տարածքի վրա կոչում է ինքնապաշտպանություն։  Եթե պատերազմ վարելը (jus ad bellum) հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում և միաժամանակ միջազգային հանցագործություն, պատերազմի ընթացքում տեղի ունեցող հակաիրավական գործողությունները կոչվում են պատերազմական հանցագործություններ (jus in bello): Պատերազմական հանցագործությունը, ըստ այդմ, զինված ընդհարման ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարումն է, որոնց համար նախատեսված է անձնական քրեական պատասխանատվություն։ Միջազգային քրեական դատարանի ստատուտը հստակ սահմանել է, թե որոնք են հանդիսանում պատերազմական հանցագործությունները և դրանք հնարավոր է դիտարկել երկու տեսանկյունից` ըստ Ժնևյան և Հաագայի իրավունքի։ 
Տարբերությունը երկուսի միջև այն է, որ Ժնևյան իրավունքով պաշտպանության տակ են առնված առանձին սուբյեկտներ և օբյեկտներ, իսկ Հաագայի իրավունքով որոշ տեսակի ռազմական գործողություններ իրականացնելն արգելված է: 
Հարկ է նշել, որ պատերազմական հանցագործությունների պարագայում չկա որևէ վաղեմության ժամկետ։ Պատերազմական հանցագործությունը հետապնդում է կատարողին իր ողջ կյանքը։ Որքան էլ կատարողը խուսափի պատասխանատվությունից, այն երկրում, որտեղ նա գտնվում է, ենթարկվելու է պատասխանատվության` անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել հանցագործության պահից։ Պատերազմական հանցագործություն է օրինակ քաղաքացիական անձանց, ռազմագերի կամ վիրավոր անձանց նկատմամբ որևէ ոտնձգությունը, կամ արգելված զինատեսակների կիրառումը և այլն։ 
Հաշվի առնելով, որ ադրբեջանական սոցիալական ցանցերում մասսայաբար տարածվում է ռազմագերիների խոշտանգումներ, դիակապտություններ կամ նույնիսկ ինքնանկարներ նահատակված զինծառայողների դիակների հետ պատկերող տեսանյութեր կամ նկարներ, դրանք ակնհայտորեն հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

- Պարոն  Պետրոսյան, կխնդրեի լուսաբանել և համեմատության մեջ ներկայացնել Նյուրնբերգի տրիբունալի 1945 թվականի օգոստոսի 8-ի կանոնադրությունը և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Ստատուտը)՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների տեսանկյունից։ 
- Մինչ Հռոմի Ստատուտը, Նյուրենբերգյան կանոնադրության առանձին կետերը տեղ են գտել Ռուանդայի և նախկին Հարավսլավիայի տրիբունալների կանոնադրությունների մեջ և տարիների ընթացքում իրենց բովանդակությունը մշակվել և հստակեցվել է։ Սակայն անհրաժեշտ է այստեղ մեկ կարևոր դրույթի վրա կենտրոնանալ։ Խաղաղության դեմ հանցագործությունը, որը հանդիսանում էր Նյուրենբերգյան դատավարության հիմնական մեղադրանքի կետերից մեկը, իր լայն տարածումը միջազգային քրեական իրավունքում տեղ չգտավ։ Այսօր խաղաղության դեմ հանցագործությունը, որը նաև հայտնի է «ագրեսիայի հանցագործություն» տերմինով, թեև Հռոմի Ստատուտի մաս է կազմում, այն այնքան տարածում չունի անդամ պետությունների շրջանակներում։ Թվով միայն երեք տասնյակից ավել պետություններ են վավերացրել ագրեսիայի հանցագործության վերաբերող փաստաթուղթը։ Միջազգային իրավունքում տեղի ունեցող ագրեսիվ գործողությունները չեն ենթարկվում որևէ իրավական գնահատականի։ Դժվար է պատկերացնել, որ ագրեսիայի հանցագործությունը մոտակա ապագայում կհանդիսանա մեղադրանքի բովանդակություն Հռոմի Ստատուտի շրջանակներում։ 
Կարծում եմ, որ ՀՀ-ն այստեղ կարող է պատմական հնարավորություն ունենալ օգտագործելու ագրեսիայի հանցագործությունը Միջազգային քրեական դատարանում։ Չնայած նրան, որ ագրեսիայի հանցագործությունը դատարանում կիրառելու համար իրավական խոչընդոտներ կան, այն կարող է քաղաքական և դիվանագիտական առումով որոշակի ճանապարհներ բացել։ Սակայն այստեղ ևս այդ քաղաքական ռիսկերի գնահատում է հարկավոր։ Ի տարբերություն ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների համար այսպիսի խոչընդոտներ գոյություն չունեն։ 

