Այսպես կոչված «հրեական գործոնի» մասին. Աշոտ Ներսիսյան
Իրանական պատերազմի ֆոնին Հայաստանում, կարծես, կրկին ակտիվացել են հակահրեական (անտիսեմիտական) տրամադրությունները։ Այս պայմաններում կարևոր է հասկանալ՝ որտեղի՞ց են գալիս դրանք և որքանո՞վ են հիմնավորված։
Ընդհանուր առմամբ, թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում հաճախ ուռճացվում է «հրեական գործոնը»՝ այն պատկերացումը, թե համաշխարհային գրեթե բոլոր ռազմաքաղաքական գործընթացների հետևում հրեաներն են։ Իրականում այս մոտեցումը չափազանցված է և հաճախ՝ մակերեսային։
Հայ իրականության մեջ հակահրեականության որոշ շերտեր, անկասկած, ձևավորվել են նաև ռուսական ազդեցության ներքո։ Խորհրդային շրջանում հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքը, այս կամ այն կերպ, ներթափանցել էր նաև գաղափարական դաշտ։ Օրինակ՝ շրջանառվում էին չհիմնավորված թեզեր այն մասին, թե իբր երիտթուրքերի ղեկավարության մեջ հրեական տարրն է վճռորոշ դեր խաղացել։ Այսպիսի մոտեցումները, չնայած իրենց թույլ հիմնավորվածությանը, մինչև օրս ամբողջությամբ դուրս չեն եկել շրջանառությունից։
Նույնը կարելի է տեսնել նաև ներհայաստանյան քաղաքական պայքարում, երբ տարբեր գործիչների կամ ուժերի հասցեին հնչեցվել են «հրեական հետքի» կամ «մասոնական կապերի» մեղադրանքներ։ Այս ամենը, որպես կանոն, ավելի շատ հույզերի, քան փաստերի վրա հիմնված մեկնաբանություններ են։
Մինչդեռ պարզ իրողություն է՝ խոշոր տերությունները առաջնորդվում են իրենց շահերով, որոնք ոչ միշտ և ոչ պարտադիր համընկնում են որևէ մեկ ազգի կամ խմբի շահերի հետ։ Սակայն նույնիսկ այդ պարագայում հաճախ մեղադրանքի թիրախ է դառնում «հրեական գործոնը»։
44-օրյա պատերազմից հետո հակահրեական տրամադրությունները Հայաստանում նոր թափ ստացան՝ կապված Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված զինատեսակների հետ։ Սակայն այստեղ ևս անհրաժեշտ է սառը դատողություն․ խոսքը պետական շահերի շրջանակում իրականացվող ռազմատեխնիկական համագործակցության մասին է, ոչ թե «հատուկ հակահայկական ծրագրի»։
Եթե տարբեր երկրներ՝ լինի Ռուսաստանը, Թուրքիան կամ Իսրայելը, զենք են վաճառում Ադրբեջանին, ապա հարցը առաջին հերթին պետք է դիտարկել մեր սեփական պետական կարողությունների և քաղաքական հաշվարկների համատեքստում, այլ ոչ թե տեղափոխել հուզական մեղադրանքների դաշտ։
Այսօր, իրանական զարգացումների ֆոնին, նկատելի է հակահրեականության նոր սրացում՝ երբեմն ուղեկցվող «կորչի սիոնիզմը» կարգախոսներով։ Ոմանք նույնիսկ բացահայտ համակրանք են դրսևորում Իրանի գործողությունների նկատմամբ՝ առաջնորդվելով «մեր բարեկամի թշնամին՝ մեր թշնամին է» պարզունակ բանաձևով։
Սակայն արժե ինքներս մեզ հարց տալ՝ ի՞նչ է իրականում արել Իրանը Հայաստանի համար այն չափով, որ արդարացնի նման միակողմանի վերաբերմունքը։ Արդյո՞ք նրա դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում միշտ համընկել է հայկական շահերի հետ։
Այս ամենի պայմաններում առավել կարևոր է խուսափել ծայրահեղություններից։ Հայաստանը չպետք է առաջնորդվի ոչ հակաիրանական, ոչ էլ հակահրեական դիրքորոշումներով։ Փոխարենը անհրաժեշտ է սառը վերլուծություն, շահերի հաշվարկ և, ինչու չէ, նաև սովորելու պատրաստակամություն։
Քանի որ, անկեղծ ասած, մենք դրա կարիքը ունենք։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