«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս խաղաղապահների առաքելությունը կավարտվի՝ միայն եթե հակամարտության կարգավորում լինի․ Բաբայանի պատասխանը Հաջիևին

08/09/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

–Պարոն Բաբայան, Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են։ Ձեր կարծիքով նմանատիպ հայտարարություններն ի՞նչ նպատակ ունեն, ի՞նչ քայլերի է ընդունակ Բաքուն։

–Իրենք իրենց ոճն ունեն ու միշտ նմանատիպ հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք դրան, շատ զուսպ ու հանգիստ։ Ռուս խաղաղապահներն իհարկե իրականացնում են շատ կարևոր աշխատանք, բայց խաղաղապահ առաքելությունը հնարավոր կլինի համարել ավարտված՝ միայն եթե հակամարտության համապարփակ կարգավորում լինի։ Եթե Ադրբեջանը պատրաստ է համապարփակ կարգավորման, այսինքն ճանաչել նաև Արցախի անկախությունը ու դա պատրաստ է անել մինչև 2025 թիվը, դա այլ հարց է։ Եթե պատրաստ չէ, ուրեմն հակամարտության կարգավորումը կհետաձգվի՝ իր բոլոր հետևանքներով

-Նմանատիպ հայտարարությունները կարո՞ղ ենք դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման տիրույթում։

-Վերջերս մենք Ադրբեջանում տեսնում ենք հակառուսական տարբեր ալիքներ։ Սա իհարկե նորություն չէ, մնացածն ընթացքում կերևա։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է շատ խելացի ու ճիշտ քաղաքականություն վարենք։

-Կարծում եք՝ անհրաժե՞շտ է, որ հինգ տարի հետո երկարացվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը։

-Եթե հակամարտությունը կարգավորված չլինի, պայթյունավտանգ իրավիճակ լինի, նոր խնդիրներ լինեն՝ բնականաբար անհրաժեշտ կլինի։ Ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը կախված է նրանից, թե արդյոք հնարավոր է լինելու կարգավորել հակամարտությունն այն ժամանակահատվածում, որում որ նախատեսված է։

-ԵԱՀԿ Մինսկի խումբը ռուս նոր համանախագահ ունի։ Նա հանդիպումներ է ունեցել Երևանում ու Արցախում։ Ի՞նչ եք կարծում՝ անձերի փոփոխությունից ինչ-որ բան կախվա՞ծ է։

-Ես նույնպես հանդիպել եմ նոր համանախագահի հետ։ Բարձր պրոֆեսիոնալ է, ճանապարհ անցած, փորձառու։ Սա շատ կարևոր է ու ցույց է տալիս նաև, որ կա հերթափոխ և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Նոր համանախագահի նշանակումը ցույց է տալիս Մինսկի խմբի կարևորությունն ու եռանախագահության աշխատանքի շարունակականության անհրաժեշտությունը։ Ես միանշանակ սա դրական եմ համարում։