«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով Սյունիքը առաջատարն է. armradio.am

04/08/2021

Սյունիքի մարզի համայնքներում 2020-ի սուբվենցիոն ծրագրերը դեռ շարունակվում են. պատերազմն ու համավարակը դանդաղեցրել էին դրանց ընթացքը: Զուգընթաց՝ իրականացվում են նաև  2021թ-ի ծրագրերը։ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծությունների բաժնի պետ Հայկ Կարախանյան:

«2021թ, համացր ունենք հաստատված 21 ծրագիր, ընդհանուր արժողությամբ նախահաշվարկային գինը 7 մլրդ 291 մլն է։ Կարող ենք ասել, որ Սյունիքի մարզը, արդեն երկու տարի, Հայստանում   ռեկորդակիր է։ Այսինքն, ավելի շատ ծրագիր Սյունիքի մարզում է արվում, քան որեւէ այլ մարզում»։

Համայնքներում սուբվենցիոն ծրագրերով է իրականացվում նաև փողոցների ասֆալտապատումը: Բանուկ ու բարեկարգ փողոցը կարևոր է, բայց բնակիչներն առաջարկել են այս փուլում ասֆալտապատման գումարներով սահմաններն ամրացնեն, զենք գնեն: Հայկ Կարախանյանը պարզաբանում է՝ կան հաստատված ոլորտներ, որտեղ կարելի է  օգտագործել  պետբյուջեից տրվող նպատակային գումարները․

«Սուբվենցիան կոնկրետ նպատակային հատկացում է, պետությունն ինքը կոնկրետ նշում է, թե որտեղ նպատակային կապիտալ ծախսեր անել՝ ճանապարհաշինությա՞ն մեջ, ջրագծեր ու բազմաբնակարան շենքեր կառուցելի՞ս թե մեկ այլ տեղ: Զենքի տողով հատկացումներ չկան»։

Սյունիքում իրականացվող սուբվենցիոն բոլոր ծրագրերն էլ կարևոր են ու ծավալուն: Հայկ Կարախանյանը 21-ից առանձնացնում է գյուղական բնակավայրերում ջրագծերի անցկացումը։ Աննախադեպ է Քաջարանի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագիրը, քանի որ Քաջարանում ձմեռը երեք ամսից երկար է ձգվում:  Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 700 մլն դրամ է, 25 տոկոսը տրամադրել է ՄԱԿ ի զարգացման ծրագիրը, մի մասն էլ՝ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատը։ 

Մեղրիի տարածաշրջանում այս տարի նախատեսված է 3 ծրագիր. Ագարակ քաղաքի փողոցների ասֆալտապատում եւ մայթերի բարեկարգում, Վանք–Կալեր կամուրջի վերակառուցում, Մեղրիում՝ խաղահրապարակի հիմնում,  քաղաքի բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում։ Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան։ «Մոտ երկու ամիս առաջ մասնագետները եկել էին վերելակների արդիականացման համար, բայց նպատակահարման չգտան, այդ շենքերի վերելակների խորշերը իրենց ստանդարտներին չեն համապատասախանում։ Կամ կփոխվի ծրագիրը, կամ այլ կազմակերպություն կգտնենք, որ կկարողանա արդիականցնել վերելակները»։

Տեղ սահմանամերձ համայնքի Խոզնավար եւ Խնածախ բնակավայրերում նախատեսված է ոռոգման ներքին ցանցերի կառուցում եւ վերանորոգում։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Ռադիոլուր»–ին տեղեկացրեց, որ շուտով կհայտարարվի մրցույթ, ու կսկսեն կառուցումը; Արդյո՞ք  Տեղ համայնքի աշխարհագրական դիրքը՝  Սեւ լճի  մերձակայքում, այսօրվա իրավիճակում կխանգարի ծրագրի իրականացմանը։ Ներսես Շադունցն ասում է՝ եթե այլ սպառնալիքներ չլինեն, ծրագրերը կարելի է հասցնել ավարտին: Տեղի ղեկավարը կարեւորում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը համայնքների համար։

«Նվիրած ձիու ատամները, ասում են՝ չեն հաշվում։ Հիմա կառավարությունը 60 տոկոսն է անում, 40 տոկոսը դու ես անում՝ լավ է։ Համայնքային բյուջեով չենք կարող դա անել։ Սուղ է տեղական բյուջեն»։

Մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծությունների բաժնի պետ Հայկ Կարախանյանը համակարծիք է: Ասում է՝ սա լավ գործիքակազմ է համայնքներում կուտակված խնդիրները լուծելու համար․«2019թ–ին մարզի սուբվենցիոն ծրագրերի ծավալը կազմել է 2,5 մլրդ դրամ։ Պետությունը հատկացրել է 1,4 մլրդ,  այսինքն, 60 տոկոս։ 2020թ-ին ուրիշ պատկեր ենք ունեցել։  8, 3 մլրդ դրամի հաստատված սուբվենցիոն ծրագիր ենք ունեցել, պետության մասնաբաժինը եղել է 4,2 մլրդ դրմ, այսինքն, 50 տոկոսը: Իսկ 2021թ–ին 7,2 մլրդից 3,5 մլդը եղել է պետության մասնաբաժինը, այսինքն, 30 տոկոսը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքները կարողանում են խնայողություններ անել, գումարներ գտնել բերել՝ հիմնախնդիրները լուծելու համար»։

Հայկ Կարախանյանը վստահ է՝ այս տեմպերով  շարունակելու դեպքում, մի քանի տարի հետո, Սյունիքի համայնքներում կենսական նշանակության խնդիրները հիմնականում լուծված կլինեն։