«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զեյթինօղլու․ «ԵՄ-ն շարունակում է կարևոր լինել Թուրքիայի համար»

05/08/2021

Թուրքական DAILY SABAH-ը գրում է, որ Տնտեսական զարգացման հիմնադրամի [iktisadi kalkınma vakfı-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Անկարայի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի անց՝ նպատակ ունենալով թուրք հասարկությանն ու բիզնես ներկայացուցիչներին տեղեկացնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների և Թուրքիայի Եվրոպական ինտեգրման մասին] ղեկավար Այհան Զեյթինօղլուն երկուշաբթի օրը նշել է, որ «Թուրքիայի շահերից չի բխում գնալ անորոշության ճանապարհով՝ հրաժարվելով իր թեկնածությունից, ինչը միջազգային դիրքի առումով Թուրքիայի ամենակարևոր ձեռքբերումներից է»։
Ըստ Զեյթինօղլուի՝ թե՛ ԵՄ-ում բարեփոխումների դադարեցումը, թե՛ դաշինքի ներսում Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտող շրջանակները երբեմն հոգնեցնում են և առաջ բերում ԵՄ նպատակներից հրաժարվելու կոչեր:
«Չափանիշները, որոնց պետք է համապատասխանի Թուրքիան, նաև այն պայմաններն են, որոնք մեր երկիրն ընտրել է որպես նպատակներ: Օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ժամանակակից հասարակություն և պետություն լինելու նախապայմաններն են», - հավելել է նա:
Զեյթինօղլուն նաև ասել է. «Չնայած նրան, որ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ որդեգրել է մոտեցումներ, որոնք կասկածի տակ են դնում իր սեփական արժեքները, նրա հիմնարար սկզբունքներն ու նպատակները համընկնում են համընդհանուր արժեքների հետ»:Նա հայտարարել է, որ ԵՄ Կանաչ համաձայնագրի նման նախագծերը, որոնք նոր դարաշրջանում դաշինքը իմաստալից են դարձնում, նույնպես բխում են Թուրքիայի շահերից և համատեղելիությունն ավելի հրատապ դարձնում:
«[Այժմ] Ժամանակը չէ վերաիմաստավորելու մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որն ինքը նպատակ ունի հաղթահարել ճգնաժամը և արմատական վերափոխումների է ենթարկվում»,-ասել է նա՝ նշելով, որ ավելի լավ կլինի դիտարկել, թե ինչպիսի կառույցի է փոխակերպվում ԵՄ-ն և հետո միայն անհրաժեշտության դեպքում վերաիմաստավորել հարաբերությունները:
«Կարևորն այն է, որ Թուրքիան դառնա ԵՄ-ի համար համապատասխան թեկնածու՝ ամրապնդելով սեփական ժողովրդավարությունն ու տնտեսությունը՝ միաժամանակ արագացնելով բարեփոխումները, որպեսզի երբ պայմանները թույլ տան, ի վիճակի լինի իր անդամակցությունը կյանքի կոչել»:
Նա ընդգծել է, որ Թուրքիան իր տեղն ունի ԵՄ-ում, «առանց Թուրքիայի ԵՄ-ն թերի կլինի»:
ՓԱԿԱԳԾՈՒՄ․ { Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերությունների բավականին երկար պատմություն ունի և Ասոցացման համաձայնագիրը՝ Անկարայի համաձայնագիրը, կնքվել է դեռևս 1963թ․, սակայն անդամակցության գործընթացի մեկնարկը սկսվել է միայն 2005թ․-ին։ Արդեն 2016թ․ մարդու իրավունքների և օրենքի գերակայության շուրջ ունեցած մտահոգությունների պատճառով Եվրոպայի Խորհրդարանը կասեցրեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ 2021թ․-ի սկզբից ԵՄ-Թուրքիա լարված հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ, որը մի կողմից՝ պայմանավորված է Թուրքիայի՝ փախստականների «խաղաքարտը» խաղարկելու հանգամանքով, մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի ջրերում իր գործողությունները դադարեցնելու արդյունք է։ Վերոհիշյալ հայտարարությունն էլ թվում է, թե հավելյալ ազդակ է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու պատրաստակամության մասին, եթե հաշվի առնենք, որ առնվազն պաշտոնական մակարդակով Էրդողանը ևս վերահաստատել է ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը։ Սակայն, անշուշտ, սա հերթական շղարշ է, քանզի մոտ ապագայում Էրդողանի վարչակազմը դժվար թե լուրջ քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների ու ժողովրդավարության ասպարեզում։ Նմանատիպ հայտարարություններն էլ հիմքում կարող են ունենալ ԵՄ-ից նոր ակնկալիքները, բայց ոչ իրապես անդամակցելու ձգտումը։ 
Բացի այդ, թեև ԵՄ-ն ու Թուրքիան տնտեսական կարևոր գործընկերներ են, ունեն փոխադարձ լուրջ շահեր, ԵՄ-ն այդքան էլ ոգևորված չէ և երբեք էլ չի եղել մուսուլմանական երկրի՝ քրիստոնյա Միության անդամ դառնալու հեռանկարով։ Եթե հաշվի առնենք, որ որոշ հաշվարկներով մինչև 2050թ․ Թուրքիայի բնակչությունը կդառնա 91մլն․, ապա նման պետության մուտքը ԵՄ շրջադարձային կլինի, քանզի այն կդառնա այդ տեսանկյունից գերիշխող` գերազանցելով Եվրոպայում ներկայումս ամենաշատ բնակչություն ունեցող Գերմանիային՝ շուրջ 83մլն․։ 
Պետք է փաստել նաև, որ թեև Թուրքիան Եվրոպան ու Ասիան իրար կապող կարևորագույն օղակ է, սակայն դրա տարածքի մեծ մասը Ասիայում է գտնվում և աշխարհագրական տեսանկյունից այն Եվրոպական չէ։ Ուստի՝ նման ոչ Եվրոպական պետության մուտքը կբացի միության դռները նաև այլ երկրների համար, որոնք հիմնականում ոչ թե ֆինանսական դոնոր երկրներ են, այլ հակառակը՝ ընդհանուր միջոցներից օգտվողներ, որոնց պակասը ԵՄ-ն չունի, սակայն չունի նաև ցանկություն այդպիսի ներ երկրներ իր կազմում ներառել: } 
#ՓԱԿԱԳԻԾ