
Հայտնի է, թե որ երկիրը կարող է փոխարինել ռուսներին Գյումրու բազայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալուց հետո Գյումրու ռազմաբազայում, որտեղ ներկայումս ծառայում են Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, կհայտնվեն ֆրանսիացի զինվորականներ․ NEWS.ru-ի հետ զրույցում հայտնել է «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։
Նա վստահ է, որ Փարիզը հետաքրքրված է Հարավային Կովկասում ներկայություն ունենալով։
Նրա խոսքով՝ մինչ այժմ հարցը սահմանափակվել է Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումներով՝ առանց անվտանգության երաշխիքների։ Սակայն ցանկացած պահի, որը Երևանի համար նախընտրելի կլինի, Հայաստանը կարող է օրինականորեն դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եվ այդ ժամանակ ֆրանսիացի զինվորները կհայտնվեն Գյումրու ռազմաբազայում։
Ինչպես նշել է փորձագետը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է կատարել վերազինման վրա՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի հաշվին։ Փարիզն ու Երևանը համաձայնության են եկել, որի Ֆրանսիան Հայաստանի համար կստեղծի համապարփակ հակաօդային պաշտպանության համակարգ։
Անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը համարում է, որ Հայաստանը դադարեցրել է Ռուսաստանից զենք գնելը և սկսել է այն գնել Հնդկաստանից և Ֆրանսիայից՝ քաղաքական կուրսի փոփոխության պատճառով։ Նրա խոսքով՝ Երևանը փաստացի դադարել է ՀԱՊԿ անդամ լինելուց։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ երկրների միջև համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և վերջնականապես մշակված։