«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քոչարյանը չի վստահում Սերժ Սարգսյանին.. նրանք կարող են հայտնվել Ազգային ժողովում, բայց ոչ իշխանության տեսքով. Արմեն Վարդանյան

03/05/2021

General News լրատվականը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը՝ դաշինք կազմելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ: Ձեր կարծիքով ի՞նչ հնարավորություններ ունի այս դաշինքը:

-Այս  միավորումն ունի որոշակի հնարավորություններ՝ հաղթահարելու 4 տոկոսանոց շեմը և անցնելու Ազգային ժողով: Պետք է հաշվի առնենք, որ և՛ Հանրապետական կուսակցությունը և՛ Արթուր Վանեցյանը տիրապետում են  հսկայական ֆինանսական ռեսուրսների: Ամեն ինչ կախված է գրագետ քարոզարշավից: Եթե գրագետ քարոզարշավ իրականացվի, նրանք որոշակի հնարավորություններ կունենա՝ անցնելու Ազգային ժողով: Բայց ես չեմ կարծում, որ նրանք կարող են հավակնել ավելիին՝ իշխանության գալուն: Լավագույն դեպքում կարող են հավակնել անցողիկ շեմը հաղթահարելուն ու Ազգային ժողովում հայտնվելուն:

-Արդյոք սրանից հետևում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրար հակադրվում են:

-Փաստացիորեն այդպես է ստացվում: Ավելի  տրամաբանական կլիներ,եթե Քոչարյանը Հանրապետական կուսակցության հետ գնար ընտրությունների: Նրա կառավարման տաս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը եղել է նրա հիմնական քաղաքական հենարանն Ազգային ժողովում և նրա հետ աշխատած հինգ վարչապետերից երեքը եղել են հենց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Այսինքն՝ ավելի տրամաբանական կլիներ գնալ Հանրապետականի հետ, բայց հավանաբար փոխադարձ անվստահություն կա: Քոչարյանը չի վստահում Սերժ Սարգսյանին և հենց դրանով է  պայմանավորված, որ նա այլ քաղաքական ուժերրի հետ է գնում Ազգային ժողովի ընտրությունների:

-Ձեր դիտարկմամբ՝ այդ ուժերից մեկը կլինի Դաշնակությունը՞:

-Այո՛, Դաշնակցությունը և ևս մեկ կամ երկու կուսակցություն:

-Այս պահի դրությամբ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի հնարավորություններն են ավելի մեծ:

-Կարծում եմ՝ Քոչարյանի: Եթե  ճիշտ են մամուլի այն հրապարակումները, որ նա նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ է գնալու ընտրությունների, ապա նրա հնարավորություններն ավելի մեծանում են: Վահե Հակոբյանը այս պահին կարողացել է  Սյունիքում ահռելի մեծ ռեսուրսներ ստեղծել՝ Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները  կա՛մ նրա կուսակցության անդամ են կա՛մ համակիր: Խոսքս՝ Կապանի, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, Մեղրիի ու այլ համայնքների ղեկավարների մասին է: Իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքների, նաև Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատի ռեսուրսները ուղղվելու են այդ դաշինքին: իսկ դա կնշանակի, որ  այդ մարզում արդեն  իսկ մեծ տվյալներ ապահովելու հնարավորություն կա: Դաշնակցության մասով կարող եմ ասել, որ այն Հայաստանի ամենակայացած կուսակցություններից մեկն է: Բոլոր քաղաքներում Դաշնակցությունն ունի կառույցներ, ու դա կնպաստի, որ նրանք  ձայներ հավաքեն: Ինքը՝ Քոչարյանն էլ ահռելի մեծ ֆինանասական  միջոցներ ունի: Ու եթե հաշվի առնենք այս բոլոր գործոնների համագումարը, ապա կարծում եմ՝ Քոչարյանի հնարավորություններն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանինը:

-Բայց դա նույնպես չի ենթադրում՝ իշխանություն վերցնել:

-Ես չեմ կարծում, որ նա գա իշխանության, բայց  ընդդիմության տեսքով Ազգային ժողովում կարող է ծանրակշիռ ներկայություն ունենալ:

-Իսկ  իշխանությունը միայնակ կարո՞ղ է 50+1 տոկոս ունենալ:

-Կարծում եմ՝ իշխանությունը չի հաղթահարի 50+1 տոկոսը, բայց իշխանությունը ունի նաև Պլան Բ: Իրենք կփորձեն  այնպես անել, որ Ազգային ժողովում հայտնվեն կուսակցություններ, որոնք  բարեհաճ են տրամադրված իշխանության նկատմամբ:Կարող են այդ կուսակցությունների հետ դաշինք կազմել:Այնպես որ հենց այս ուղղությամբ էլ աշխատում է իշխանությանը: Մենք տեսնում ենք, որ իշխանության շատ ներկայացուցիչներ բացահայտ որոշ ընդդիմադիր կուսացկությունների փիարով են զբաղված:

-Զրույցի ընթացքում խոսեցինք այն ուժերի մասին, որոնք իրենց արևմտամետ գործունեությամբ աչքի չեն ընկել: Հույս կար, որ այս խորհրդարանում արևմտամետ ընտրազանգվածի տրամադրությունները կներկայացնի  ԼՀԿ-ն, բայց դա մեծամասամբ տեղի չունեցավ: Կարծում եք՝ այս խորհրդարանում այդպիսի ուժ կլինի՞:

-Կարող է լինի, բայց պետք է իրատես լինենք ու  հասկանանք, որ այս պահին Հայաստանում չկա այնպիսի ընդգծված արևմտամետ ուժ, որը կարող է ահռելի մեծ ներկայացվածություն ունենալ Ազգային ժողովում: Կարող է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, որն այո՛ իրապես արևմտամետ ուժ է: Բայց դա չի լինի ծանրակշիռ ներկայացվածություն:

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյանը