«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի թռնչաբույծների միությունը պարզաբանել է, թե որքան կլինեն հավկիթի գներն առաջիկա 3 ամիսներին

17/09/2020

2020 թվականի առաջին կիսամյակը հաջող էր մսի եւ հավկիթի արտադրության մասով: Համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հավկիթի արտադրության աճը կազմել է 8%, իսկ թռչնամսի արտադրության աճը՝ 5%: Դա, իր հերթին, ազդել է սպառողական շուկայի վրա, եւ մսի ու հավկիթի գներն ինչ-որ պահի նվազել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը կորոնավիրուսի ֆոնին հայտարարել է պաշարների մեծացման նպատակով արտադրանքի պահանջարկի հնարավոր աճի մասին, եւ դա եղել է ոլորտի համար անսպասելի ցուցանիշների պատճառը: «Հավկիթի վերարտադրումը հանգեցրել է նրան, որ առաջին կիսամյակում արտադրանքը նույնիսկ արտահանվել է Ռուսաստան, ճիշտ է, ոչ մեծ խմբաքանակով՝ ընդամենը 5 բեռնատար: Եկամուտի վրա դա չի ազդել, այլ միայն թույլ է տվել ազատվել շուտ փչացող արտադրանքից: Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները՝ տնտեսություններն արդեն մի քանի ամիս է՝ չեն մեծացնում արտադրությունը»,-նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է հավկիթի գնի աճին, որն այժմ նկատվում է, Ստեփանյանը նշեց, որ դա ոչ թե բարձրացում է, այլ վերադարձ կայուն գներին: «Կան բոլոր նախադրյալներ, որ առաջիկա 2 ամիսներին կպահպանվեն կայուն գները: Գնաճ, հավանաբար, չի լինի, քանի որ արտադրողների մոտ մեծ պաշարներ են կուտակվել: Բացի այդ, դա շահավետ չէ: Ներմուծում եւս չի լինի: Արտադրության տեսանկյունից մեզ հաջողվել է ինքնաբավ դառնալ»,-հավելեց նա:   

Նրա խոսքերով՝ ցանկացած ոլորտում գների կայուն անկումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, քանի որ դա վկայում է առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության խախտման մասին, ինչը, իր հերթին, բերում է որակի անկման: Փորձագետը նկատեց, որ բնակչության իրական գնողունակությունը լրջորեն ընկել է, ինչը, բնականաբար, բերում է պահանջարկի անկման: «Սա, իր հերթին, բերում է նրան, որ արտադրության մի մասը չի իրացվում: Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա ունենք եւ արտադրության աճ, եւ բնակչության գնողունակության անկում: Եղել են ամիսներ, երբ հավկիթի գների նվազումը հասել է մինչեւ 25-28%-ի, իսկ մսինը` մինչեւ 15%-ի, բայց նույնիսկ այս գործոնները չեն կարողացել կանխել մսամթերքի իրացման մակարդակի անկումը (որոշ ամիսների ընթացքում 5-10%): Ինչ վերաբերում է կերերին, մենք դրանք ներմուծում ենք հիմնականում Ռուսաստանի հարավային շրջաններից: Օգոստոսին կերերի գները մի փոքր աճեցին, քանի որ հին խմբաքանակը վերջանում էր, իսկ նորը դեռ չէր եկել:

Հիմա գներն արդեն կայունացել են»,- ընդգծեց նա: Ըստ Ստեփանյանի, թռչնաբուծությունը համարվում է Հայաստանում անասնապահության ամենակարգապահ ոլորտներից մեկը` խիստ հակահամաճարակային եւ անասնաբուժասանիտարական պայմաններում աշխատանքի կազմակերպման տեսանկյունից, ուստի հաջողվեց արագ վերակազմակերպվել եւ խուսափել աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի մեծ աճից: «Անցյալ տարի դիտարկվեց այլ ձեռնարկությունների վերակազմավորում՝ թռչնամսի եւ հավկիթի արտադրության, երբ կառավարությունը որոշեց «էժան» վարկեր տրամադրել գյուղացիական տնտեսություններին: Այս տարի նման բան չկա, չնայած արտադրողները օգտվեցին հակաճգնաժամային աջակցության միջոցառումներից»,- եզրափակեց փորձագետը: