«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ռազմածովային նավատորմի ևս երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

19/01/2022

Ռուսաստանի երեք մեծ դեսանտային նավերից (ՄԴՆ) բաղկացած ևս մեկ խումբ, անցնելով Մեծ Բելտ նեղուցը, Բալթիկ ծովից անցել է Հյուսիսային ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է Dagens Nyheter հրատարակությանը: Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Յոնաս Օլսոնի խոսքերով՝ նավերը նեղուցով անցել են հունվարի 18-ին:

«Դրանք դուրս են եկել ցերեկը՝ անցնելով Մեծ Բելտ նեղուցի վրայով անցնող կամրջի տակով: Յոնաս Օլսոնը նշել է, որ Բալթիկ ծովում գտնվող Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բոլոր վեց նավերն այժմ հեռացել են նրա ջրատարածքից: Ինչպես հայտնել է Շվեդիայի զինված ուժերի համատեղ գործողությունների վարչության պետ գեներալ-լեյտենանտ Մայքլ Քլայեսոնը, հունվարի 17-ին Բալթիկ ծովից նաև դուրս են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ևս երեք մեծ դեսանտային նավեր: Sveriges Radio-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ռուսական դեսանտային նավերը Բալթիկ ծովից դուրս են եկել բեռով: Դրա հետ մեկտեղ գեներալը նշել է, որ դրանց արշավի նշանակետը հայտնի չէ:

Մինչդեռ սոցիալական ցանցերում հայտնվել են ռուսական նավերի լուսանկարներ, որոնք հունվարի 18-ին անցել են դանիական նեղուցները: Դիտորդները պնդում են, որ դրանք եղել են «Օլենեգորսկիյ գորնյակ», «Գեորգի Պոբեդոնոսեց» և «Պյոտր Մորգունով» նավերը, որոնք ավելի վաղ Բալթիկ ծով էին եկել Հյուսիսային նավատորմից: Երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, ռուսական երեք ՄԴՆ-ի անցումը գրանցել է վեբ խցիկը, որը տեղադրված է Մեծ Բելտ նեղուցի վրայով անցնող կամրջին, և որը միացնում է Ֆյուն և Զելանդիա դանիական կղզիները: Նրանց թվում եղել են «Կորոլյով», «Մինսկ» և «Կալինինգրադ» նավերը: Այդ բոլորը ՄԴՆ են, որոնք ներկայումս գտնվում են Բալթյան նավատորմի կազմում: Ռուսական բոլոր մեծ դեսանտային նավերի տեղաշարժմանը երկու օր շարունակ հետևել են Դանիայի ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: