«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրիգոր Մինասյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար որակեց

02/06/2023

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար է համարում։ Մինասյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե որքանով է արդար, որ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով կա կալանավորված անձ, իսկ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով` ոչ։

«Նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են դժբախտ պատահարներ լինել, գնահատական չեմ ուզում տալ կոնկրետ այդ գործի հետ կապված։ Որպես ոչ նախարար և այդ դեպքին սոցիալական ցանցերից ծանոթացած մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար։ Արդար է, թե ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Դատարանը պետք է ծանոթանա բոլոր նյութերին, օրենսդրությանը, ինչ պարտավորություններ կան (վարչապետի ավտոշարասյան մասին է խոսքը), արդյոք իրավունք կար կանգնելու, թե ոչ»,– նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ ընտրողական մոտեցում չկա, ուղղակի ժողովրդավարական գործընթացներ են, որոնք հանրության համար և անձամբ իրենց համար ստանդարտներից դուրս են։ Նախարարն օրինակներ բերեց` ասելով, որ ստանդարտից դուրս է այն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ–ի վճռի հիման վրա (նկատի ունի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին) կամ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը առաջխաղացում է ունենում` ի հեճուկս գործադիրի։