«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դիվանագետ. «Մի քանի տարի գտնվելու ենք լուրջ տարածաշրջանային ցնցումների էպիկենտրոնում»

10/04/2021

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հարցազրույցը hetq.am-ին.
-Պարոն Մելիքյան, վերջին շաբաթներին Դոնբասում իրավիճակը սրվել է։ Անկախություն հռչակած եւ Ռուսաստանի աջակցությունը վայելող երկու հանրապետությունները՝ մի կողմից, իսկ պաշտոնական Կիեւը՝ մյուս կողմից, միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում։ Փորձագետները խոսում են ղարաբաղյան սցենարը Դոնբաս տեղափոխելու Կիեւի մտադրության մասին, որը զինված է նաեւ թուրքական ԱԹՍ-ներով։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Դոնբասում։ Արդյոք ներկա լարվածությունը կվերաճի ռազմական մեծամասշտաբ գործողությունների։
-Կարծում եմ, որ առաջիկա չորս-հինգ ամիսների ընթացքում ուկրաինական զինուժի եւ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զորամիավորումների շփման գծի երկայնքով լարվածությունն աստիճանաբար կաճի: Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն առկա է, սակայն ամեն բան կախված կլինի նրանից, թե Կիեւն ինչպիսի աջակցության երաշխիքներ կստանա իր արեւմտյան գործընկերներից:
Քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ կարող է խնդիր դրվել ՌԴ-ին անմիջականորեն ներքաշել պատերազմական գործողությունների մեջ այն հաշվարկով, որ վերջինս ճանաչվի հակամարտության կողմ: Եթե այդպիսի ծրագիր գործի դրվի, ապա տրամաբանական կլինի, որ ինքնահռչակ հանրապետությունների բանակային ստորաբաժանումները փորձ անեն նախ առաջ շարժվել Մարիուպոլի ուղղությամբ՝ Ղրիմի հետ ուղիղ ցամաքային միջանցք բացելու նպատակադրմամբ: Դրան զուգահեռ՝ ՌԴ-ի՝ պատերազմական գործողություններին անթաքույց մասնակցությունն այլեւս հնարավոր կդարձնի նաեւ Ղրիմում տեղակայված ռուսական զինուժի շարժը Օդեսայի ուղղությամբ: Եթե իրադարձությունները զարգանան այս սցենարով, ապա ռուսների հաջողության դեպքում պաշտոնական Կիեւն այլեւս չի ունենա ելք դեպի Սեւ ծով:
-Ուկրաինան մեծ ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ից եւ հատկապես ԱՄՆ-ից, որի նախագահ Բայդենը հայտնել է իր աջակցությունը Կիեւին։ Այդուհանդերձ, կորոնավիրուսի համավարակի եւ աշխարհաքաղաքական ոչ կայուն իրավիճակի պայմաններում Արեւմուտքը կներքաշվի՞ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ հանուն Ուկրաինայի, թե՞ ամեն դեպքում կբավարարվի հակառուսական պատժամիջոցների նոր ալիքով։
-Պարտադիր չէ, որ ԱՄՆ-ն անմիջականորեն ներքաշվի պատերազմի մեջ, ինչպես դա արեց Թուրքիան վերջին Արցախյան պատերազմի ժամանակ: Դրա փոխարեն Վաշինգտոնը կարող է մեծածավալ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Կորոնավիրուսի համավարակն էլ ոչ թե խոչընդոտ է պատերազմներ վարելու համար, այլ ընդհակառակը՝ կարող է լրացուցիչ հաղթաթուղթ դառնալ պատերազմ նախաձեռնող կողմի ձեռքին:
-Դոնբասում տեղի ունեցողն ու Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ հակամարտության ներկա փուլի վրա՝ հաշվի առնելով, որ Մինսկի խումբը կա, բայց դրան զուգահեռ շատ ավելի ակտիվ գործում է նոր եռակողմ ձեւաչափը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ինչպիսի՞ն է Արեւմուտքի վերաբերմունքը եւ մասնակցությունը այս ձեւաչափով ընդունված որոշումների իրագործմանը, արդյոք ԱՄՆ-ն ու Եվրոպան ամբողջությամբ դուրս են մղված գործընթացից։
-Արեւմուտքի շահերն Ուկրաինայում միասնական չեն, եւ, օրինակ, Ֆրանսիան ու Գերմանիան, ըստ իս, այնտեղ շահագրգռված չեն իրավիճակի սրմամբ ու այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Այստեղ հակառուսական ճակատ ձեւավորելու հարցում առաջատար դեր են կատարում Լեհաստանն ու Մերձբալթիկայի հանրապետությունները, մինչդեռ Արցախի պարագայում Եվրոպան հանդես է գալիս առավելապես միասնական դիրքերից՝ աշխատում է առճակատման չգնալ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ:
-Նախորդ նոյեմբերին՝ հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո, մեզ հետ զրույցում ասել էիք, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում մեր ողջ տարածաշրջանը հավանաբար կգտնվի արաբական գարունով սկզբնավորված եւ դեպի արեւելք շարժվող բռնության ալիքի գործողության էպիկենտրոնում։ Անցած 4 ամիսների ընթացքում Ձեր այս կանխատեսումն ի՞նչ դրսեւորում է ստացել իրական կյանքում։ Եվ առհասարակ Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի այդ ալիքից անվնաս կամ նվազագույն վնասով դուրս գալու համար։
-Առայժմ կարող ենք արձանագրել, որ մեր տարածաշրջանում՝ հիմնականում ՀՀ սահմանների մոտակայքում, նկատելի է տարբեր պետությունների զինված ուժերի ու զինտեխնիկայի աստիճանական կուտակում. Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը գնալով ավելացնում են իրենց ռազմական ներկայությունն այստեղ:
Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կարող են ակտիվանալ անջատողական շարժումները Իրաքի, Իրանի եւ նույն Թուրքիայի տարածքներում, ինչը կծառայի որպես տարածաշրջանի ռազմաքաղաքական ապակայունացումը խթանող ու խորացնող կարեւոր գործոն: Մենք, ամեն դեպքում, պետք է գիտակցենք, որ մի քանի տարի գտնվելու ենք լուրջ տարածաշրջանային ցնցումների էպիկենտրոնում, իսկ սեփական անվտանգությունն ու խաղաղ կյանքն ապահովելու համար պետք է կարողանանք ձեւավորել էքստրեմալ պայմաններում կառավարման հմտություններին լիարժեք տիրապետող ազգային իշխանություն: