«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեր-Պետրոսյանի «ահավոր վատ խասիաթը»... առաջին նախագահը նորից ճի՞շտ դուրս կգա

06/05/2021

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն ակտիվորեն քննարկվում է  հայկական համացանցում՝ իշխանական ու ընդդիմադիր ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից։
Տեր-Պետրոսյանը, հիշեցնեմ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում էր ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով։ Եթե նման բան լսեինք մի քանի տարի առաջ՝ կզարմանայինք, բայց հիմա քաղաքական դաշտում իրադարձություններն  այնքան արագ ու անկանխատեսելի հունով են զարգանում, որ ոչնչի վրա առանձնապես զարմանալ պետք չէ։
Այնուամենայնիվ հիշենք նաև, որ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ-Քորարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգն անվանել էր ավազակապետություն և Ազատության հրապարակում հայ ժողովրդից ներողություն խնդրեց նրանց Հայաստան բերելու համար, որի հետևանքը իր իսկ ասած ավազակապետությունն էր։ Սա հիշել է  նաև Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանում հայտարարել, թե Տեր-Պետրոսյանը հիմա էլ ավազակապետական հեղափոխություն է իրականացնում։
Բայց եթե նայենք առաջին նախագահի տարածած հայտարարության շերտերին, ապա ակնհայտ է դառնում, որ  նա իրականում «բացահայտել է»  նախկին  երկու նախագահներին, և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, ակնարկելով, որ Հայրենիքի փրկության շարժման թիկունքում նա է կանգնած։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի խոսնակի տարածած հայտարությունից պարզ է դառնում, որ վերջիններս հասկացել են Տեր-Պետրոսյանի արածը և իրենց հերթին փորձել են հակադարձել առաջին նախագահին, մոտավորապես ասելով հետևյալը.«խնդրել  է, մի անգամ հանդիպել ենք և վերջ»։ Վիկտոր Սողոմոնյանի տարածած հայտարարության մեջ նշվում է.«Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել»։ Տեր-Պետրոսյանի «գաղտնազերծումներից» նեղվել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վերահաստատել է, որ ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ՝ դաշինքով։
Ստացվում է՝ բոլորը բոլորին բացահայտեցին, քննադատեցին, մերժեցին... իսկ ի՞նչ մնաց արդյունքում։ Հասարակություն, որը տարիներ շարունակ փողոցներում, բանտերում կռիվ է տվել այդ ավազակապետական համակարգի դեմ, ենթարկվել ամենադաժան փորձությունների, ազատազրկվել, խոշտանգվել։ 2018 թվականին վերջապես հույս էր արթնացել, որ պայքարի շրջանն ավարտված է, մտնում ենք նոր փուլ՝ այժմ կերտելու, արարելու, ստեղծելու  ժամանակն է։ Բայց այս անգամ էլ շտապեցինք ուրախանալով։ Հիմա էլ ստիպված ենք տարիներով լսել ու պարզել, թե ով է դավաճան, ով է  կապիտուլյանտ, ով է ազգակործան, ով է հողատու։ Իսկ հասարակ քաղաքացուն արդյոք նախկին ու ներկա ղեկավարների «ռազբորկաները» հետաքրքիր են։ Արդյոք մեր ժողովուրդը պետք է իր բան ու գործը թողած անվերջ պտտվի այս քննարկումների ու «բազարների» շրջափուլում։ Լավ սրա վերջը լինելու՞ է, թե ամեն հաջորդ առաջարկ ու հայտարարություն էլ ավելի մեծ սթրեսի է ենթարկելու առանց այն էլ պատերազմի սթրեսով անցած մեր քաղաքացիներին։Եվ ամենակարևորը՝ արդյոք հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունները կտան այս հարցերի պատասխաններն ու ամեն մարդ կանցնի իր գործին։ Արդյոք կդադարենք ապրել  ատելության այսպիսի մեծ չափաբաժնով լցված մթնոլորտում։ Այս հարցի շուրջ շարունակում եմ մնալ խիստ թերահավատ։
Հ. Գ. Այսօր վարչապետ, իսկ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել էր.«Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։Այս անգա՞մ էլ ճիշտ դուրս կգա Տեր-Պետրոսյանը։

Մարիամ Գրիգորյան

Աղբյուր՝ Generalnews.am