- Գանք մեր իրականությանը․ 30-ից ավելի տարիներ Ադրբեջանն Արցախի և Հայաստանի նկատմամբ վարում է էթնիկ զտումների, ռասայական խտրականության, ագրեսիայի և ցեղասպան քաղաքականություն։ Գաղտնիք չէ, որ 2020 թ․ պատերազմում Ադրբեջանի կողմից հայկական զինուժի և խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են քիմիական և կասետային զենքեր։ Ասվածի մասին կան անհերքելի փաստեր և ուրեմն, ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգ է ենթադրում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային դատարանում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու գործընթացը։ 
- Այստեղ հարկավոր է հիշատակել, թե որ պայմաններում կարող է դատարանը իրավազորություն ունենալ։ Դա պայմանավորված է կամ տարածքով, կամ քաղաքացիությամբ, այնսինքն եթե կատարողը անդամ պետության քաղաքացի է։ 
Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում և Միջազգային քրեական դատարանի շրջանակներում ՀՀ-ի համար կան որոշակի իրավական խութեր։ Դա պայմանավորված է նրանով, որ 2020-ից առաջ և 2020-ի 44օրյա պատերազմի ընթացքում  միջազգային հանցագործությունները տեղի չեն ունեցել ՀՀ սուվերեն տարածքում։ Իրավազորության առումով այստեղ կան դժվարություններ առ այն, որ թեև հանցագործությունները  տեղի են ունեցել ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ, դատարանը չի ունենա իրավազորություն ադրբեջանի զինծառայաողների նկատմամբ միայն այն պատճառով, քանի որ դրանք անդամ պետության տարածքում տեղի չեն ունեցել։ Ավելին դա կարող է հակառակ էֆֆեկտ տալ, որ ՀՀ քաղաքացիները, եթե այդպիսիք կան, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այսօր իրավիճակը այլ է։ Այսօր տեղի ունեցող հանցագործությունները տեղի են ունենում ՀՀ սուվերեն տարածքում։ Ելնելով տարածքային իրավազորությունից` դատարանը կարող է քննել և պատժել ադրբեջանցի զինծառայողներին իրենց կատարած հանցագործությունների համար։

- Ըստ Ձեզ՝ միջազգային իրավունքի առանձնահատկություններից ելնելով՝ ո՞րը կլինի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ամենահարմար գործիքը։  
- Բոլոր միջազգային գործիքները հարկավոր է օգտագործել թե՛ պետական պատասխանատվության համար, թե՛ անձնական քրեական պատասխանատվության։ Այդ բոլոր գործիքների միաժամանակ օգտագործման մեջ է հանդիսանում հաջողության գրավականը։

- Պարոն Պետրոսյան, Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններին մինչ օրս միջազգային իրավական գնահատականներ տրվե՞լ են, թե՞ ոչ։ 

- Ոչ, դրանք մինչ օրս չեն արժանացել որևէ իրավական գնահատականի։ Թե՛ ՄԻԵԴ-ում, թե՛ Միջազգին Արդարադատության դատարանում կան որոշակի իրավական գործընթացներ, որոնք կարևոր նշանակաւթյուն ունեն, սակայն դրանք բավական երկար ժամանակ են տևելու։  Իրավական գործընթացները ժամանակատար են, բայց պահանջում են խստապահություն և համբերություն։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր միջոցները՝ լինեն թե՛ ազգային, թե՛ միջազգային, սինխրոնիզացված գործեն, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։

- 2020 թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում  պարբերաբար եղել են զինված բախումներ, մարտական գործողություններ․ կա արդյո՞ք  միջազգային քրեական իրավունքի շրջանակներում որևէ վարույթ այս դեպքերի առնչությամբ։
- Հայ գերմանական իրավաբանների միությունը գործի է դրել համընդհանուր  իրավազորության գործիքակազմը Գերմանիայում։ Նույն ձևով օգտագործվում է նաև Արգենտինայի և Շվեդիայի ազգային դատական համակարգը, որպեսզի պատերազմական հանցագործները ենթարկվեն պատասխանատվության։ 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am