«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը․ Արման Թաթոյանի, Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարություն

08/12/2021

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկունցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: 

Բարձրաստիճան  պաշտոնյաներին խստիվ  հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների: 

Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Սիրանուշ Սահակյան
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան
Արտակ Զեյնալյան
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան