«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի արձագանքը ԱՄՆ-ի կողմից իր դեմ նախատեսվող պատժամիջոցներ վերաբերյալ

15/04/2021

Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ իշխանությունների որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներով՝ ներառյալ 2020-ին անցկացված նախագահի ընտրություններին ենթադրյալ միջամտությունը:
Հինգշաբթի ակնկալվող պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի ավելի քան 30 իրավաբանական անձանց և ներառում են առնվազն 10 անձի վտարումն ԱՄՆ-ից:
Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր կստորագրի, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հունիսից կարգելվի ռուբլով տրվող պարտատոմսերի գնումը:
Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում ԱՄՆ-ը խիստ է գործելու: 
Մոսկվան բազմիցս հերքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած կիբեռհարձակումների մեղադրանքը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դրա համար ապացույցներ չկան, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առնչություն չի ունեցել կիբեռհանցագործության հետ: