«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սովետական գործելաոճ

14/04/2021

ՀՀ կառավարության 49 նիստերից 3-ի դեպքում քննարկվել է մեկ հարց, իսկ 3-ի դեպքում՝ մինչև 5 հարց: Կառավարության մնացած բոլոր նիստերի ժամանակ քննարկվել են առնվազն 20 հարց: Ամենից հաճախ քննարկվել է կամ 20-29 հարց (10 դեպք), կամ 30-39 հարց (14 դեպք): Հինգ դեպքում քննարկվել է 60-69 հարց, իսկ մեկ դեպքում՝ 74:

chart69754.jpg (24 KB)

Եթե մինչև 5 հարցի քննարկման համար հավաքված վեց նիստերի ընթացքում քննարկված որոշումների քանակն անտեսենք, ապա ստացվում է, որ մնացած 43 նիստերի ընթացքում միջին հաշվով քննարկվել է 41 հարց: Վերևում արդեն նշել եմ, որ այսպես կոչված «գրավոր» ընթացակարգով քննարկվել է 471 հարց, կամ կառավարության կողմից ընդունված որոշումների մեկ հինգերորդը: Այսինքն, այս որոշումները «նորմալ» ընթացակարգով քննարկելու համար հարկավոր էր կազմակերպել ՀՀ կառավարության լրացուցիչ մոտավորապես 11-12 նիստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության մեծամասնությունը չի կարևորում «գրավոր» ընթացակարգով կայացվող որոշումները և չի մշտադիտարկում դրանք, այլ կենտրոնանում է հինգշաբթի օրերին կայացող նիստերի վրա, նշանակում է 11-12 նիստերի չհրապարակված օրակարգեր, հանրությանը չներկայացված նախագծեր և հիմնավորումներ:
Սա նշանակում է ոչ բաց, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու, անպատասխանատու և ոչ ներառական գործելոճ:
Ստորև ներկայացված պատկերում նշված են նիստերին ներկայացվող հարցերի քանակները: Մեկ երկու բացառությամբ ամսվա վերջին կառավարության հերթական նիստերում քննարկված հարցերի քանակն ավելի շատ է, քան ամսվա սկզբի նիստերում կայացած նիստերի ժամանակ քննարկված հարցերի քանակը:

chart21479.jpg (63 KB)

Մեծ թվով հարցերի անդրադարձող նիստերից 3-ը տեղի են ունեցել նոյեմբերի վերջից մինչև տարվա վերջ: Սովետական տարիներին, ղեկավարության կողմից աշխատանքային կոլեկտիվների առջև դրված խնդիրները լուծելու համար տարվա վերջին աշխատանքային օրերին շատ էին աշխատում: Պլանի կատարումը պարտադիր էր: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ևս պլան ունի կատարելու և քանի որ տարվա ընթացքում լավ չի աշխատել, փորձել է դա կոմպենսացնել տարեվերջյան պոռթկումով:
Ըստ նախարարությունների և գերատեսչությունների հարցերի ներկայացման հսկայական տարբերություններ կան:

chart4687.jpg (199 KB)

Դեռ 2019թ. փետրվարին կարծիք էի հայտնել, որ նախարարությունների միացման արդյունքում սիներգիա չի առաջանում, այսինքն միացած նախարարություններն ավելի շատ արդյունք չեն կարող ստեղծել, քան կստեղծեին այդ միասնական նախարարության մաս կազմող նախարարություններն ու գերատեսչություններն առանձին առանձին: Այսինքն այդ միաձուլումը կրում է զուտ մեխանիկական և տեխնիկական բնույթ: Այդ տեխնիկական միացման պատկերը երևում է նախարարությունների կողմից ներկայացված հարցերի և զեկուցված հարցերի թվաքանակում:
Ամենից շատ հարց ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ ՏԿԵՆ), սակայն «զեկուցված» հարցերի տեսակարար կշիռը շատ փոքր է: ՏԿԵՆ-ը երեք անգամ ավելի շատ հարց է ներկայացրել քան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ ԱՍՀՆ), սակայն ԱՍՀՆ-ն ավելի շատ հարց է «զեկուցել»: Եթե ՏԿԵՆ-ը այլ փաստարկներ չներկայացնի, կարելի է ենթադրել, որ ԱՍՀՆ-ն ոլորտի քաղաքականություններին վերաբերող ավելի շատ հարցեր է ներկայացրել, որոնք քննարկման կարիք են ունեցել, այն դեպքում, երբ ՏԿԵՆ կողմից ներկայացված հարցերն ավելի տեխնիկական բնույթի են եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍՆ) չնայած պատասխանատվություն է կրում մեծ թվով ոլորտներում պետական քաղաքականության համար, սակայն ընդամենը 145 հարց է ներկայացրել կառավարության նիստերին, որոնցից  «զեկուցվելու» պատվին են արժանացել ընդամենը 13-ը: Այլ կերպ ասած ԿԳՄՍ նախարարը հարց է զեկուցել մոտավորապես յուրաքանչյուր 4-րդ նիստի ժամանակ: Հավանաբար ԿԳՄՍ կողմից դիտարկվող ոլորտներում ամեն ինչ լավ է և կառավարության կողմից ոլորտների քաղաքականությունները քննարկելու կարիք չի եղել և չկա: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ՝ ԱԻՆ), ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (այսուհետ՝ ԲՏԱ) և ՀՀ արտաքին գործերի (այսուհետ՝ ԱԳՆ) նախարարությունները ներկայացրել են համապատասխանաբար 42, 36, 31 և 25 հարց, որոնցից զեկուցվել են համապատասխանաբար 0-ն, 5-ը, 5-ը և 1-ը: Այսինքն, վարչապետը և այս ոլորտների համար պատասխանատու նախարարները կարծել են, որ այս ոլորտներում տարվող պետական քաղաքականությունների հետ կապված այնքան քիչ որոշումներ ընդունելու կարիք կա և դրանց առումով ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ շաբաթը մեկ հարց չեն ներկայացրել քննարկման, իսկ «զեկուցելու» գործ կամ ընդհանրապես չեն ունեցել, կամ 2-3 ամիսը մեկ անգամ:
hetq.am