«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Guardian-ի հետաքննությունը. Ադրբեջանը Ֆեյսբուքի միջոցով ճնշում է քաղաքացիներին

14/04/2021

Բրիտանական The Guardian-ի հետաքննության արդյունքները վկայում են, որ Facebook սոցիալական ցանցը բազմիցս թույլ է տվել աշխարհի առաջնորդներին եւ քաղաքական գործիչներին օգտագործել իր պլատֆորմը հասարակությանը խաբելու կամ հակառակորդներին հետապնդելու համար:Այս մասին գրում է mediamax.am-ը:

«Ֆեյսբուքի սողանքը, որը թույլ է տալիս աշխարհի առաջնորդներին խաբել եւ հետապնդել իրենց քաղաքացիներին» հոդվածում ասվում է, որ The Guardian-ը ուսումնասիրել է Facebook-ի ներքին փաստաթղթերի մեծ քանակ: Դրա շնորհիվ լրագրողները տեղեկացել են, թե ինչպես է ընկերությունը վերաբերվել 25 երկրներում տեղի ունեցած  քաղաքական մանիպուլյատիվ վարքի 30 դեպքերին, որոնք հայտնաբերվել են ընկերության աշխատակիցների կողմից:

«Մարդկանց մեծ վնաս է պատճառվում Facebook-ում, որին չեն արձագանքում, քանի որ դա չի համարվում բավարար PR-ռիսկ հենց Facebook-ի համար», - ասել է ընկերության տվյալների վերլուծությունների նախկին մասնագետ Սոֆի Չժանը:

Հոդվածում ասվում է, որ «սողանքը բաց է մնացել, եւ, ամենայն հավանականությամբ, այժմ այն օգտագործվում է Ադրբեջանի իշխող կուսակցության կողմից՝ Facebook–ում անկախ լրատվամիջոցների եւ Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների էջերում միլիոնավոր վիրավորական մեկնաբանություններ թողնելու համար»:

The Guardian-ը բերել է կոնկրետ օրինակ եւ ներկայացրել է Azad Soz պարբերականի ֆեյսբուքյան էջի նյութը երկու ակտիվիստների մասին, որոնք Ադրբեջանում դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման քաղաքական գործիչների հասցեին քննադատական մեկնաբանություններ անելու համար:

Այդ գրառման տակ ավելի քան հազար մեկնաբանություն կա, որոնց մեծ մասը աջակցում է Ադրբեջանի իշխանություններին: Սակայն մեկնաբանների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը իրական օգտատերեր չեն:

The Guardian-ի հոդվածում նաեւ ասվում է, որ «Ադրբեջանը ավտորիտար երկիր է, որտեղ չկա մամուլի ազատություն եւ ազատ ընտրություններ» եւ նշվում է, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունը չի արձագանքել իրենց հարցմանը:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Facebook-ը պաշտոնապես հայտարարել էր 589 օգտահաշիվների (account), 7906 էջերի եւ 447 Ինստագրամի օգտահաշվների փակման մասին:

«Այս ցանցը ստեղծվել էր Ադրբեջանում, եւ նրա հիմնական նպատակը ներքին լսարանն էր», - ասված էր հաղորդագրության մեջ: Facebook-ի հետաքննությունը պարզեց, որ ցանցը կապված է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ: Ցանցում ներգրավված հաշիվներն ու էջերը քարոզչություն էին անցկացնում հօգուտ Ադրբեջանի նախագահի եւ իշխող կուսակցության, մեղադրում ընդդիմությանը եւ նրա առաջնորդներին պետական դավաճանության մեջ եւ հերքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: