«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով․ Փաշինյան
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության» եզրույթների իր ընկալումը։
Նա հայտնեց, թե առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը, և պնդեց, թե իր ներկայացրած ընկալումն արդեն ընդունվում է հասարակության շրջանում։
«Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը:
Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը. «Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց վարչապետը։
Նա բերեց օրինակ՝ նշելով. «Ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է և այն «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ կանխորոշել է մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ»։
Փաշինյանի խոսքով՝ պետության երևույթի մասին մտածողությունը միշտ չէ որ հասանելի է կառավարության անդամներին և կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում, ինչպես նաև պետական կառույցների գործունեության մեջ։
Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ապահովեն տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ։