«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական կողմը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեր և հարցրեր առաջ քաշեր Պուտին-Բայդեն հանդիպման օրակարգում. Սուրեն Սարգսյան

17/06/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպեցին Ժնևում։
ArmDaily.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այս հանդիպումից մեծ սպասելիքներ չուներ։
«Ես առանձնապես մեծ սպասելիքներ չունեի հանդիպումից, որովհետև հասկանալի է, որ երկու գերտերությունների ղեկավարներ են հանդիպում, օրակարգում հարյուրավոր հարցեր ունեն քննարկելու։
Իհարկե ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին առ այն, որ քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց դեռևս տեղեկատվություն չկա լրատվական դաշտում, թե արդյոք քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը և դրա վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ո՛չ Բայդենը, ո՛չ էլ Պուտինը չեն անդրադարձել։ Հիմա հստակ տեղեկություններ չունենք, ինչպես են խոսել, ինչպես են քննարկել, արդյոք ընդհանրապես քննարկել են թե ոչ։ Համենայնդեպս, ռուսական մամուլում կային տեղեկություններ, որ հարցը քննարկվել է»,-ասաց Սարգսյանը։
Միջազգայնագետը նշեց, որ սպասելիքներ չունի, քանի որ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ լիներ, առիթից օգտվեր, նաև կարողանար երկու երկրների ղեկավարների հանդիպման բացառիկ հնարավորությունից ինչ-որ օգուտներ քաղել, բայց ցավոք մենք նման հնարավորություններ չունենք, դիվանագիտություն չունենք՝ դրա համար էլ վիճակը հենց այսպիսինն է։
«Եթե մեզ համար սա կարևոր հարց էր, կարևոր հանդիպում էր, ապա մենք ինքներս մեր գործընկերների միջոցով կարող էինք օրակարգային հարցեր քննարկել և խնդրեինք, որպեսզի մեր գործընկերները անդրադառնային, քննարկեին, բայց բնականաբար մեր նախաձեռնությամբ, բայց ինչպես հասկանում եմ որևէ նախաձեռնողականություն մեր կողմից չի եղել»,- նկատեց Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններին, Սարգսյանը նշում է, որ չի կարծում, թե ինչ-որ առաջընթաց արձանագրվի։
Միջազգայնագետը շեշտում է, որ խնդիրներ կան երկու երկրների հարաբերություններում, որոնք կարող են ընդհանուր շահերի տեսանկյունից համագործակցության առումով լինել, որովհետև կան մեծ հակասություններ այդ երկու գերտերությունների միջև, բայց և կան ընդհանուր շահեր, ընդհանուր պատասխանատվության ընկալում համաշխարհային գործընթացների վերաբերյալ երկու երկրների բացառիկ ազդեցության առումով։
«Իհարկե խնդիրները չեն հարթվելու՝ երկու կողմերի համար էլ սկզբունքային դիրքորոշումներին վերաբերող խնդիրներ են, բայց կան ոլորտներ, որտեղ համագործակցությունը հնարավոր է և հույս ունենանք, որ այդ համագործակցությունը օգտակար կլինի բոլոր կողմերի համար՝ այդ թվում նաև Հայաստանի համար, եթե մենք կարողանանք նրանց ընդհանուր շահերի կոնտեքստում տեղավորել մեր շահերը»,-նկատեց Սարգսյանը։
Անդրադառնալով երկու գերտերությունների փոխհարաբերություններին Թուրքիայի հետ, արդյոք նրանց տեսակետը համընկնում է Թուրքիայի վերաբերյալ մեր հարցին, Սուրեն Սարգսյանն ասաց, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, չնայած այս երկու երկրների միջև հարաբերությունները ապրում են ամենաբարդ շրջափուլերից մեկը։
«Թուրքիան ռազմավարական դաշնակից է Միացյալ Նահանգների համար, չնայած հիմա բավականին վատ են այս երկու պետությունների հարաբերությունները։ Ռուսաստանի համար էլ Թուրքիան մրցակից պետություն և լուրջ մրցակից պետություն է, ինքնուրույն խաղացող է։
Այնպես չէ, որ Թուրքիան իրենցից կախված է՝ երկուսի հետ էլ խաղում է և բավականին պրոֆեսիոնալ է խաղում՝ հմուտ դիվանագիտության կիրառմամբ»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։